Լրահոս

Որ կամ ում դղյակներից է զզվում Սերժ Սարգսյանը

 

Հրապարակ օրաթերթը տեղեկություն է հրապարակել, որ Մոնումենտի բարձունքում, որտեղ մի քանի տարի առաջ անտառ էր, այժմ հայտնվում են հերթական դղյակները, որոնք պատկանում են Սերժ Սարգսյանի մտերիմ Միշա Հարությունյանի որդիներին: Նրանց է պատկանում նաեւ գրեթե ամբողջ երեւանի մայթեզրը՝ կարմիր գծերի տեսքով, որոնք բացօթյա կայանատեղիներ են: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի տարի երեւանցիները դրանց համար վճարում են տուրք, իսկ եթե չեն վճարում 100 դրամը, տուգանվում են 5000 դրամով:
Խոսքը Փարքինգ Սիթի Սերվիզի մասին է, որը պատկանում է Միշա Հարությունյանի որդիներին, ինչպես գրվել է մամուլում:
Մի քանի տարի առաջ փաստորեն նրանց տրվեց Երեւանում բացօթյա կայանատեղիների բիզնեսը, այն էլ մենաշնորհի կարգավիճակով: Վճարվող տուրքի ավելի քան 70 տոկոսը գնում էր մասնավոր ընկերությանը: Ընդ որում, այդ ընկերությունը գործնականում պատասխանատվություն չէր կրում կայանված մեքենաների անվտանգության համար:
Կարմիր գծերը ուղղակի պատեցին Երեւանը, գծվելով անգամ այն տեղերում, որը երեթեւեկության ուղղակի խախտում է, որը ստեղծում է անհարմարություն եւ վտանգավոր իրավիճակ:
Էլ ավելի արտառոց էր վճարման տարբերակը: Օրինակ, 100 դրամը վարորդը պետք է վճարի բջջային հաղորդագրությամբ; Եթե օրինակ բջջայինի մարտկոցը լիցքաթափված է, եթե բջջայինը մոռացված է կամ չի աշխատում, վարորդը փաստորեն հայտնվում է 100 դրամ չվճարելու դիմաց 5000 դրամ տուգանվելու ռիսկի տակ:
Այդպիսով, Սերժ Սարգսյանի մտերիմները մի քանի տարի առաջ ստացան Երեւանում բավական հարմարավետ եւ գրեթե անսահմանափակ անպատասխանատվությամբ մենաշնորհային բիզնեսի հնարավորություն:
Նախորդ տարի աշնանը Սարգսյանը հայտարարեց, թե բավական է մասնավորի աշխատած փողը, նրանք ներդրումները հետ են բերել, եւ այժմ փողը թող գնա բյուջե: Դա այն պահն էր, երբ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն՝ սոցիալ-հոգեբանական շատ լարված միջավայրում, հուլիսյան դրամատիկ դեպքերից երկու ամիս անց:
Անկասկած է, որ կատարված քայլն ուներ ընդամենը PR տրամաբանություն, նաեւ իհարկե բյուջեն համալրելու խնդիր, քանի որ 2016 թվականի ավարտին մոտ պարզ էր դառնում, որ կա հարկերի հավաքագրման մեծ դեֆիցիտ, որովհետեւ երկրում տնտեսություն չկա: Պետք էր թե պետական, թե Երեւանի բյուջեները համալրել ծախսեը իրականացնելու եւ կոլապս թույլ չտալու համար:
Ըստ այդմ, եթե մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանն էր բիզնես նվիրել իր մտերիմներին, այժմ ծանր պահին եկավ Սերժ Սարգսյանին այդ նվիրած բիզնեսի եկամուտները նվիրելու հերթը: Ոչինչ իհարկե չի լինում միակողմանի, այսինքն ես քեզ, դու ինձ (ձկնագողության մասին հայտնի ֆիլմի վերնագրի հետ համընկնումը պատահական է):
Ի դեպ, նախորդ տարի Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպումներից մեկի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ մասնակիցներից մեկի հավաստիացմամբ, որ դղյակներից ինքն էլ է զզվում, բայց հո չի՞ կարող արգելել:
Իսկապես, Սերժ Սարգսյանն ի՞նչ իրավունք ունի արգելել որեւէ մեկին դղյակ կառուցել:
Բանն այն է, որ նրանք էլ Սերժ Սարգսյանին կարող են «արգելել» լինել իշխանության բուրգի գագաթին: Ի վերջո ինչո՞վ է Սարգսյանն իշխանության՝ դղյակատերերով:
Մյուս կողմից, արգելել իսկապես պետք չէ: Դղյակն ի վերջո տվյալ անձի մտածողության եւ արժեհամակարգի, աշխարհընկալման հայելին է: Միեւնույն ժամանակ, նրա մասնավոր, նույնիսկ նեղ անձնական գործը:
Ամբողջ խնդիրն այն է, թե որտեղ եւ ինչի հաշվին են կառուցվում այդ դղյակները, ինչպես ստացված եկամուտներով կամ շահույթով, ինչպես են դրանք կառուցվում քաղաքի կանաչապատ տարածքում:
Հետաքրքիր է նաեւ, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ վերաբերմունք ունի իր մտերիմների դղյակների հանդեպ:
Թե՞ ինչպես մեկ այլ հայտնի ֆիլմում, այս անգամ ավտոմեքենաների գողության մասին՝ «այդ ոտքը նրան է, ում ոտքը որ պետք է (Это нога, у того, у кого надо нога)». Կան զզվելի դղյակներ եւ կան պետք եղած դղյակներ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing