Լրահոս

Ով է Շամիրամում կրակոցներ արձակողը և ինչ կապ է ունեցել սպանվածների հետ

 

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում հնչած կրակոցների հեղինակը՝ Թելման Վազիրի Քյալաշյանը ոչ թե Արմավիրի մարզի Արաքս համայնքից է, այլ Մյասնիկյան: Նա ամուսնացած է, չափահաս երեխաներ ունի: Գյուղում անասնապահությամբ են զբաղվում: Երբեմն-երբեմն Ռուսաստանի Դաշնություն է մեկնում աշխատելու:

Մեզ պատմեցին, որ Թելմանը նոր էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից: Սպանվածներից մեկի հետ, որի հետ նաև բարեկամական կապեր ունեն, գումարային չլուծված հարցեր է ունեցել: Միասին Ռուսաստանի Դաշնությունում աշխատել են, Թելմանը նրան պարտքով գումար է տվել, սակայն մի քանի տարի շարունակ նա չի վերադարձրել պարտքը: Թելմանը վերջին անգամ ՌԴ-ից վերադառնալուց հետո կրկին հետ է պահանջել իր գումարը, սակայն մերժում է ստացել, որից հետո սպառնացել է, թե կսպանի:

Դեպքի օրն էլ զայրացած մտել է սգո սրահ և անկանոն կրակ է արձակել, որի հետևանքով 4 հոգի զոհվել են:

Մեզ պատմեցին նաև, որ Թելմանի հորեղբայրը՝ Քյալաշ Քյալաշյանը շատ վաղուց՝ 70-80-ական թվականներին սպանել է հենց Թելմանի հորը՝ Վազիրին և մյուս եղբորը: Թելմանի ընտանիքը եզդիների համայնքից չէ, նրանք քրդամետ են եղել:

Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց, որ Թելմանն իրենց համայնքից է, սակայն առանձնապես չեն շփվել նրանց հետ: «Համայնքի բնակիչների հետ շատ շփում չունեն, իրենց համար առանձին ապրում են, գնում-գալիս է Ռուսաստան: Ուրիշ շատ բան չգիտեմ»,- ասաց համայնքապետը:

Անդրադառնալով դեպքի մանրամասներին, ասաց, որ ինքն էլ է լսել, որ գումարային պարտք ու պահանջի խնդիր է եղել:

Ի դեպ, համայնքապետը հաստատեց, որ շատ վաղուց Թելմանի հորեղբայրը սպանել է իր երկու եղբայրներին, այդ թվում հենց Թելմանի հորը:

Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Եզդիաբնակ Շամիրամ գյուղում Թելման Քյալաշյանը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահ և կրակ բացել այնտեղ գտնվող տղամարդկանց ուղղությամբ: Միջադեպի հետևանքով 3 մարդ տեղում զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Ավելի ուշ նրանցից մեկը վիրահատության ժամանակ մահացել է: Մյուս վիրավորները տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ ունեն:

Շամիրամի գյուղապետը նշել է սպանվածների անունները. նրանք են՝ Ամո Խուդոյանը, Զորո Օզմանյանը, Ամրո Օզմանյանը և Աղասի Քալոյանը: Սպանվածներից երկուսը Շամիրամի բնակիչներ են եղել, մյուս երկուսը եկել էին Ռուսաստանի Դաշնությունից: Զորո և Ամրո Օզմանյանները հորեղբոր որդիներ էին, նրանց ազգական էր նաև Աղասի Քալոյանը։

Վիրավորներից երկուսը Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ազգականներն են:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing