Ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն. Նրանցով կզբաղվեն ԱԱԾ-ն ու ռազմական հակահետախուզությունը. Նիկոլ Փաշինյան

101

lragir.am — Սյունիքի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում երբեք չի եղել Արցախի հարցում առավել պրոհայկական դիրքորոշում ունեցող կառավարություն, քան այսօր:

«Չնայած սրան, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք օրումեջ ասում են, որ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ։ Ես անընդհատ մտածում եմ՝ ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն առաջին հերթին իրենք։ Ու ես անընդհատ մտածում եմ՝ լավ, էս մարդիկ էս հայտարարությունները ինչի են անում, ու անկեղծ ասեմ, որեւէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը եւ էդ մարդիկ իրենց մոտալուտ, պոտենցիալ քաղաքական մահն արձանագրելով, որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ եւ այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային եւ անձնական շահերը։ Սա շատ լուրջ վարկած է, որովհետեւ ես չեմ կարողանում ուրիշ բացատրություն գտնել»։

Փաշինյանի կարծիքով ՝ այս հայտարարություններով արդեն պետք է զբաղվեն ԱԱԾ-ն եւ ռազմական հակահետախուզությունը։

«Ես կարծում եմ, որ այս ամենը դուրս է միայն արդեն քաղաքական հարթակներում քննարկելու տրամաբանությունից։ Եւ ես կարծում եմ, որ ահա իմ ասած վարկածի ստուգմամբ եւ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն Ազգային անվտանգության ծառայությունը եւ ռազմական հակահետախուզությունը, որովհետեւ ոմանք շատ վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն։ Եվ ես չեմ վախենում այս հայտարարություն անել եւ ուզում եմ ասել, որ այսօրվա Կառավարությունը եւ Հայաստանի ժողովուրդն ունեն  բավարար լծակներ, որպեսզի արմատախիլ անեն մեր զինված ուժերի թիկունքում քայքայիչ գործողություններ անելու փորձեր կատարող որոշ ուժերի։

Եթե որեւէ մեկը ժողովրդական հեղափոխությունը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված Կառավարությունը կփորձի կասկածել որեւէ հակազգային եւ որեւէ հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա ազդեցության գործակալներ լինելու մեջ», ըստ news.am-ի՝ նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Արցախի ժողովուրդը թույլ չի տա, որ որեւէ մեկը մանիպուլյացիաներ անելով ստեղծի տպավորություն, որ Հայաստանի եւ Արցախի մեջ կա որեւէ հակասություն։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache