Ոստիկանության շտաբի պետ․ «Քանի դեռ հավաքը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը չի միջամտելու»

0

   azatutyun.am  — «Երևանում հանրային կյանքը խաթարված է», — «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։

Քոչարյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և նրա համակիրները անընդհատ խախտում են «Հավաքների ազատության մասին» օրենքը, իսկ հավաքի կազմակերպիչը չի համագործակցում ոստիկանության հետ․ — «Ընդհանուր առմամբ ցույցերը խաղաղ են: Սակայն ցույցերը ուղեկցվում են իրավախախտումներով: Մեր բազմաթիվ քաղաքացիների իրավունքները ոտնահարված են, որոնք ցույցերի հետ կապ չունեն: Բազմաթիվ ընտանիքներում երեխաները դպրոց չեն գնում, նրանց դպրոցները տեղակայված են հավաքի վայրերում: Հանրային կյանքը Երևան քաղաքում խաթարված է, ու դա արդեն տևական ժամանակ է: Սրանք որևէ կապ չունեն հավաքների ազատության հետ»:

Քոչարյանը հիշեցրեց, որ հավաքը դադարեցնելու մասին որոշում ունեն, բայց գործողությունների չեն դիմում, քանի որ հիմա հավաքը խաղաղ է։

Որոշումը կայացվել էր ապրիլի 16-ին՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը կողմնակիցների հետ Բաղրամյան պողոտայում փորձում էր հատել ոստիկանական պատնեշը, ինչը բախման պատճառ դարձավ։

Ոստիկանության շտաբի պետը այսօր ասաց, որ եթե նման բռնությունը կրկնվի, ապա կդիմեն գործողությունների․ — «Լոկալ բռնություններ, կամ ավելի լայնածավալ բռնություններ․․․ ոստիկանությունը անպայման կարձագանքի: Կամ հարկադրանք կիրառելով՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, կամ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելով, ազատությունը սահմանափակելով և նրանց քրեական պատասխանատվության հարցը լուծելով: Քանի դեռ հավաքը խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը չի միջամտելու»:

Քոչարյանը ընդունում է, որ խաղաղ անհնազանդության դեպքում պետությունը դրանք «որոշակի չափով» հանդուրժելու պարտականություն ունի, բայց նա զգուշացնում է՝ հանդուրժողականության շեմը գնալով սահմանափակվում է․ — «Ոչ մի բողոքի ակցիա․․․ հավաքի մասնակցի համար անձեռնամխելիություն չի ապահովում, անհնազանդությունները օրինախախտումներ են: Եվ սա պիտի լավ հասկանա և՛ հավաքի կազմակերպիչը, և՛ հավաքի մյուս մասնակիցները»

Ոստիկանության շտաբի պետը շեշտեց, որ չնայած ցույցը դեռ չեն ցրի, բայց փոխարենը քաղաքացիների կողմից փողոցների շրջափակումը այլևս չեն հանդուրժելու․ — «Ոստիկանությունը աստիճանաբար ուժեղացնելու է իր միջամտության սահմանները, որովհետև այդ գործողությունները եթե շարունակվեն, հասարակական անդորրը, հասարակական անվտանգությունը շարունակվի խախտվել, ոստիկանությունը գնալով իր գործողությունները կկոշտացնի, բերման ենթարկելու գործողությունները կշարունակվեն: Մենք այլևս չենք կարող հանդուրժել Երևան քաղաքի կենսական նշանակություն ունեցող փողոցների շրջափակումը: Հանդուրժողականության այս շեմը այլևս չկա»:

Քոչարյանը զգուշացրեց՝ թող ոչ ոք չկարծի, թե ոստիկանությունը չի վերահսկում իրավիճակը: Նա պնդեց, որ ունեն բավարար ուժեր և միջոցներ ցանկացած կոպիտ խախտման արձագանքելու համար, պարզապես իրենք հանդուրժող են։

Ոստիկանության շտաբի պետը հիշեցնում է, որ փողոցներ փակելը, երթևեկությունը խաթարելը, շենքեր ներխուժելը և պետական մարմինների գործողությունները կաթվածահար անելու կոչերը ապօրինի գործողություններ են․ — «Խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին իրացնել իրենց խաղաղ հավաքի իրավունքը՝ առանց հասարակական կարգը խախտելու: Երբ դիտավորությամբ փակում են փողոցները, հատկապես անչափահասների ու երիտասարդների մասնակցությամբ՝ երթևեկելի հատվածներում կաթվածահար անելով երթևեկությունը: Այս գործողությունները վտանգավոր են բոլորի կյանքի համար: Տեսեք հավաքը որտեղ է ընթանում, իսկ փողոցները որտեղ են փակվում: Սա անվտանգության լուրջ խնդիր է, և մենք, բնականաբար, այլևս չենք շարունակելու բանավոր նախազգուշացումների մեր պրակտիկան»:

Ոստիկանության շտաբի պետը նաև շեշտեց, որ իրենք շարունակելու են ուշադիր հետևել Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերին։

Ի դեպ, մայրաքաղաքից բացի, այսօր ցույցեր և երթեր են անցկացվել Հայաստանի մի շարք քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում։ Քոչարյանի խոսքով, այս քաղաքներում իրավիճակը Երևանի համեմատ ավելի հանգիստ է եղել։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache