Լրահոս

Ոստիկանները ա՞չք են փակել. զինված խմբի կողմից խոշոր չափերով ոսկու հափշտակության հետքերով

 

voski

2015 թվականին իրավապահների կողմից բացահայտված «Գեոպրոմայնին Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ոսկու հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հետաքրքիր երանգներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աղմկահարույց գործով անցնում են ընկերության պաշտոնատար անձինք, որոնց գործողությունների մասին տեղյակ են եղել ոստիկանության աշխատակիցները, սակայն աչք են փակել:

Մեղադրյալների թիվը հասնում է 20-ի: Եվ այսպես՝ պարզում է, որ այս գործով հանցավոր մի ողջ մեխանիզմ է գործի դրվել: Ըստ այդմ, «Գեոպրոմայնին Գոլդ» ՍՊԸ-ի ճաշարանի վարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լեւոն Սարգսյանը եւ որդին` Վոլոդյա Սարգսյանը, համաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքի բնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ Բագրատ Ավետիսյանի եւ Արթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ, վերամշակման արտադրամասից գողացել են առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել Քաջիկ Մարգարյանին պատկանող լճեր: Այնուհետեւ՝ հունիսի 2-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Լեւոն եւ Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երեւանի բնակիչներ Արկադի Եսայանի եւ Վահան Սիմոնյանի հետ, ոսկին իրացնելու նպատակով ժամանել են մայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Այս աղմկահարույց գործով քննությունը արդեն տեւական ժամանակ է, ինչ հատուկ քննչական ծառայությունում քննվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ գործը ավարտական փուլում է: Առաջիկայում այն կուղարկվի դատարան: Իսկ ինչ էին պարզել ՀՔԾ քննիչները. գործել է հանցավոր խումբ, շուրջ 20 անձ ներգրավվել է որպես մեղադրալ, որոնց մեջ են եղել ինչպես ընկերության պաշտոնատար անձինք, այնպես էլ շարքային աշխատակիցներ: Սակայն, ինչպես ցույց է տվել փորձը, վերոնշյալ անձինք առանց համապատասխան «դաբրոյի» չէին կարող այդքան ոսկին իրացնել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաեւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք, ըստ էության, աչք են փակել վերոնշյալ անձանց գործողությունների վրա եւ դեռ ավելին՝ մի բան էլ հափշտակված գողոնից «փայ են ունեցել»: Այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ մինչ իրավապահները քննում էին աղմկահարույց դեպքը, գործով անցնողներից մեկը՝ Արտակ Գալստյանը, հունվարի 30-ին Կիեւյան կամրջից նետվելու միջոցով ինքնասպանություն գործեց: Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը աշխատում էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում որպես արտադրամասի պետ, իսկ նրա եղբայրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանն է: Մեզ տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ում հիմնավորվել է Արտակ Գալստյանի մեղքի բաժինը, բայց քանի որ նա մահացած է, քրեական հետապնդումը դադարեցվել է: Մեր տեղեկություններով՝ հափշտակված ոսկին կազմել է մոտ 300 միլիոն դրամ, որն էլ վարույթ իրականացնող մարմնի ջանքերով վերականգնվել է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing