good-banner
Լրահոս

Ոստիկանները ցուցմունք են տվել, թե Փոստանջյանը Սարի թաղում ասել է՝ «հիմա քարերով հարվածելու ենք ձեզ»

 

On the 13th day of the occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district by 'Sasna Tsrer' group, protesting people marched to Sari Tagh and clashed with policemen in Yerevan, Armenia

aravot.am — Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել Սարի թաղի ոստիկանական գործողությունների ու նոր քաղբանտարկյալների մասին: Հովսեփ Խուրշուդյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասաց, որ Հովսեփ Խուրշուդյանն իր ցուցմունքում ասել է, որ ոստիկանության մոտ կանգնած են եղել խոշոր կառուցվածքով, քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք քարեր են նետել ժողովրդի վրա:

Արմեն Մարտիրոսյանը, Սանասարյանը խնդրել են, որ դադարեցվի այդ քարեր նետելը, մի պահ դադարեցվել է, հետո սկսվել են կրակոցները. «Հովսեփ Խուրշուդյանը Սարի թաղի սեփական տներից մեկն է մտել, որովհետեւ Անուշ անունով մի աղջիկ վնասվածք է ստացել, վիրավորվել է, ներս են տարել: Առաջին օգնություն են ցույց տվել, Խուրշուդյանն ինքն է այդ աղջկան տարել շտապօգնության մեքենայի մոտ: Կես ժամ անց այդ տուն են ներխուժել քաղաքացիական հագուստով անձինք, առանց տանտիրոջ համաձայնությունը հարցնելու՝ բռությամբ բոլորին դուրս են հանել ու շարել: Այստեղ խոսք չի կարող լինել, որ բախումների շարժառիթը անգամ քարեր նետելն են եղել»: Փաստաբանը նշեց, որ Խուրշուդյանին զենք-զինամթերքի կասկածանքով են բերման ենթարկել, այդպիսի զեկուցագիր են կազմել: Մեկ այլ փաստաթղթում ասվում է, որ զենք-զինամթերք չի հայտնաբերվել, երկրորդ գրառման մեջ երեւում է, թե բերման է ենթարկվել հանցանք կատարելու մեջ կասկածանքով. «Որեւէ հիմնավոր կասկած ամսի 30-ի դրությամբ չի եղել, 30-ից հետո երկու ոստիկաններ ցուցմունք են տվել, որ Խուրշուդյանը քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ, բայց նրանցից որեւէ մեկը դեպքի տեղը չի կարող ցույց տալ, որովհետեւ իրենք երկուսն էլ Սարի թաղը չեն պատկերացնում»:

Սեդա Սաֆարյանն ասաց, որ նախ պետք է վիճարկեն ոստիկանության գործողությունները. «Անունը դրել են միջոցառում, մի հատ պետք է հասկանանք՝ ում դեմ էր այդ միջոցառումը եւ ինչպես այդ միջոցառումը վերածվեց խաղաղ մասնակիցների նկատմամբ բռնությունների, խոշտանգումների»: Սեդա Սաֆարյանը դժգոհեց, որ դատարանները անարդար են վարվել կալանքների հարցը քննարկելու ժամանակ: Խուրշուդյանի կալանավորման հարցը սկսվել է ժամը 6-ից, ժամը 2-ին մեկուսարանից հանել են, ամբողջ գիշեր սոված է մնացել. «Ամբողջ գիշեր մնացել ենք դատարանների միջանցքներում, գիշերը ժամը 3-ի սահմաններում նոր որոշում է կայացվել: Սա կտտանքների ենթարկել է ե՛ւ մեզ, ե՛ւ մեր պաշտպանյալներին: Մի կենտրոնից սահմանված ձգձգումներ, քաշքշուկներ, նյարդային վիճակ ստեղծել»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքերով՝ «Տարօրինակ զուգադիպությամբ երկու ոստիկանների ցուցմունք կա նաեւ Անդրիաս Ղուկասյանի գործում, չեմ զարմանա, որ գործ ունենանք հենց նույն ոստիկանների հետ: Այն անձը, ով թելադրել է ոստիկաններին այդ ցուցմունքը գրառել, ոչ միայն չի եղել Սարի թաղում, անգամ ջանք չի գործադրել Սարի թաղում լինի: Ցուցմունքում դրվագ կա, թե ոնց է Զարուհի Փոստանջյանը մոտենում Աշոտ Կարապետյանին ու ասում՝ մենք հիմա քարերով հարվածելու ենք ձեզ: Եթե 2008-ի հետ զուգահեռներ անցկացնենք, աշխատանքի մեթոդները 2008-ից էլ հետ է մնացել, մարդիկ չգիտեն անգամ ինչ ասել է ուղիղ հեռարձակում, youtube եւ այլն»: Ըստ Վարոսյանի, ոստիկանները ահաբեկել էին ուզում, մարդկանց հասցնել վախի այն աստիճանի, որ հետագայում հավաքի որեւէ ցանկություն չունենան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing