Լրահոս

Ով է սադրել բախումը Ջավախքում

 

Երեւանի եւ Թբիլիսիի գլխավոր մարտահրավերը
Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանն, անդրադառնալով Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպին, ասել է, թե հավանաբար սադրանք կա՝ ՏԻՄ ընտրությանն ընդառաջ:
Խոսքը խաչքարի տեղադրման առիթով տեղի ունեցած բախման մասին է, գյուղացիների եւ Վրաստանի իրավապահների միջեւ: Դրանից տուժել է մի քանի մարդ, այդ թվում իրավապահ: Դեպքը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին: Դրա համար գյուղ ժամանեց անձամբ Վրաստանի ներքին գործերի նախարարը:
Շիրակ Թորոսյանն ասում է, որ տեղեկությունները հակասական են, քանի որ տեղեկություն կա թե այն մասին, որ խաչքարի հարցը համաձայնեցված էր իշխանության հետ, բայց պայմանավորվել էին տեղադրումը թողնել ՏԻՄ ընտրությունից հետո, թե կա տեղեկություն, որ այդպիսի պայմանավորվածություն չի եղել:
Ի՞նչ է եղել իրականում եւ ի՞նչ սադրանքի մասին կարող է լինել խոսքը: Շիրակ Թորոսյանն ասում է, որ բախումը ջուր է ադրբեջանական ջրաղացին, որպեսզի թիրախավորվի հայ-վրացական հարաբերությունը:
Աներկբա է, որ Ադրբեջանի համար այդ հարաբերության խութերը ներկայացնում են ռազմավարական շահ, եւ որքան լարված լինի հայ-վրացական հարաբերությունը, այդքան իրավիճակը շահեկան կլինի Բաքվի համար: Որովհետեւ այդ դեպքում ոչ միայն Հայաստանը կունենա խնդիր, այլ նաեւ մեծ կլինի Թբիլիսիի կախվածությունը Բաքվից:
Կասկած չկա, որ հայ-վրացական հարաբերության լարվածության շահառուներից է նաեւ Թուրքիան: Խնդիրը այստեղ բավական լայն է եւ առնչվում է հայ-վրացական առանցքի ձեւավորմանը, ինչը կարող է հիմնովին փոխել կովկասյան համակարգի տրամաբանությունն ու անվտանգության մեխանիզմների արդյունավետությունը:
Բայց, նշանակում է արդյոք, որ Թուրքիան ու Ադրբեջանը բախում են սադրել Ջավախքում: Ինչպե՞ս, ու՞մ միջոցով: Թե՞ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա հայ-վրացական հարաբերության ռազմավարական խորությունը, հեռանկարը, այդ խորության եւ հեռանկարում Ջավախքի հիմնարար նշանակության ու դերակատարման չգնահատվածության խնդիր, այդ թվում հենց Ջավախքում, բայց ոչ միայն՝ նաեւ Թբիլիսիում ու Երեւանում:
Թբիլիսին ու Երեւանն անկասկած ունեն նվազագույն անհրաժեշտ փոխըմբռնման մակարդակ, որը այսքան տարիների ընթացքում թույլ չի տվել Ջավախքում այն կայծը, որից կարող է հրդեհ բռնկվել: Ավելին, օրինակ այն, որ միջադեպից հետո Գումբուրդո է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարը, այսինքն Թբիլսիին արձագանքել է բավական բարձր քաղաքական մակարդակով, վկայում է պաշտոնական Վրաստանի պատասխանատվության գիտակցումն ու զգացումը:
Սակայն այստեղ անհրաժեշտ է արձանագրել, որ հայ-վրացական հարաբերությունն ու Կովկասում դրա ռազմաքաղաքական, աշխարհքաղաքական խորությունը, ներուժն ու ներկայիս իրավիճակում անվտանգության առավել բարձր եւ հուսալի աստիճանի հասնելու հարցում կենսականությունը պահանջում են ավելին, քան լոկ հայ-վրացական «հրդեհաշիջման» համակարգի օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքը:
Ավելին այն իմաստով, որ պետք է սկսվի Հայաստանում, Վրաստանում ու մասնավորապես Ջավախքում այսպես ասած էլիտաների ձեւավորում, որոնց օրակարգի թիվ մեկ խնդիրը կլինի Կովկասում անվտանգության նոր համակարգի ձեւավորման հայեցակարգային մոտեցումների մշակումը՝ հայ-վրացական առանցքով:
Իսկ այստեղ խնդիրն իհարկե միայն Ադրբեջանն ու Թուրքիան չեն, այլ նաեւ Ռուսաստանը, որն առնվազն մինչեւ ապրիլի պատերազմ Բաքվի եւ Անկարայի հետ ինտենսիվ, ռազմավարական դաշնակցությամբ աշխատում էր Կովկասի անվտանգության ռուս-թուրքական համակարգ ձեւավորելու ուղղությամբ, այդ շրջանակում կազմակերպելով նաեւ Արցախում ստատուս-քվոյի փոփոխություն:
Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը ստիպված էր առնվազմն արգելակել այդ ռազմավարությունը եւ որոշակի դանդաղեցնել ընթացքը, սակայն ուղղության փոփոխության մասին առայժմ խոսք լինել չի կարող: Ներկայում Ռուսաստանը հայտնվել է մի վիճակում, երբ դժվար է ասել, թե այդ պետության կովկասյան քաղաքականությունը պարունակում է որեւէ կանխատեսելի ուղղություն: Եվ ընդհանրապես հարց է, թե ով, ինչպես, ինչ սկզբունքներով է մշակում այդ պետության կովկասյան քաղաքականությունը:
Բայց այդ հանգամանքն էլ ավելի է բարձրացնում եւ թե Հայաստանի, թե Վրաստանի համար կենսական դարձնում հայ-վրացական համալիր, բազմաբնույթ հարաբերության եւ կոոպերացիայի անհրաժեշտությունը, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի անկանխատեսելիությունն առավել եւս սրում է Կովկասում կանխատեսելի անվտանգության նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը: Այդպիսին կարող է լինել հայ-վրացական համակարգը, հաշվի առնելով Վրաստանում ՆԱՏՕ աճող ներկայացվածության հեռանկարը, քանի որ հայ-վրացական համակարգի արդյունավետությունն իհարկե շոշափելիորեն պայմանավորված է նրանով, թե որքանով է դա կոոպերացիայի մեջ միջազգային անվտանգության համակարգի հետ:
Ընդ որում, այդ խնդրի խորքային սպասարկումը կարող է ազդել նաեւ Ռուսաստանի վարքագծի վրա, քանի որ Մոսկվան խոշոր հաշվով կովկասյան դերակատարության հեռանկարի հարցում կարող է առավել շոշափելի ակնկալիք ունենալ հենց այդ պարագայում, քան թուրք-ադրբեջանական գործակցության, ինչն այսպես թե այնպես անխուսափելիորեն բերելու է Կովկասում Մոսկվայի քաղաքականության վերջնական կոլապսին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing