Լրահոս

Որ դեպքում Ադրբեջանը կսկսի պատերազմը

 

Անցնող մի քանի շաբաթների ընթացքում շփման գծում իրավիճակը լարելու Ադրբեջանի հետեւողական քայլերի կապակցությամբ հնչող գնահատականների եւ հնարավոր առավել մասշտաբային ռազմական արկածախնդրության վերաբերյալ դիտարկումների շրջանակում հաճախ է հնչում գնահատական, թե Բաքուն պարտվում է դիվանագիտական ճակատում եւ փորձում է այդ պարտությունը փոխհատուցել շփման գծում լարվածությամբ:
Այդ գնահատականը մոտ է իրականությանը, որպես լարվածություն հրահրելու Բաքվի շարժառիթ: Բանն այն է, որ Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում օրակարգից հետին պլան մղել շփման գծում հրադադարի մեխանիզմի հաստատման հարցը, որը Ադրբեջանի առաջ հստակ դրվել է ապրիլի պատերազմից հետո Վիեննայում ամերիկյան հովանու ներքո անցկացված հանդիպմանը եւ հիշեցվում է Բաքվին մինչ այժմ: Երեւանն էլ հենց սկզբից պնդել է այդ մեխանիզմի անհրաժեշտությունն ու փաստացի հրաժարվել նախագահների մակարդակով հանդիպումը շարունակելուց, եթե չկա հրադադարի պահպանման հստակ մեխանիզմ:
Բաքուն այդ հարցում զգալիորեն կորցրել է նաեւ Ռուսաստանի աջակցությունը, մի շարք պատճառներով: Համենայն դեպս, Մոսկվա ուղղվող հայցերը չեն արժանանում հաջողության:
Ահա այդ իրավիճակում Բաքուն ավելի ինտենսիվ է փորձում կիրառել ռազմական շանտաժի իր քաղաքականությունը, առավել եւս, որ վերջին տարիներին հենց դա է դրվել Արցախի խնդրում Ադրբեջանի պետական կեցվածքի առանցքում:
Սակայն, այդ տրամաբանության համատեքստում արվող գնահատականները, թե դիվանագիտական ճակատում անհաջողությունը Բաքվին կարող է մղել առավել լայնամասշտաբ գործողությունների, թերեւս հեռանում է իրականությունից:
Եթե խոսքը ավելի մասշտաբային ռազմական գործողության, ընդհուպ լոկալ կամ ավելի մեծ պատերազմի մասին է, ապա այստեղ արդեն պատճառահետեւանքային կապի առումով իրավիճակը տրամագծորեն հակառակն է:
Բաքուն կգնա այդպիսի քայլերի, եթե ունենա դիվանագիտական հաջողություն: Մասշտաբային ռազմական գործողությունները Բաքվի համար, հայկական հակահարվածից բացի, կարող են բերել միջազգային լուրջ հարվածի, եթե դրանք ապահովված չլինեն միջազգային ասպարեզում, միջնորդ համանախագահ երկրներում կամ դրանցից գոնե մեկում քաղաքական եւ դիվանագիտական հաջողությամբ:
Ըստ այդմ, Բաքուն իրավիճակի առավել մասշտաբային լարման կգնա ոչ թե դիվանագիտական-քաղաքական անհաջողության, այլ հակառակի դեպքում՝ ինչպես ապրիլին:
Ապրիլի պատերազմի Բաքուն գնաց հենց այդ հաջողության, դիվանագիտական առավելության պարագայում:
Ինչ տեղի ունեցավ կամ ինչ էր տեղի ունեցել մինչ այդ, որի մի մասն էլ բացահայտեց Սերժ Սարգսյանը Բլումբերգին տված հարցազրույցում:
Ռուսաստանը ձեւավորել էր եռակողմ ֆորմատը, որի շրջանակում փաստորեն առաջարկվել էր հայկական կողմի համար գերվտանգավոր մի պլան: Այդ պլանի մասին գրում էին հայաստանյան եզակի լրատվամիջոցներ եւ փորձագետներ, մինչդեռ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում ոչ միայն բացահայտեց այդ պլանը, այլ նաեւ խոստովանեց, որ դրան համաձայնություն է տվել:
Զուգահեռ Ռուսաստանը սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին, դրա հետ միասին տրամադրելով դրա կիրառման քաղաքական իրավունքը: Բանն այն է, որ Հայաստանի՝ իր դաշնակցի հանդեպ այդօրինակ ցինիկ անտարբերությունն ու արհամարհանքը հարվածում էր Հայաստանի միջազգային քաղաքական կշռին, ինչն էլ իր հերթին ինքնաբերաբար բարձրացնում էր Բաքվի կշիռը եւ հոգեբանական առավելություն տալիս Ալիեւին:
Միեւնույն ժամանակ, սպառնալիքի եւ շանտաժի միջոցով Հայաստանին պարտադրվեց հրաժարում ԵՄ Ասոցացման գործընթացից եւ անդամակցում ԵՏՄ կոչվող կառույցին, որի գործնականում բոլոր անդամները Ադրբեջանի դաշնակիցներն էին: Այսինքն, իրականացվեց Հայաստանի ռազմա-քաղաքական մեկուսացման քաղաքականություն, ինչին Սերժ Սարգսյանը տուրք տվեց իշխանությունը պահելու համար, իսկ ապրիլի պատերազմի օրերին էլ խոստովանեց այդ մեկուսացումը Բեռլինում Մերկելի հետ համատեղ ասուլիսում, հայտարարելով, թե Հայաստանը չունի հզոր հովանավորներ, ինչը փաստացի նշանակում էր՝ չունենալ դաշնակիցներ:
Այդպիսով ակնհայտ էր, որ ապրիլի գրոհից առաջ Ադրբեջանը արձանագրեց դիվանագիտական-քաղաքական էական հաջողություն, ձեւավորեց գրոհն այն այս կամ այն կերպ մարսելու դիվանագիտական-քաղաքական հիմք եւ նոր միայն ձեռնամուխ եղավ դրան:
Չլիներ այդ հիմքը, չհաջողվեր ապահովել այն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը համարժեք լիներ առկա խնդիրներին ու մարտահրավերներին մինչեւ ապրիլ, Ադրբեջանը չէր գնա ագրեսիայի փորձի:
Այդպիսով, եթե Ադրբեջանը կրում է դիվանագիտական անհաջողություն, ապա կշարունակի ռազմական լոկալ սադրանքն ու շանտաժը առաջնագծում, փուլային ակտիվությամբ, բայց նա չի գնա ռազմական մասշտաբային գործողության, առավել եւս պատերազմի, քանի որ դրա համար կվճարի թե ռազմական, թե քաղաքական թանկ գին:
Ադրբեջանի որեւէ ագրեսիայի հավանականությունն էապես կբարձրանա, եթե բարձրանա ադրբեջանական դիվանագիտության արդյունավետությունը, եւ Բաքուն կարողանա կրկին հասնել Հայաստանի «մեկուսացման»:
Պատերազմի «իրավունքը» Բաքուն պետք է ձեռք բերի դիվանագիտական ճակատում: Դա է, որ նրա մոտ չի ստացվում ապրիլից ի վեր: Հայկական ռազմա-քաղաքական դիվանագիտության խնդիրը պետք է լինի թույլ չտալ Ադրբեջանին վեր կենալ: Դա է ներկայում տարածաշրջանում թեկուզ համեմատական կայունության եւ անվտանգության գրավականը: Հակառակ դեպքում, Բաքուն միլիարդավոր դոլարի սպառազինությունը չի գնել մետաղի ջարդոնի վերածելու համար:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing