Լրահոս

Որոշվել է պայթեցնել Ադրբեջանի փուչիկը

 

Ամերիկացի սենատոր Դիկ Դերբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի ղեկավարության դեմ: Այս մասին նա հայտարարել է հատկացումների կոմիտեի նիստի ժամանակ:
Հայտարարվել է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսը որոշել է լրացուցիչ 1.5 միլիոն դոլար հատկացնել Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար:
Ադրբեջանցի վերլուծաբանները փորձում են գտնել Ադրբեջանի դեմ ծավալվող միջազգային արշավի աղբյուրները: Ավելի ճիշտ, նրանք հավանաբար գիտեն, թե որտեղ են ակունքները, սակայն փորձում են սլաքներն Ալիեւից շեղել ուրիշների ուղղությամբ:
Ադրբեջանի դեմ իրոք լուրջ արշավ է սկսվել: Այնպիսի տպավորություն է, որ այն ուղղված է ոչ թե Ալիեւի վարչակարգը տապալելուն (նա շատերին է ձեռնտու), այլ ստիպելու, որ որոշակի պայմաններ ու լուծումներ ընդունի: Դրա համար չի բացառվում, որ եւ պատժամիջոցներ ընդունվեն, եւ սառեցվեն Ալիեւի միլիարդներն արեւմտյան ու այլ բանկերում:
Վերջին 2-3 տարիներին Ադրբեջանը ցնցվում է ներքին եւ միջազգային սկանդալներից: Առաջին հզոր հարվածը պանամական սկանդալն էր, հետո ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների ձերբակալություններն էին. 3 ադրբեջանցի կին 20 կանանց թվում էին, որոնց ԱՄՆ-ն ճանաչել է մարդու իրավունքների պաշտպանության համար տուժածներ:
Հետո եղավ տրանսպորտի նախկին նախագահ Զիա Մամեդովի սկանդալը, որին մեղադրել են շվեյցարական ընկերությանը «ատկատ» տալու մեջ: Դա աննկատ վերածվեց իսրայելական սկանդալի, երբ Ալիեւին մեղադրեցին Իսրայելում միլիոնավոր դոլարի ներդրումների եւ իսրայելցի պաշտոնյաներին կաշառելու մեջ: Հետո մեկ այլ սկանդալ «կրակեց», երբ հրապարակվեց, որ Ադրբեջանը իսրայելցի զինվորականներին ստիպել է գնված զենքը Ղարաբաղում հայերի վրա փորձարկել: Իսրայելը ստիպված էր սառեցնել անօդաչու սարքեր վաճառած ընկերության գործարքը:
Այլ սկանդալներ էլ եղան, մասնավորապես կապված ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդում այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» հետ: Այս շաբաթ էլ հրապարակվեցին միջազգային հետաքննության արդյունքները, որոնք վկայում են, որ Ադրբեջանը կաշառել է եվրոպացի եւ այլ պաշտոնյաների:
Ակնհայտորեն ստեղծվում է Ադրբեջանի մի կերպար, ըստ որի այդ պետությունը կարող է գոյություն ունենալ միայն կաշառքի շնորհիվ, որովհետեւ այլ հիմքեր չկան: Բայց քանի որ կաշառելու փողը նվազում է՝ նավթն ավարտվում է, որոշվել է պայթեցնել Ադրբեջանի փուչիկը:
Իզուր չէ, որ Ալիեւն ամեն ինչի մեջ մեղադրում է բրիտանական հետախուզությանը: Հավանաբար, հենց Լոնդոնին է պատկանում Ադրբեջանին «սանձելու» նախաձեռնությունը, որն արվում է Իսրայելի օգնությամբ: Ալիեւին ցույց են տվել, թե որքան նեղ է նրա մանեւրի տեղը եւ որքան թույլ են այդ պետության իրավական փաստարկները:
Կարելի է տրվել գայթակղությանը եւ որոշել, որ Ալիեւին նման կերպ հարկադրում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Ալիեւն անձամբ է հայտարարել, որ իրենց ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Սակայն չի բացառվում, որ Ղարաբաղը միայն մեծ փաթեթի մասն է, կա նաեւ Նախիջեւանի եւ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը:
Համաշխարհային քաղաքականությունում մեծ «մաքրություն» է սկսել. սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանն անկախության հանրաքվե է անցկացնելու: Դրան կարող է հաջորդել տարածաշրջանային սահմանների վերանայումը՝ նոր աշխարհքաղաքականությանը համապատասխան, եւ Ադրբեջանն այդ դեպքում ակնհայտ օբյեկտ է: Ադրբեջանը ստեղծվել է նավթի վրա: Չկա նավթ՝ չկա Ադրբեջան:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing