Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս իրականացնել ծրագրված ակցիաները

0

azatutyun.am — Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանը առաջին անգամ կառավարության նիստ է անցկացնելու:

Այդ առիթով, Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Հանրապետության հրապարակի մերձակայքում է: Ինչպես Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր գործիչը նախապես հայտարարել էր երեկ, փորձելու են կառավարության, մի շարք նախարարությունների շենքեր շրջափակել:

Կառավարական շենքերը շրջափակելու նպատակը գերատեսչությունների աշխատանքը խափանելն է: Մասնավորապես, ցուցարարները առավոտից փորձում էին շրջափակել կառավարական 3-րդ մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, այդ թվում՝ գյուղատնտեսության, առողջապահության, նաև՝ կառավարությանն առընթեր մի քանի գերատեսչություններ:

Ոստիկանությունը, սակայն, ուժի գործադրմամբ ցուցարարներին ցրելով՝ առաջ մղեց դեպի Վարդանանց փողոց և վերահսկողություն սահմանեց շենքի մուտքի երկայնքով, ընդ որում՝ արգելափակվեց նաև Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը, թեև նա պատգամավոր է և անարգել կարող է մուտք գործել նախարարություն: Ցուցարարներից մի քանիսը բերման ենթարկվեցին:

Ակցիայի մասնակիցները տարբեր կողմերից են շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, այդ թվում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի և Հանրապետության փողոցի կողմից, սակայն այդ հատվածներում ևս ոստիկանությունը ուժի գործադրմամբ հետ է մղում ցուցարարներին:

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակի ողջ տարածքում, նաև Ճանապարհային ոստիկանությունն է հերթապահություն սահմանել: Այստեղ բերող բոլոր խաչմերուկներում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տեղաշարժի դեպքում ճանապարհները ավելի վաղ փակվում են:

Ցուցարարներից մի քանիսը որոշեցին Վարդանանց փողոցի երթևեկությունը փակել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նիկոլ Փաշինյանը անընդհատ կրկնում է, որ ուժի գործադրում ոստիկանների նկատմամբ չպետք է լինի:

Կառավարության նիստերը նախկինում որպես կանոն ժամը 11-ին էին մեկնարկում: Այսօրվա նիստի ժամը հրապարակված չէ, բայց օրակարգում ապրիլի 19-ի ամսաթվով հրապարակված է, այսինքն՝ նիստը նախատեսված է:

Նշենք, որ այսօր ավելի ուշ կառավարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «այսօր ժամը 18:15-ին, կառավարության նիստից հետո կառավարության մամուլի սրահում կկազմակերպվեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները»:

Հիշեցնենք, որ կառավարության նիստերն անցկացվում են փակ ընթացակարգով և լրագրողները հնարավորություն ունեն նախարարներին հարցել տալ միայն ճեպազրույցների ժամանակ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache