Լրահոս

Ով է կասեցրել հայկական բանակի հակագրոհը

 
Լուսանկարը sputnik-ի

Լուսանկարը sputnik-ի

lragir.am-ը գրում է. Ահա թե ինչու է Ալիեւը շնորհակալություն հայտնել Լավրովին
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, որ Բաքվում հանդիպում է Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների հետ, հայտարարել է, թե հույս ունեն կպահպանվի հրադադարը, որը ձեռք բերելու հարցում «օգնել են իրենց բարեկամներին»: ՌԴ արտգործնախարարը չի հստակեցրել, թե ովքեր են իրենց բարեկամները, ում օգնել են ձեռք բերել հրադադարը:
Հայտնի է, որ նախօրեին Լավրովի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին հրադադարի պայմանավորվածության հասնելու համար:
Ալիեւն ապրիլի 2-ին ակնհայտորեն հարձակվել է Արցախի վրա: Դա չի եղել հրադադարի խախտում, ինչպես ընդունված է համարել վերջին երկու-երեք տարիների նրա ռազմատենչ քայլերի առարկայացումը: Դա եղել է Արցախի դեմ սկսված պատերազմ, չափազանց ակնհայտ մարտավարական հաշվարկով: Հարձակվելով հյուսիսից եւ հարավից, Ալիեւը անկասկած հետապնդել է պաշտպանական գիծը ճեղքելու եւ առաջ խորանալու նպատակ:
Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի ռազմավարական պլանը հետապնդել է Արցախը Հայաստանից կտրելու նպատակ՝ հարավից գրոհել Լաչինի ուղղությամբ՝ պաշտպանական գիծը ճեղքելուց հետո, իսկ հյուսիսում գիծը ճեղքելուց հետո անցնել արդեն Քարվաճառ: Եթե Բաքուն կարողանար արագ ճեղքման միջոցով վերահսկողություն հաստատել Արցախը Հայաստանին կապող երկու ճանապարհների վրա, ապա դա կլիներ փաստացի կապիտուլյացիա, եւ հայկական կողմին այդ դեպքում երեւի թե այլ բան չէր մնա, քան հրադադարի միջոցով մտածել Ստեփանակերտն ու Շուշին պահպանելու մասին:
Բայց, Ալիեւը անկասկած թերագնահատել էր հայկական բանակը, կամ թերագնահատել էին նրա խորհրդատուները: Պաշտպանական գիծը ոչ միայն պահվեց՝ առաջին հարվածից հետո, այլ փաստացի սկսվեց հակագրոհը, Ադրբեջանին պատճառելով կարուստներ եւ խուճապ:
Եվ ահա, Ալիեւը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին, որ կարողացավ հրադադար հաստատել: Փաստացի, Ալիեւը շնորհակալություն է հայտնում Մոսկվային իրեն փրկելու համար: Ինչ խոսք, դա իսկապես բարեկամական ժեստ է եւ պարզ է, թե ինչ բարեկամին օգնելու մասին է խոսում Լավրովը:
Չի բացառվում նույնիսկ, որ Ադրբեջանը այդ փրկության կամ օգնության դիմաց համաձայնի անգամ ԵՏՄ մտնել, առավել եւս, որ նա դե ֆակտո արդեն իսկ ԵՏՄ կազմում է: Համենայն դեպս, ԵՏՄ անդամ Ռուսաստանն ու Ղազախստանը ոչ անդամ Ադրբեջանի պահանջով Հայաստանում տեղի ունենալիք նիստ են հետաձգում:
Բայց, խնդիրն իհարկե դա չէ, այլ այն, որ Ռուսաստանը կանգնեցրել է հայկական զինուժի հակագրոհը: Դրա մասին խոսում է անգամ ռուսաստանցի ռազմական փորձագետ Եվսեեւը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտից: Դա չափազանց ակնհայտ է:
Որեւէ պատերազմի դադարեցում հրատապ եւ կարեւոր է որեւէ դեպքում, քանի որ դա փրկում է մարդկային կյանքերը: Եվ կասկած չկա, որ թեկուզ հայկական ուժերի գերակայությամբ, թեկուզ հակառակորդի առավել մեծ կորուստների պայմաններում, բայց պատերազմական գործողությունը կարող էր նաեւ խլել հայկական կյանքեր: Հետեւաբար, հրադադարն իհարկե մարդկային կյանքի արժեքի գնահատում է:
Բայց, մեղմ ասած մեծ է կասկածը, որ հրադադարի հասնելու Ռուսաստանի միջնորդական ջանքը, որ արժանացել է Ալիեւի շնորհակալությանը, հիմնված է ոչ թե մարդկային կյանքերն արժեւորելու, այլ կայսերական շահը սպասարկելու վրա: Իսկ ո՞րն է այդ շահը: Այդ շահը Արցախի հակամարտության գոտում այնպիսի վիճակի պահպանումն է, որը թույլ կտա ցանկացած պահի ձեռքի թեթեւ շարժումով իսկ ապակայունացնել վիճակն ու այդպիսով կառավարել իրավիճակը տարածաշրջանում:
Հենց այդ նկատառումով է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջնորդությամբ 1994 թվականին կասեցվել հայկական զինուժի առաջխաղացումը դեպի այնպիսի դիրքեր, որոնք այդ պետության համար ստեծելու էին այնպիսի ռազմավարական բնագիծ, որը Բաքվին անգամ նավթի ու գազի միլիարդների պարագայում թույլ չէր տալու մտածել ռեւանշի, առավել եւս բլից-կրիգի մասին:
Եվ պատահական չէ, որ ներկայում էլ հենց աշխուժացան Ղազախստանն ու Ռուսաստանը, եւ հենց այն ժամանակ, երբ տապալվեց Բաքվի բլից-կրիգի գործը կամ բլից-կրիգը պարզապես «թարս էր աճելու» Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ: Կասեցվել է այդ աճը, Բաքվին հնարավորություն տալով պահպանել բնագիծը այն վիճակում, որը հնարավորություն կտա կարճ, միջնաժամկետ կամ երկար դադարից հետո վերստին մտածել որեւէ նոր ավանտյուրայի մասին, այսինքն կպահպանի Արցախի հակամարտության գոտում ձեռքի շարժումով ամեն ինչ լարելու եւ շանտաժի միջոցով տարածաշրջանը կառավարելու հնարավորությունը, քանի որ թեժ կետն ամենից դոյւրին հասանելի է հենց Ռուսաստանի ձեռքերին, որոնցով Բաքվին են հանձնվել միլիարդավոր մահաբեր զենքերն ու ստացվել դրանց դիմաց միլիարդները:
Ահա այդ իմաստով, եթե հրադադարի հիմքում մարդկային կյանքն է որպես արժեք, հաջորդ գործողությունները պետք է արագորեն բերեն հաստատված բնագծում կայունության ամուր երաշխիքային մեխանիզմի ներդրման: Խոսքը հրադադարի մեխանիզմի ներդրման այն գաղափարի մասին է, որով հանդես են գալիս Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիան: Դա այն մեխանիզմն է, որը 1994 թվականին հաստատված բնագծի պայմաններում թույլ կտա երաշխավորել կայունությունը եւ ապահովել մարդկային կյանքերի անվտանգությունը, հնարավորինս: Եվ հենց այդ գաղափարն է, որ մերժել են Բաքուն եւ նրա շնորհակալությանն արժանացող Մոսկվան, որովհետեւ նրանց օրակարգում մարդկային կյանքը եւ խաղաղությունը չէ, այլ կայսերական շահն ու շանտաժի հնարավորությունը:
Հակառակ դեպքում, եթե տեղի չի ունենում նոր մեխանիզմի արագ ներդրմանն ուղղված գործողություն, եւ Բաքուն չի բերվում նոր շրջանակ, ստացվում է, որ Ալիեւի շնորհակալությանն արժանացած Ռուսաստանի ջանքով ոչ թե պատերազմն է կասեցվել, այլ կասեցվել է մարդկային կյանքի անվտանգության աստիճանը մեծացնելու եւ ամրապնդելու հայկական զինուժի գործը:
Եվ հրադադարին հաջորդող օրերն էլ դժբախտաբար վկայում են, որ Ռուսաստանն ավելի շատ վերականգնել է կամ պահպանել է Ադրբեջանի դանդաղ սպանելու իրավունքը, որից նրան պատրաստվում էին զրկել հայ զինվորն ու հրամանատարը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...