Լրահոս

Ոստիկանապետն անհանգստացրել է վարչապետին

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 5-ի կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով ճանապարհային նշանների, լուսացույցների, մի խոսքով պետական գունքի վնասի խնդրին, ասելով, որ այդ վնասը միշտ չէ, որ պատշաճ փոխհատուցվում է: Կարեն Կարապետյանն այդ կապակցությամբ հանձնարարություն է տվել տարածքային կառավարման ու զարգացման, նաեւ կապի ու տրանսպորտի նախարարին:
Վարչապետը սակայն չի բավարարվել այդ հանձնարարությամբ եւ խիստ ու լիարժեք վերահսկողություն ապահովելու հանձնարարական է տվել նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանին:
Ընդ որում, տպավորություն է, որ նախորդ երկու հանձնարարականներն ու թեմային անդրադարձը ընդհանրապես ունեցել են հենց ոստիկանապետին տրվելիք հրապարակային հանձնարարականի հասնելու նպատակ:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ Կարեն Կարապետյանի հարաբերությունը փաստացի չի ստացվում հենց սկզբից: Դա պարբերաբար արտահայտվում է կառավարության նիստերում Գասպարյանին «թեթեւ» հանձնարարականներ տալու մասով, որոնք հաճախ նույնիսկ թողնում են հասցեի սխալ ընտրության տպավորություն: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը թերեւս միտումնավոր է խուսափում «ծանր» հանձնարարականներից, որովհետեւ դրանք այսպես ասած չկատարելու դեպքում Կարապետյանը հայտնվում է հաջորդ՝ համարժեք քայլի պատասխանատվության տակ:
Իսկ այդ քայլն անելու քաղաքական կշիռ նա չունի, գուցե առայժմ, բայց չունի: Ավելին, Կարապետյանը ամիսներ առաջ չզլացավ ներկայացնել այդ կշռի բացակայությունը, ակնարկելով, որ իրավապահ համակարգն իր վերահսկողության տակ չէ եւ այդ իսկ պատճառով դա ազդում է կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների իր քաղաքականության արդյունավետության վրա:
Ներկայում հայտնի է նաեւ, որ քննարկվում է ոստիկանության իրավական կարգավիճակը փոխելու խնդիրը՝ կառավարման նոր համակարգի պայմաններում: Դրանով ոստիկանությունը կարող է դառնալ վարչապետին ենթակա կառույց: Այդ վարչապետը Կարեն Կարապետյանը կլինի, թե այլ անձ, ներկայում պարզ չէ, սակայն տեղի ունեցող գործընթացները բավական խոսուն ու հատկանշական են շահերի բախման տեսանկյունից: Առավել եւս, որ ոստիկանության կարգավիճակի նվազեցումը ամենեւին չի ենթադրում Վովա Գասպարյանի կարգավիճակի նվազում:
Եվ դրա վկայությունն էր թերեւս օրերս տեղի ունեցած մի իրողություն: Խոսքը Ջավախքում իրավիճակի սրման մասին է, երբ բախում տեղի ունեցավ իրավապահների եւ տեղի հայ բնակչության միջեւ: Դա հարթելու համար մրջամտեց անգամ Վրաստանի ներքին գործերի նախարարը, ինչը վկայում է խնդրի խորքային լրջությունը: Այդ համատեքստում տեղեկություն եղավ նաեւ, որ ՆԳ նախարարի հետ կապվել եւ խնդիրը քննարկել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
Անկասկած է, որ Գասպարյանը չէր կապվի Վրաստանի ՆԳ նախարարի հետ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու, եւ գուցե նույնիսկ հենց նրա ուղղակի հանձնարարությամբ: Իսկ տվյալ պարագայում հարցը լոկ միջադեպը չէ, այլ հայ-վրացական ուղղությունն ընդհանրապես, որը կարեւորագույն ռազմա-քաղաքական ենթատեքստ ու շերտեր պարունակող ուղղություն է Հայաստանի համար: Եվ ահա այդ ուղղության վրա տեղի ունեցած սուր միջադեպի հարթման աշխատանքին Սերժ Սարգսյանը ներգրավում է Վովա Գասպարյանին, ոչ թե այլ պաշտոնյայի: Սուբորդինացիոն առումով հարցը եղել է իրավապահների հարթության վրա, բայց որեւէ տարօրինակ բան չէր լինի, եթե միմյանց կապվեին ասենք Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները:
Բայց Սերժ Սարգսյանը կապը հանձնարարում է Վովա Գասպարյանին: Իսկ դա նշանակում է, որ Գասպարյանը Սերժ Սարգսյանի մոտ դիտարկվում է այդ կարգավիճակի շրջանակում:
Հենց այդ համատեքստում է ուշագրավ, որ վարչապետը հոկտեմբերի 5-ի նիստում «հանձնարարական» է տալիս Վովա Գասպարյանին, թերեւս որպես Սերժ Սարգսյանի հանձնարարության այսպես ասած պատասխան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing