Ոստիկանության բացահայտումը. պետական կոռուպցիայի սխեման

38

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Վեոլիա ջուր ընկերությունում խոշոր չափի յուրացումների մասին, որոնք կատարել են գործադիր տնօրեն Գոռ Գրիգորյանը, Արևելք մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և Արևմուտք մասնաճյուղի տնօրեն Արման Սահակյանը:

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից:

Սա իրոք սենսացիոն հաղորդագրություն է, որը բացահայտում է պետական կոռուպցիայի արատավոր սխեման: Եթե իրոք ապացուցվի, որ Ռոբերտ Նազարյանը համաձայնվել է սակագինը բարձրացնել այն բանից հետո, երբ ճանապարհորդել է Փարիզ, դա կարող է ծանրագույն կոռուպցիոն մեղադրանք դառնալ:

Կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած սկանդալային պատմություններին, մինչեւ հիմա չեն վերաբերել կոռուպցիոն սխեմաներին: Այս սխեման կարող է լույս սփռել այլ օտարերկրյա ընկերությունների հետ ՀԾԿՀ և նախկին իշխանությունների «համագործակցության» վրա: Ինչու՞ է ամեն տարի միլիոնավոր դոլարների փոխհատուցում տրվում Ռուսական երկաթուղուն «վնասների» դիմաց: Ինչպե՞ս են անհիմն բարձրացվել գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

Պետական միջոցների վատնումների, յուրացումների բազմաթիվ դեպքեր են բացահայտվել պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում, և հարուցված քրեական գործերի թիվը հիմք է տալիս ասելու, որ չարաշահումները կրել են զանգվածային բնույթ, օրերս ասել է Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը: Կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես խոսել է տոտալ կոռուպցիայի մասին: Ստվերային գյուղատնտեսություն, ջրային մաֆիա, ընդերքի թալան, փոքր ՀԷԿ-եր և այլն: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի դադարում զարմանալ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache