Որ դեպքում Սերժ Սարգսյանը չի լինի վարչապետ և ինչ է ծրագրել «Քաղաքացիական պայմանագիրը»

0

Որքան մոտենում է ապրիլի 17-ը, այնքան հակադիր կարծիքներ են ձեւավորվում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարների շուրջ: Ինչպես հայտնի է՝ «Հանուն Հայաստան պետության» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները պայքար են սկսել՝ Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետով պաշտոնավարումը թույլ չտալու համար:

Եվ եթե «Հանուն Հայաստան պետության» փրկության ճակատը վաղուց հանրահավաքների շարք է սկսել եւ ապրիլի 9-ից դրանք ամենօրյա է դարձնելու, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Իմ քայլը» անվամբ 14-օրյա քայլարշավ է սկսել, որը հանրահավաքով եզրափակելու են Երեւանի Ազատության հրապարակում:

Եվ այս օրերին շատ է քննարկվում, թե ինչը կարող է դրդել ՀՀԿ-ին չառաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ի վերջո, ամրագրված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է քաղաքական մեծամասնությանը, այս դեպքում՝ իշխող Հանրապետական կուսակցությանը: Վարչապետի թեկնածուին ՀՀԿ-ի կողմից առաջադրելու փաստն ամրագրված է նաեւ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրում, եւ վերջիններս էլ հաճախ կրկնում են, թե դա ՀՀԿ-ի գործմն է, եւ իրենք չեն խառնվում:

Եվ իրավմամբ, Սահմանադրության հոդված 149-ի 1-ին կետում ասվում է. 1. «Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Իսկ նույն հոդվածի երկրորդ կետում էլ ամրագրված է. «Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»:
Ստացվում է՝ միայն մեկ միջոցով կարելի է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմն առնել, եթե ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն չունենա, ասել է, թե տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն: Եւ երբ դրանից հետո ԱԺ-ում մեծամասնություն կազմի ուրիշ կուսակցություն, նոր կարելի կլինի խոսել վարչապետի այլ թեկնածուի մասին:

Պատահական չէ, որ շատ ուժեր, օրինակ` ՀԱԿ-ը, բարձրաձայնում են ոչ թե միայն Սերժ Սարգսյանի դեմ պայքարի, այլ համակարգի եւ ամբողջական իշխանափոխության մասին, որի պարագայում ՀՀԿ-ն ինքնըստինքյան կզրկվի նաեւ խորհրդարանական մեծամասնությունից:
Իսկ օրենսդրության համաձայն` ՀՀ-ում իշխանափոխություն, այսինքն՝ խորհրդարանը ցրել հնարավոր է հետեւյալ դեպքերում. Սահմանադրության 92-րդ հոդվածը սահմանում է. «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո»:
Իսկ հոդված 149-ի երրորդ կետերում ամրագրված է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Իսկ 151-րդ հոդվածը ներկայացնում է կառավարության ծրագրի ներկայացման եւ հաստատման կարգը: Մասնավորապես հոդվածի երրորդ կետում ամրագրված է. «Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն կրկին հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Իսկ չորրորդ հոդվածում ամրագրված է. «Եթե այդ կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:

Այսինքն՝ հարկավոր է, որ խորհրդարանը գնա «ինքնասպանության ճանապարհով», համառորեն չհաստատի կառավարության ծրագիրը կամ վարչապետին չընտրի, որից հետո իրավունքի ուժով այն լուծարվի: Սա, ինքներդ եք հասկանում, հիմա դժվար թե լինի. պետք է քաղաքական կրքերի գերլարում, փողոցում հանրային ճնշում, որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր դառնա այս տարբերակի իրագործումը:
Արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հեռահար ծրագրերում ունի հենց 149 հոդվածի երրորդ կետում ամրագրված կետերը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այնքան մարդ պետք է հավաքեն, որպեսզի կարողանան շրջափակել ԱԺ շենքը: Ի վերջո, նրանք հեռահար նպատակ ունեն այնպես անելու, որ այդ օրը գումարվող հատուկ նիստը տեղի չունենա: Եվ այդ դեպքում մեկ անգամ էլ վարչապետի ընտրություն հնարավոր կլինի անցկացնել միայն յոթ օր անց, եւ եթե այդ դեպքում էլ դա տեղի չունենա, Ազգայինմ ժողովը կլուծարվի: Սակայն պետք է արձանագրենք, որ նախ ՔՊ-ին պետք է հաջողվի ԱԺ-ի շենքը շրջափակել, բայց, դե, այդ դեպքում իշխող ՀՀԿ-ն ունակ է տարբեր միջոցներով կանխելու նշված ծրագիրը` որոշում ընդունելով, օրինակ՝ ԱԺ նիստն այլ վայրում անցկացնել: Ի վերջո, այդ դրույթն ամրագրված է նաեւ ԱԺ կանոնակարգում:

Նաիրա Հովհաննիսյան



Загрузка...