Որտեղ փող, այնտեղ մենաշնորհ

2

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը օրերս միաձայն հավանություն տվեց Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին: Չնայած նախագիծը ընդհանուր բնույթ ունի և նվիրված չէ կոնկրետ մեկ ազատ տնտեսական գոտու կամ որևէ կազմակերպության գործունեության խրախուսմանը, բայց հիմնավոր կասկածներ կան, որ այս փոփոխությունը անհատականացված է։

ECOS-M ընկերությունը, որը զբաղվելու է կրիպտոարժույթի մայնինգով, արդեն սկսել է գովազդել հատուկ իր համար ստեղծվող ազատ տնտեսական գոտում առկա հնարավորությունները: Ներդրողների համար նախատեսվող գովազդից կարելի է տպավորություն ստանալ, որ այդ ազատ տնտեսական գոտին ոչ թե նոր պետք է ստեղծվի, այլ այն արդեն գոյություն ունի: Մասնավորապես, այս ընկերության կայքից կարելի է տեղեկանալ, որ ներդրողները ազատվում են սարքավորումների ներմուծման հարկերից, ազատվում են եկամտահարկից և ավելացված արժեքի հարկից: Ճիշտ է, տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, բայց որևէ ֆորմալ հիմք չկա մտածելու, որ այն կարող է ընդունվել: Մինչդեռ գովազդի առկայությունը հուշում է, որ քվեարկության արդյունքը կանխորոշված է:

Կրիպտոարժույթի գովազդմամբ զբաղվող միջազգային բազմաթիվ կայքեր ոգևորությամբ պատմում են, որ Հայաստանը Բելառուսից հետո ԵԱՏՄ տարածքում կարող է դառնալ հաջորդ երկիրը, որտեղ օրենսդրական մակարդակով կօրինականացվի կրիպտոարժույթի մայնինգը: Դեպրեսիայի մեջ գտնվող կրիպտոարժույթի շուկաների համար այս լուրը ներկայացվում է որպես հուսադրող և լավատեսություն ներշնչող մի իրադարձություն, որը կարող է դրական լիցք հաղորդել ներդրողներին: Չէ որ աշխարհի բազմաթիվ երկրներ սահմանափակում են ոչ միայն մայնինգը, այլ դրանով իրականացվող առևտրային գործառնությունները, դրանով զսպելով, սահմանափակելով կրիպտոարժույթի տարածումը: Այդ հաղորդագրություններում նշվում է, որ ECOS-M ընկերությունն արդեն համաձայնագիր է ստորագրել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը պետք է ապահովի 50 Մեգավատտ անկախ էներգամատակարարում: ECOS-M ընկերությունը գովազդում է, որ ապահովում է երեք անկախ ինտերնետի աղբյուր, տարածքի զինված պահպանություն և այլ առավելություններ:

Մենք արդեն գրել ենք, որ Հայաստանի կառավարությունը փորձում է մենաշնորհ հաստատել նաև այս ոլորտում, և հիմա պարզ է, որ այս մենաշնորհը հանձնվելու է հենց վերանշյալ ECOS-M ընկերությանը: Չնայած՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի իմաստը մայնինգի շուկայում մենաշնորհի ստեղծում թույլ չտալն է, հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծումը կրիպտոարժույթի մայնինգով զբաղվող բոլոր ընկերությունների և անհատների համար, սակայն պարզ է, որ եթե կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ընդունվեն, ապա դրանք վերաբերելու են միայն մեկ ընկերության: Ավելին, այս ընկերությունը ոչ այնքան ինքն է հանդիսանալու ներդրող, այլ նպատակ է հետապնդում իր տանիքի տակ հավաքել բոլոր այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք մինչև այժմ զաղվել են մայնինգով: Չէ որ ECOS-M-ը իր հաճախորդներին առաջարկում է հարկերից ազատ գործունեության հնարավորություն: Բայց եթե նույնիսկ կառավարությունը համաձայնվի ընդունել Մարուքյանի առաջարկած օրենքը, ինչը գրեթե անհավանական է, և հարկերից ազատի բոլոր մայներներին, ապա կա մի այլ շատ կարևոր պայման մենաշնորհի ստեղծման համար: Խոսքը էլեկտրաէներգիայի արժեքն է: Քանի որ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է մի տարածքում, որը ընդգրկում է նաև Հրազդանի ՋԷԿ-ը, նշանակում է Հրազդանի ՋԷԿ-ը ևս հայտնվում է այդ ազատ տնտեսական գոտում, և նրա կողմից արտադրվող էլեկտրաէներգիան ևս ազատվում է հարկերից: Արդյունքում ստացվելու է, որ ECOS-M ընկերությունը էլեկտրաէներգիա է ստանալու միանգամայն այլ, և անհամեմատ ավելի էժան գնով, քան սովորական էլեկտրացանցից օգտվողները: Իսկ կրիպտոարժույթի մայնինգն ավելի էներգատար է, քան անգամ մետալուրգիան, եթե նկատի ունենանք միավոր արտադրանքի ինքնարժեքի մեջ էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը:

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը կրիպտոարժույթի մայնինգը ևս մտցնում է մենաշնորհի դաշտ և դա անում է երկու ճանապարհով՝ տնտեսական խթանների միջոցով, մյուսը՝ զուտ ադմինիստրատիվ: Ով է կանգնած ECOS-M ընկերության հետևում, այս պահին դժվար է ասել, բայց որ Հայաստանում բացառում են տնտեսական գործունեության անկախություն, նույնիսկ տնտեսության այնպիսի նորարական բնագավառում, ինչպիսին մայնինգն է, արդեն փաստ է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache