Որոշումը կայացվեց. Ուշագրավ վերջաբան

0

Tert.am-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է իր վարչապետ դառնալու եւ նախկինում արած հայտարարության մասին:

«Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։ …

Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից», ասել է Սերժ Սարգսյանը։Այսպիսով, Սերժ Սարգսյանը տվեց վարչապետի պաշտոնին անցնելու հիմնավորումը՝ անվտանգության արտաքին ու ներքին սպառնալիքներ եւ դրանք դիմակայելու հարցում իր փաստացի անփոխարինելիությունը: Վերջնական կայունության հասնելու հարցում անհրաժեշտ է պատրաստել նոր սերնդի քաղաքական գործիչներին, որի համար ժամանակ է պետք: «Հները» չեն կարող լուծել այդ խնդիրները, բացի այդ՝ «հները» ճգնաժամածին ու սպառնալիքածին են, նրանց գործունեության արդյունքն են ներքին ու արտաքին սպառնալիքները, բխում է նրա խոսքից:Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի այս հարցազրույցը հետեւել է ՊՆ-ում Զինված Ուժերի օպերատիվ հավաքի մասնակիցների առջեւ ելույթին, որում նա կոշտ հայտարարություններ է արել արտաքին սպառնալիքների մասով, մասնավորապես՝ Ղարաբաղի խնդրի կապակցությամբ:

Ընդհանրապես, այդ ելույթից տպավորություն էր, թե Սերժ Սարգսյանը, ինչպես նշում է մեկնաբան Հակոբ Բադալյանը, մատնացույց էր անում իր հետնախագահական հենարանը՝ բանակը, եւ ոչ թե ՀՀԿ-ն:Ի դեպ, ապրիլյան պատերազմն ու բանակի վիճակը դարձան քրեա-օլիգարխիայի կառավարությունը 2016-ին ցրելու առիթը:Բանակի արդիականացում եւ քաղաքական գործիչների նոր սերունդ, որոնց հեռանկարի հարցն էլ դառնում է Սերժ Սարգսյանի վարչապետության հիմնավորումը: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նրա անփոխարինելիության մասին հայտարարում էին հիմնականում ՀՀԿ երիտասարդ ֆունկցիոներները, որոնք փաստացի շանս չէին ունենա, եթե Սարգսյանը չգնար վարչապետ:Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն իր խոսքում խտրականություն չի դնում երիտասարդ գործիչների միջեւ, նշելով, որ այն վերաբերում է բոլորին, «անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»: Փաստացի, դա առաջարկ է նրանց, ովքեր «հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache