Լրահոս

Ով է «բաժանելու» հնարավոր պատերազմը

 

Ռուս հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն Առաջին լրատվականին տված հարցազրույցում նշում է, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է, քանի որ աճում է նաև բախումների մակարդակը: Կողմերն ինտենսիվ պատրաստվում են՝ ուժեղացնելով իրենց ռազմական կարողությունները, ուժը: Այսպիսի իրավիճակում ռազմական բախումը վերջիվերջո դառնում է անխուսափելի, եւ ոչ ոք ոչինչ չի անում այն կանխելու համար, ասում է նա:
Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ «լայնածավալ պատերազմ սկսելը պահանջում է նպատակաուղղված գործողություններ: Գոնե կողմերից մեկը պիտի որոշի, որ այլ տարբերակ չկա: Հնարավոր է՝ կողմերից մեկը կամ երկու կողմն էլ կուզեին, որ ինչ-որ մեկը գար և «բաժաներ» իրենց, բայց կարծես թե ոչ ոք չի պատրաստվում դա անել»:
«Ակնհայտորեն կան քաղաքական պատճառներ, որոնք թույլ չեն տալիս հասնելու հիմնախնդրի փոխզիջումային լուծման: Հակամարտության երկու կողմերն էլ բարձրացնում են մարտական պատրաստության մակարդակը՝ ձեռք են բերում նոր զենք, առաջին գիծ են տանում նոր ուժեր, նոր միջոցներ: Տեղի է ունենում անդառնալի գործընթաց, որը շարժվում է լայնածավալ պատերազմի ուղղությամբ, պարզապես ո՛չ մեկը, ո՛չ մյուսը առայժմ պատրաստ չեն սկսելու լուրջ ռազմական գործողություններ», ասում է նա:
Պավել Ֆելգենգաուերը ռուսական փորձագիտական շրջանակներում հայտնի է իր բավական օբյեկտիվությամբ ու ազնվությամբ, բայց միեւնույն է, նա մնում է ռուս փորձագետ: Այն առումով, որ իր վերոհիշյալ երկարաշունչ հարցազրույցում չի անցնում «սահմանը»: Այս մեջբերումներն արեցինք որոշակի հարցադրումների համար:
Մասնավորապես, ո՞ւմ «օգնությամբ» են կողմերը մեծացնում իրենց ռազմական ուժը, որը տանում է անխուսափելի բախման: Ռուսաստանը կողմերի սպառազինության գերիշխող մատակարարն է, ընդ որում՝ այստեղ կա շատ էական հանգամանք՝ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են նույն ռազմա-քաղաքական բլոկում, Ռուսաստանը զինում է Հայաստանի հակառակորդին, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է:
Այսինքն, շփման գծում անդառնալի գործընթացը, այսինքն ռազմական բախման տանող ուժի կուտակումը սնուցվում է Ռուսաստանի կողմից: Բայց պատերազմը քաղաքական որոշման խնդիր է, ասում է Ֆելգենգաուերը, եւ ճիշտ է ասում: Բայց ո՞վ է կայացնելու այս որոշումը: Համենայնդեպս, կողմերից որեւէ մեկը չի կարող նման որոշում կայացնել:
Ստացվում է, որ որոշումը կայացվում է այլ տեղ, իրագործում է Ռուսաստա՞նը: Օրինակ, ապրիլի պատերազմին Մոսկվան հայտարարում էր, թե դրսի ուժեր են հրահրել այն, եւ իրենց հաջողվել է կանգնեցնել:
«Հնարավոր է՝ կողմերից մեկը կամ երկու կողմն էլ կուզեին, որ ինչ-որ մեկը գար և «բաժաներ» իրենց, բայց կարծես թե ոչ ոք չի պատրաստվում դա անել», ասում է ռազմական փորձագետը: Այս սակրալ արտահայտությունն էլ բացահայտում է հնարավոր պատերազմի ողջ «հմայքը»: Այսինքն, խնդիրը «բաժանե՞լն» է, կամ պատերազմը դադարեցնելը, ինչն անկասկած լուրջ քաղաքական կշիռ է հաղորդում այդ դերը ստանձնողին:
Ռուսաստանը չի թաքցրել, որ ցանկանում է զորք մտցնել հակամարտության գոտի: Դրա համար պատերազմ է պետք եւ կողմերի դիմումը՝ կանգնեցնելու այն: Ապրիլին այս սխեման չաշխատեց: Փակուղի մտավ «կարգավորման» գործընթացը, կողմերի դիրքորոշման խստացման արդյունքում: Հիմա սեղանին միայն ռուսական «Կազանի պլանն» է, որն ըստ Սերժ Սարգսյանի՝ դեռ չի հանձնվել ԵԱՀԿ քարտուղարություն ու որին դեմ է Ադրբեջանը:
Ռուս փորձագետների վերջին շրջանի հարցազրույցներից ու մեկնաբանություններից ստացվում է հետեւյալ ուշագրավ պատկերը. Ռուսաստանը զինում է կողմերին «բիզնես» նպատակներով, ինչ որ օտար ուժեր հրահրում են պատերազմ, միայն Ռուսաստանը կարող է լինել «բաժանող եւ խաղաղարար», քանի որ ոչ ոք չի ցանկանում կանխել լայնածավալ պատերազմը:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանը սպառազինության նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանին, այդ թվում հեռահար՝ մոտ 6000 մետր խոցման հրթիռներ, ինչը կտրուկ փոխում է շփման գծում սպառազինության մակարդակը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing