Ով ի՞նչ է ցանկանում Ղարաբաղյան հակամարտությունից

107

Որքան էլ միջազգային կառույցները, խոշոր տերությունների ղեկավարները հայտարարում են, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը մոտ է և այն պիտի լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, այնուամենայնիվ, թե՛ Հայաստանում, և թե՛ Ադրբեջանում հասարակությունն այլ կերպ է մտածում։ Նրանք նույնպես ուզում են խաղաղ կարգավորում, սակայն տեսնում են, որ այդ կարգավորումը մոտ չէ, և որ ամենակարևորն է՝ դժվար, թե խաղաղ լինի։ Մարդիկ ունեն այլ մտածելակերպ, այլ կերպ են պատկերացնում այս հակամարտության լուծումը։

Սակայն, ինչպես պատմությունն է ցույց տալիս, ոչ միշտ են խնդիրները կարգավորվում ի շահ մարդկանց։ 21-րդ դարում աշխարհը շարժվում է ի շահ գումարի, ի շահ պետության կամ ի շահ մի շարք անհատների։ Այս համատեքստում կարելի է քննել ու հասկանալ, որ Ղարաբաղյան հակամարտությունը, մեղմ ասած, լցնում է մի շարք պետությունների գրպանները։

Հայաստանը ցանկացել ու ցանկանում է բացառապես խաղաղ կարգավորում, սակայն այդ կարգավորման մեջ չպիտի լինի հողերի զիջում։ Այդպես են ցանկանում Արցախում ու Հայաստանում ապրող մարդիկ։ Ադրբեջանում հակամարտության քարացած վիճակը ձեռնտու է Իլհամ Ալիևին, ով այդկերպ կարողանում է պահպանել իր իշխանությունը, կարողանում է «սանձել» ակտիվացող ադրբեջանցիներին։ Մեր դեպքում նույնպես կար այդպիսի իրավիճակ։ Պարզապես պետք է հիշել մի քանի ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխության ցույցերն ու վերհիշել, թե նախկին իշխանություններն ինչպես էին փորձում սաստել ժողովրդին։ Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ գոյություն ունի ազատ մամուլ, սահմանից եկող տեղեկատվությունը ճիշտ է ու զերծ խեղաթյուրումից։

Ղարաբաղյան հակամարտությունում իր ակտիվ դերակատարումն ունի նաև Ռուսաստանը, որը, մեղմ ասած, համարվում է այս հակամարտությունը լուծող ամենագլխավոր ու մեծ ֆիգուրը։ Եթե չլինի հայ-ադրբեջանական հարցը, ապա ռուսական զինատեսակների վաճառքը կնվազի։ Չէ՞ որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանն օգտվում են ռուսական զինատեսակներից։ Մյուս կողմից՝ լինելով այս հակամարտությունը կարգավորող կողմ՝ Ռուսաստանն իր դոմինանտությունը շարունակում է պահպանել այս երկու երկրի հետ հարաբերություններում։ Պետք է նշել նաև, որ անկախ հակամարտության լինել-չլինելուց Ռուսաստանը տարածաշրջանում դոմինանտ է, բայց հակամարտության գոյությունը նրան մի շարք ուժեղ խաղաքարտեր է տալիս։ Իսկ Եվրոպան այս հակամարտությունում շարունակում է մնալ կարգավորող կողմ, ով նույնպես ցանկանում է Եվրամիության ծանր ձեռքը պատեհ առիթի դեպքում թողնել այստեղ։

Ու ստացվում է, որ այս հակամարտության մեջ, անկախ իր կամքից, ներքաշված է աշխարհը։ Բոլորը ցանկանում են թե՛ հակամարտության խաղաղ կարգավորում, թե՛ ինչ-ինչ շահեր։ Արդյունքում սպասում են հայ ու ադրբեջանցի ժողովուրդները, զոհվում են երբեմնի բարեկամ ու թշնամի ժողովուրդները։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache