Ոստիկանապետը կհեռացնի՞ քաղաքապետին. Օսիպյանի առաջին քննությունը

357

lragir.am — Այնպես եմ ուզում, որ հիմա մի հատ ընտրություն լինի ու որեւէ քրեական փորձի քիթը խոթել: Մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարում էր նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա հավաստիացնում էր, որ կլինի, եւ բոլորը կտեսնեն, թե ինչպես է ոստիկանությունն ապահովում ազատ ու արդար, օրինական ընտրություն:

Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում հանրությունն ընդունեց ոչ միարժեք, հակասական, հաճախ ծայրահեղ արձագանքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ կատարել էր նշանակումը եւ որի ենթակայությամբ է գործելու ոստիկանությունը, բավական հստակ բացատրեց նշանակման պատճառը, որոշման հիմքերը՝ թե իրավական, թե նաեւ քաղաքական:

Վալերի Օսիպյանը միանգամից փորձեց դրսեւորել իրեն նոր ոճով, հյուրընկալվեց Ազատության ուղիղ եթերին, թեեւ պարզ էր, որ ստիպված է լինելու պատասխանել դժվար թեմաների վերաբերյալ հարցերի: Հետո Վալերի Օսիպյանն իր տանը հյուրընկալել էր Շանթ Հարությունյանի ընտանիքին:

Օսիպյանն անկասկած ունի ոստիկանության պետի պաշտոնում նոր դեմքով, նոր ոճով ներկայանալու եւ իր ու ոստիկանության մասին հանրության կարծիքը վերափոխելու իսկապես լուրջ շարժառիթ: Բայց դա իհարկե քարոզչա-տեղեկատվական քայլերով լուծելի խնդիր չէ, կամ այդ քայլերը կարող են շարունակվել մինչեւ այնտեղ, որտեղ կբախվեն իրականությանը:

Այդ իմաստով, իրականությունը Վալերի Օսիպյանի առաջ կանգնեց մայիսի 16-ին, երբ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին քաղաքապետարանում, պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը: Առիթը, ըստ քաղաքացիների, Երեւանի այգիներից մեկի բարեկարգման հարցում օրենսդրության պահանջների խախտումն էր: Բայց բարձրացվող հարցերի շրջանակը ավելի լայն էր եւ առնչվում էր Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Երեւանի կառավարման անարդյունավետությանը եւ կոռուպցիոն ռիսկերին:

Տարոն Մարգարյանը ոչ միայն չընդառաջեց հանդիպելու եւ հարցերին պատասխանելու պահանջին, այլ նաեւ փորձեց կազմակերպել հակընդդեմ ակցիա՝ իր պաշտպանության պաստառներով, ստեղծելով քաղաքացիական լոկալ բախման իրավիճակ, նաեւ իրադարձությունների մեջ ներգրավելով քաղաքացիական հագուստով երիտասարդներին, որոնք իրենց վերագրում էին գործառույթներ, որոնք ըստ ակցիային մասնակցող իրավապաշտպանների՝ վերապահված չէին կարող լինել օրենքով:

Քաղաքապետարանը նաեւ տարածեց տեղեկություն, թե դիմել են ոստիկանությանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որպեսզի վերականգնի քաղաքապետարանի բնականոն աշխատանքի հնարավորությունը: Պարզ է, թե ինչ է նկատի առնվում այդ դիմումի ներքո, մյուս կողմից, սակայն, Երեւանի քաղաքապետարանի բառի ոչ միայն բուն, այլեւ պատկերավոր բնականոն գործունեությունը վերականգնելու համար թերեւս պահանջվում է այդտեղից հեռացնել ոչ թե քաղաքացիներին, այլ քաղաքապետին, որի կառավարումը աչքի է ընկել տարբեր աղմկոտ պատմություններով, հանրային ռեսուրսների կառավարման մեղմ ասած կասկածելի արդյունավետության մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներով, հանրային տարածքների տնօրինման կոռուպցիոն ռիսկ պարունակող որոշումներով, հանրային միջոցների հաշվին կասկածելի գնումներով եւ այլն:

Երեւանի քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու ո՞ր տարբերակը կընտրի նոր ոստիկանապետը՝ քաղաքացիների՞ն, թե՞ քաղաքապետին հեռացնելը: Հասկանալի է, որ հարցը հռետորական է եւ ուղիղ առնչություն չունի ոստիկանության իրավասությանը, քանի որ այդ հարցը ոստիկանապետի լիազորությունից դուրս է: Խնդիրն անշուշտ առնչվում է հասարակական կարգի եւ օրենքի ու իրավականության պահպանությանը:

Բանը տվյալ պարագայում այն է, թե արդյոք ոստիկանությունն աչալուրջ եւ իր սահմանադրական կոչմանն ու պարտավորությանը հավատարիմ կլինի, եթե քաղաքացիները շարունակեն ակցիաները Տարոն Մարգարյանի դեմ՝ նրա հրաժարականի պահանջով, իսկ Տարոն Մարգարյանը շարունակի իրավիճակը տանել բախման եւ ներգրավել սադրանքի տեխնոլոգիան:

Սովորաբար, այդօրինակ իրավիճակներում ոստիկանները ոչ թե քաղաքացիներին են պաշտպանել սադրիչներից ու սադրանքից, այլ հակառակը՝ պաշտպանել են սադրիչներին, որոնք սովորաբար լինում են նաեւ կասկածելի տարրեր:

Այդ տեսանկյունից, Վալերի Օսիպյանին գուցե չլինի ընտրության սպասելու կարիք, եթե շարունակվի քաղաքապետի դեմ բողոքի շարժումն, քաղաքապետն էլ շարունակի ինքնապաշտպանական ավանդական մեթոդները, բայց արդեն նոր Հայաստանում: Վալերի Օսիպյանը ցույց կտա՞ նրան, որ նոր Հայաստանում հին մեթոդներն այլեւս չեն գործում: Թե՞ կսպասի ընտրության:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache