Ով և ում կարող է զինել. Երկակի ստանդարտների փայլուն օրինակ

0

hayeli.am — «Վրաստանին տրամադրվող ռազմական հզորությունները կհանգեցնեն նոր արկածախնդրության», այս հայտարարությունը օրերս տարածեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Ռուսական կողմը կրկին նկատում է վտանգ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մեջ: Վերջերս Պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին տրամադրվող «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգի մասին որոշումը: Սա Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի ռազմական համագործակցության առաջին դեպքն է` 2008թ-ից այս կողմ»- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին հակատանկային հրթիռային «Ջավելին» համակարգերի տրամադրման մասին որոշումը այս տարվա նոյեմբերի 20-ին: Այս մասին հայտնել է պաշտպանական համագործակցության ամերիկյան գործակալությունը: ԱՄՆ-ը թույլ կտա Վրաստանին գնել 410 հրթիռ և ռազմական այլ տեխնիկա 75 միլիոն դոլարի սահմաններում:

Առհասարակ, աշխարհում շատ երկրներ, պետական գործիչներ և առաջնորդներ են հանդես գալիս երկակի ստանդարտներով այս կամ այն հարցի ու խնդրի վերաբերյալ: Ռուսաստանն էլ, իհարկե, բացառություն չէ:

Մի դեպքում Ռուսաստանն անվերջ բողոքում է վրաց-ամերիկյան համագործակցությունից, տվյալ դեպքում՝ ռազմական համագործակցությունից: Մոսկվան այդ համագործակցությունն ուղղակի արկածախնդրություն է որակում և սպառնալիք ընդդեմ տարածարջանային՝ կայունության: Իսկ երբ հարցը վերաբերվում է Ադրբեջանին զինելուն, այ այստեղ Մոսկվան ունի «պատշաճ» պարզաբանում՝ «դա բիզնես է», ոչ ավելին:

Ինչպե՞ս է ստացվում, որ վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը Մոսկվան համարում է իր դեմ ուղղված սպառնալիք, իսկ Հայաստանն ու Արցախը ռուս-ադրբեջանական բազմամիլիարդանոց ռազմական գործարքները պետք է համարեն ընդամենը՝ «բիզնես»: Ու սա այն դեպքում, երբ այդ համագործակցության «պտուղները» բոլորը տեսան ապրիլյան պատերազմում:

Խնդիրը կարելի էր չքննարկել նույնիսկ, եթե խոսքը չվերաբերվեր Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համարվող հարաբերություններին: Այլ կլիներ պատկերը, եթե Հայաստանն ու Ռուսաստանը ընդամենը գործընկեր-շարքային պետություններ լինեին:

Բայց չէ՞ որ խոսքը գնում է ռազմավարական հարաբերությունների մասին, և եթե մի դեպքում Մոսկվան սպառնալիք է տեսնում վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հիմքում՝ ինչու՞ հայկական կողմը դա չպետք է տեսնի ռուս-ադրբեջանական նույն ոլորտում բազմամիլիարդանոց գործարքներում և որ ավելի կարևոր է՝ դրանցից բխած ու բխող հետևանքներում:

Թամար Բագրատունի




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache