good-banner
Լրահոս

Ով կհայտնվի եզրափակիչում

 

arm148553584247

Հունվարի 28-ին Հայաստանը տոնելու է բանակի օրը, եւ չի բացառվում, որ այդ օրը հայտնի դառնան նախընտրական ցուցակների առանցքային անունները: Դա կարող է տեղի ունենալ, եթե նախընտրական պայքարի գլխավոր դերակատարները որոշեն իրենց արշավը կառուցել բանակի եւ անվտանգության գաղափարների վրա:Երեկ կայացել է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով այդպես էլ չեն տրվել այն մարդկանց անունները, որոնք կգլխավորեն կուսակցական ցուցակները: Նիստի մասնակիցներն ասում են, որ ցուցակները որոշված են, սակայն դեռ չեն հրապարակվում: Երեւի վերջնական որոշում դեռ չկա:Ինտրիգը շարունակում է պահպանել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը հավակնում է «մագնիսի» դերին, որի շուրջ պետք է ձեւավորվի ընդդիմադիր դաշինքը:

Օհանյանը հայտարարել է ընտրական գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, սակայն նույնպես դեռ չի շտապում նշել նրանց անունները, որոնց հետ դաշինքով հանդես կգա:Թե ՀՀԿ-ն, թե Օհանյանը (միգուցե իր զինվորական մասնագիտությունից ելնելով) տանում են նրան, որ նախընտրական պայքարը կարող է կառուցվել բանակի գաղափարախոսության վրա: Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքում իր վերջին գրառման մեջ փաստացի հայտարարել է, որ քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների գաղափարն իր մոտ ծագել է դեռ պաշտպանական գերատեսչությունը գլխավորելու օրվանից:Նա ակնարկել է, որ անվտանգությունը չի կարող ապահովվել առանց հուսալի սոցիալ-տնտեսական թիկունքի:

Այլ խոսքով, նա անուղղակիորեն մեղադրել է երկրի քաղաքական ղեկավարությանը բանակի հուսալի թիկունքը չապահովելու համար՝ դրանով, հավանաբար, փորձելով պատասխանել ապրիլի 2-ի անպատրաստության մեղադրանքներին:Սերժ Սարգսյանը նույնպես բացմիցս խոսել է ազգ-բանակ գաղափարի մասին: ՀՀԿ խորհրդի երեկվա նիստին նա ասել է, որ կցանկանար ապրիլի 2-ին հանդիպել ռազմական գործողությունների հերոսներին ու մասնակիցներին, գոնե պատմել այն մեծ աշխատանքի մասին, որը կատարվել է բանակում պատերազմից հետո եւ այն մասին, որ մենք պատրաստ ենք նոր ոտնձգությունների դեպքում նույն կերպ վարվել: Այլ խոսքով, նա ասում է, որ մինչ պատերազմը բանակում բավարար չափով աշխատանք չի տարվել, եւ ժամանակն է ամբողջ ազգին ներգրավել անվտանգության խնդիրներում:

ՀՀԿ-ն այդ գաղափարախոսությունն առաջ է տանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի միջոցով, որն այսօր չի բացառել իր մասնակցությունը նախընտրական արշավին: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը նախարարի պաշտոնում իր կարիերան սկսել է բանակի կարիքների համար 1000 դրամների նոր հարկ մտցնելու նախագծով:Հավանաբար, դեռ վերջնականապես որոշված չէ, թե ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը, ինչը նշանակում է, որ հայտնի չէ, թե նախընտրական արշավի հիմքում ինչ գաղափարախոսություն է դրված:

Սերժ Սարգսյանից բացի հիմնական հավակնորդները, ըստ մամուլի հրապարակումների, երկուսն են՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանն օրերս Մոսկվայում էր եւ վերադարձից հետո հայտարարեց հայկական ծագմամբ ռուսաստանյան գործարարների խոշոր ներդրումների մասին:Երեկ Կարապետյանն ստացել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը, սակայն, դեռ հայտնի չէ, թե արդյոք նրան մշտական բնակության տեղեկանք կտրվի եւ կկարողանա նա գլխավորել ՀՀԿ ցուցակը:

Այդ կապակցությամբ կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ում պայքար է ընթանում երկու խմբավորումների միջեւ: Կարեն Կարապետյանը որպես «գաղափարախոսություն» առաջ է քաշում հայ-ռուսական ինտեգրացիան եւ ռուսական խոշոր կապիտալի մուտքը Հայաստան, իսկ Վիգեն Սարգսյանն առաջարկում է ազգ-բանակի գաղափարը:Դժվար է ասել, թե այս գաղափարախոսություններից որը «կհաղթի»: Սակայն եթե հաշվի առնենք, որ Սեյրան Օհանյանը նույնպես իր նախընտրական արշավը կառուցում է բանակի վրա, կարելի է սպասել, որ քաղաքական պայքարի «եզրափակիչում» կարող են հայտնվել պաշտպանության երկու նախարարները՝ Սեյրան Օհանյանն ու Վիգեն Սարգսյանը:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing