Լրահոս

Ով առաջինը կտապալվի

 

2018 թվականին վարչապետ մնալու հարցում Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ որեւէ տարակարծություն չկա, եւ ամեն ինչ կախված է ընդամենը Կարեն Կարապետյանի կառավարության արդյունքից, Հրապարակ օրաթերթին ասել է Կարապետյանի թիմից անանուն աղբյուրը:

Ինչպե՞ս պետք է արտահայտվեր տարակարծությունը: Սերժ Սարգսյանը պետք է ասե՞ր որեւէ մեկին, որ ունի Կարապետյանի վարչապետ մնալու հարցում տարակարծություն, պետք է օրը մի քանի անգամ հայտարարե՞ր այդ մասին:Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ տարակարծությունն իշխանությունն է, առավել եւս Հայաստանի իշխանությունն իր հակասահմանադրական, քրեա-օլիգարխիկ բնույթով եւ առանձնահատկություններով:

Այստեղ խնդիրը անգամ անձնական վերաբերմունքի դաշտում չէ, եւ ոչ էլ անձնական ցանկությունների: Հայաստանի իշխանությունն ինքն է թելադրում թե Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի, թե ընդհանրապես այդ իշխանության համակարգում որեւէ առանցքային տեղ եւ դեր ունեցող կամ այդպիսի հավակնություն ունեցող սուբյեկտի վարքը:Ըստ այդմ, իշխանությունն է որոշողը՝ կա՞ տարակարծություն մասնավորապես Սարգսյանի եւ Կարապետյանի միջեւ, թե ոչ: Իսկ իշխանությունը ներքին ու արտաքին տնտեսա-քաղաքական շահերի բազմազանություն է, դրանից բխող բազմաշերտ պատասխանատվությամբ:Այդ իմաստով խիստ հատկանշական է Սերժ Սարգսյանի մարտի 25-ին Արցախում արած հայտարարությունն այն մասին, թե ինքը երբեք չի պլանավորել իր վաղվա քաղաքական անելիքը, բայց միշտ եղել է այնտեղ, որտեղ անհրաժեշտ եւ ամենապիտանին է եղել Հայաստանի անվտանգության համար:Թե որքանով է Սարգսյանը Հայաստանի անվտանգությանը ծառայել, այլ հարց է: Բայց տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը բացահայտում է իրեն, իր հաջողության «գաղտնիքը»: Նա գիտե ինչպես անել, որպեսզի ոչ ոք չիմանա իր պլանների մասին:

Դրա համար պետք է պարզապես չունենալ որեւէ պլան: Պլան չունենալը սակայն ոչ միայն ապահովում է «գաղտնիությունը», այլ նաեւ ապահովագրում է անհաջողությունից եւ տապալումից՝ չկա պլան, չկա տապալում:

Ի վերջո, հակասահմանադրական համակարգերում գործիչը տապալվում է ոչ թե պաշտոնական լիազորությունների եւ պարտականությունների, այլ իշխանական պլանների շրջանակում:Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը բավական բացահայտ առաջ մղեց Բարգավաճ Հայաստանի միջոցով 2007 թվականին խորհրդարանը վերցնելու, 2008 թվականին Վարդան Օսկանյանի միջոցով նախագահի պաշտոնը պահելու եւ վարչապետի պաշտոնում հայտնվելու պլանը: Հետեւանքն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը տապալվեց իր պլանի հետ միասին:Ընդ որում, Քոչարյանն ըստ երեւույթին քաղեց անհրաժեշտ դասը, հետնախագահական շրջանում այդպես էլ չկազմելով քաղաքական վերադարձի ոչ մի հեռահար պլան, բայց չհամարձակվելով նաեւ կատարել որեւէ առաջին քայլ:Սերժ Սարգսյանն այդպես էլ չկազմեց որեւէ պլան, առաջնորդվելով առավելագույն հնարավորի տրամաբանությամբ:

Գործնականում դրա շնորհիվ է, որ Սարգսյանը Հայաստանի անկախության այսպես ասած «պետական-քաղաքական» գործիչների «պլեադայի» միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, որի քաղաքական կարիերան անցնող 25 տարիների ընթացքում դրսեւորել է հետեւողական աճման միտում: Ու դա այն դեպքում, երբ Սարգսյանին է բաժին ընկել ծանրագույն տնտեսական եւ ռազմա-քաղաքական մարտահրավերների փուլը՝ 2008-2016 թվականներին:Այդպիսով, Սերժ Սարգսյանը տարակարծություն չունի ոչ միայն Կարեն Կարապետյանի, այլ գործնականում որեւէ մեկի հետ:

Նա պարզապես պատրաստ է ցանկացածի հետ տարակարծության, նա միշտ առաջինն է պատրաստ այդ տարակարծությանը, որ առաջանում է իշխանության եւ մասնավորապես Հայաստանի իշխանության բնույթից եւ առանձնահատկությունից ելնելով:Այստեղ է ամբողջ հարցը նաեւ Կարեն Կարապետյանի մասով՝ Սերժ Սարգսյա՞նն է առաջինը պատրաստ լինելու նրա հետ տարակարծության, թե՞ Սարգսյանի հետ տարակարծության առաջինը պատրաստ է լինելու Կարեն Կարապետյանը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing