Լրահոս

Ով կհեռանա իշխանությունից

 

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը սկսում են

Խորհրդարանի ընտրության ապրիլի 2-ի քվեարկությանը ՀՀԿ-ն կարողացավ գրանցել բացարձակ մեծամասնության եւ կառավարության միանձնյա ձեւավորման համար անհրաժեշտ ցուցանիշ եւ խորհրդարանում ունի 58 մանդատ:  ՀՀԿ-ն կարող է առանց որեւէ կոալիցիոն գործընկերոջ կազմել կառավարություն: Բայց հավանական է, որ ՀՅԴ հետ կոալիցիան կշարունակվի, որն իհարկե ունի բոլորովին այլ նպատակ: ՀՅԴ-ն կարող է անհրաժեշտ լինել Սերժ Սարգսյանի անձնական ծրագրերի կշիռը բարձրացնելու համար:Սերժ Սարգսյանի ծրագրերի հարցը ներկայում դարձել է արդեն ամենավճռորոշը:

Երբ մի քանի ամիս առաջ արաբական Ալ Ջազիրա հեռուստաըներության թղթակիցը նրան հարցրել էր, թե կարո՞ղ է արդյոք նախագահի պաշտոնը թողնելուց հետո առաջադրվել վարչապետ, Սերժ Սարգսյանը պատասխանել էր, որ այդ մասին մտածելու համար նախ պետք է խորհրդարանի ընտրությանն իր կուսակցությունը գրանցի լավ արդյունք:

ՀՀԿ-ն գործնականում գրանցեց 55 տոկոսին մոտ արդյունք, ինչը Հայաստանի իրավիճակը հաշվի առնելով ոչ միայն լավ, այլ աներեւակաելի է թվում: Բայց ի՞նչ է կարծում Սերժ Սարգսյանը, որն իր քաղաքական ոճով ու բնույթով փափուկ ուժի կողմնակից մաքսիմալիստ է: Դա է վկայում նրա անցած ճանապարհը, հատկապես վերջին տասը տարում: Իհարկե, Սարգսյանը հաճույքով պատրաստ է մասհանել իշխանությունից ցանկացածին, ով ինքն էլ պատրաստ է նպաստել Սարգսյանի իշխանության լեգիտիմությանը, բայց որոշումների կայացման հսկիչ փաթեթը նա պահում է անձեռնմխելի:2007 թվականից նա հետեւողականորեն մեծացնում է այդ փաթեթը:

Ենթադրվում է, որ Սարգսյանը պետք է որ գոհ լինի, քանի որ կարողացել է անցկացնել «անաղմուկ» ընտրություն եւ ստանալ միջազգային հավանությունը, միեւնույն ժամանակ ստացել է նաեւ հսկիչ փաթեթը կամ պահպանել է այն:Այդ արդյունքը ա՞յն արդյունքն է, որի դեպքում նա կմտածի վարչապետության մասին, ինչի վերաբերյալ ակնարկել էր Սարգսյանն Ալ Ջազիրային:Ինչու է հետաքրքիր Դաշնակցության հետ կոալիցիան: Բանն այն է, որ Դաշնակցությունը առայժմ միակ ուժն է, որը հրապարակավ հավանության է արժանացրել Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարը: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այդ հարցին ամիսներ առաջ պատասխանել էր, որ եթե խնդիր չկա օրենքի հետ, ապա իրենք էլ չեն տեսնում որեւէ խնդիր: Օրենքի հետ կապված խնդիր Սերժ Սարգսյանը չունի, որեւէ արգելք չկա նախագահի պաշտոնը թողնելուց հետո առաջադրվել վարչապետի պաշտոնում:

Արգելք կարող է լինել միջազգային հանրությունը կամ ներիշխանական ստատուս-քվոն:Այդ հարցում կամ հարցերում իրավիճակն իսկապես անորոշ է: Սերժ Սարգսյանը մի կողմից ցույց է տվել, որ չկա իրենից ավելի «բարեփոխիչ», չկա ավելի «արեւմտամետ» եւ չկա ավելի «ռուսամետ»:Քաղաքական դաշտն իր կամա թե ակամա վարքագծով գործնականում հաստատել է դա: Կառավարության փոփոխությունից հետո ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոններն այդ հարցում որոշակի խաղադրույք կատարում են Կարեն Կարապետյանի վրա:

Նա արժանացել է Մոսկվայի ընդունելությանը, Վաշինգտոնի եւ Բրյուսելի քարտ-բլանշին:Առկա է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան կամա թե ակամա մրցակցություն: Նրանցից մեկն առավելագույնը մեկ տարի անց պետք է հեռանա իշխանությունից: Ի՞նչ հունով կընթանա այդ մրցակցությունը:Նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կլինի այնտեղ, որտեղ ամենից պետք է պետության անվտանգության համար:

Կարեն Կարապետյանը նույն շրջանում դիմել է հանրության օգնությանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում Դիլիջանում առաջիկա հնգամյակում վարչապետ լինելու մասին հարցին ի պատասխան հայտարարելով, թե դա կախված է հանրությունից:Բայց հանրության աջակցությունն էլ կախված է նրանից, թե Կարեն Կարապետյանն ինչով, ինչպես եւ ինչքան կգերազանցի Սերժ Սարգսյանին: Այդ իմաստով, ի դեպ, Սարգսյանի վիճակն ավելի շահեկան է: Նրան այսպես ասած ձեռնտու է նաեւ «ոչ-ոքին»: Այդ դեպքում թերեւս հենց նա է դուրս գալիս «հաջորդ փուլ»: Կարեն Կարապետյանին այդ փուլ դուրս գալու թե հանրային, թե միջազգային աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է Սարգսյանի հանդեպ «մի քանի գոլի» առավելություն:

lragir.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing