Լրահոս

Ով և ինչու թալանեց եկեղեցուն. «Կոնվերս Բանկ»-ի բաժնետերերից է Հայ առաքելական եկեղեցին

 

Արդեն երեք օր է անցել, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը:

«Ժողովուրդ» օրաթերթը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը, որից նախօրեին անհայտ անձը սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում: Ավելին՝ նա երեկվա դրությամբ փոխարինող ուներ: Բանկից հրաժարվեցին նշել, թե որտեղ է նախկին կառավարիչը: «Ժողովուրդ»-ը բանկի կառավարչին փոխարինող ներկայացած անձից հետաքրքրվեց` արդյո՞ք բանկը թալանած անձը, ով ըստ տեղեկությունների` «VIP» հաճախորդ է եղել, նախապես պայմանավորված է եղել կառավարչի հետ: Հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Այդպիսի տեղեկություն, պայմանավորվածություն չի եղել: Նա մեր «VIP» հաճախորդը չի եղել, քննություն է ընթանում, այլ հարցերի չենք կարող պատասխանել: Հիմա բանկին ժամանակավոր կառավարիչ է նշանակվել»: Իսկ մեր այն դիտարկմանը՝ ինչո՞ւ են կառավարչին հեռացրել աշխատանքից, մեր զրուցակիցն արդարացավ` նշելով. «Որեւէ մեկին աշխատանքից չենք հեռացրել, այլ հարցեր մի՛ տվեք»: Ապա լրացուցիչ տեղեկություն ստանալու համար հորդորեց դիմել իրավապահ համակարգին:

Իսկ իրավապահ համակարգը դեռ լռում է: Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված է, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի, գնացել է գործարք անելու եւ գրավոր սպառնացել է, թե կպայթեցնի: Այսինքն՝ փաստ է, որ նա ամենեւին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի եւ իրավապահների համար: Անհասկանալի է, թե ինչու է հափշտակողի ինքնությունը գաղտնի պահվում: Զարմանալի չէ, որ իրավապահ համակարգը դեպքից երկու օր անց դեռեւս զգուշավոր է մոտենում բանկի շուրջ ծավալված աղմկալի դեպքին եւ չի գաղտնազերծում «թալանողին»: Քանի որ բանկի սեփականատերերը այդքան էլ «փոքր մարդիկ չեն»:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2007 թվականին «Կոնվերս բանկի» վերահսկիչ փաթեթը գնվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից: Իսկ մինչ այդ նշված բանկի բաժնետոմսերի 48,7 տոկոսը պատկանում էր «Hudsotrade LTD»-ին (ղեկավար` Իմադ Մթանյուս Հուրի), 15 տոկոսը` Սմբատ Նասիբյանին, իսկ 36,3 տոկոսը` Մոդալլալ Մթանյուսին: Եւ 2007 թվականի սկզբին «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի»-ն հաղորդագրություն էր տարածել, թե բանկի բաժնետոմսերից 5 տոկոսն արաբ բաժնետերերից մեկը նվիրաբերել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Տարիների ընթացքում Մայր Աթոռը չի վաճառել իր բաժնեմասը եւ արգենտինահայ գործարարի հետ շարունակել է մինչ օրս բաժնետեր մնալ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` բանկի բաժնետոմսերի 5 տոկոսը պատկանում է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ հենց Գարեգին 2-ին: Ինչպես հայտնի է` Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ջերմ հարաբերություններ ունի Էռնեկյանի հետ: Եւ ըստ որոշ տեղեկությունների` նա երբ լինում է Արգենտինայում, հյուրընկալվում է Էռնեկյանի տանը:

Քնար Մանուկյան
Սյունէ Համբարձումյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am