Լրահոս

Ով ում «քցեց» ապրիլյան պատերազմում. Սարգսյանը գիտեր, որ Ադրբեջանը հարձակվելու է

 

98038-678x381

99socnewsinfo.ru — Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Հայաստանում սկսեց շրջանառվել վարկած, որ չորսօրյա պատերազմը պայմանավորված պատերազմ էր, որի ընթացքում հայկական կողմը պետք է ազատագրված մեկ-երկու շրջան «վերադարձներ» Ադրբեջանին: Նման խոսակցությունների հիմքում առաջին հերթին այն անմխիթար վիճակն էր, որ տիրում էր առաջնագծում: Զինվորների ոչ պատշաճ հանդերձանքի, կապի միջոցների բացակայության, դիզվառելիքի, փամփուշտների սահմանափակ քանակության եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին սահմանից եկող տեղեկությունները այլ բան չէին վկայում:

Բանն այն է, որ ապրիլյան քառօրյան հանկարծակի չեղավ: Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումը կանխատեսվում էր արդեն երկար ժամանակ: Սերժ Սարգսյանը անձամբ էր ահազանգում այդ մասին: Քառօրյայից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2015-ի հոկտեմբերին, նա Վաշինգտոնում «Քարնեգի» հիմնադրամի կազմակերպած՝ «առանց հղումների» ձեւաչափով քննարկման ժամանակ ասում է. «Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում»:

Երկու ամիս անց`դեկտեմբերին, նա Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ունենում է հայտնի ելույթը, որտեղ ՀԱՊԿ գործընկերներին մեղադրում է, որ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ժամանակ չեն վերցնում լսափողը եւ հետաքրքրվում, թե ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում:

«Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի սրացմանը (…) Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը 1994թ. հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ անցան տանկային ռմբակոծության, ինչը լարվածությունը բարձրացնում է նոր եւ շատ վտանգավոր մակարդակի։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին շրջանում ձեւավորված լարված մթնոլորտը՝ պետք չէ բացառել, որ այդ քայլին Ադրբեջանը գնացել է դրսի կողմի հուշումով կամ աջակցությամբ»,- ասում է Սարգսյանը: Ավելին, նա այս մասին խոսում էր դեռեւս 2010 թ., երբ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում իր ելույթում ասում էր. «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»:

Ադրբեջանի մոտալուտ հարձակման մասին վերջին տարիներին խոսում էին նաեւ վերլուծաբանները, քաղաքական եւ ռազմական գործիչները: 2014-ի հունվարի լույս 19-ի գիշերվա դիվերսիոն հարձակումը վերլուծաբաններից մեկը այն ժամանակ գնահատում է որպես «կայծակնային պատերազմի իմիտացիա՝ միջազգային հանրության ռեակցիան ստուգելու եւ հետագայում պատերազմի ճիշտ պահը որսալու նպատակով»:

2014-ի օգոստոսին ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում սահմանային լարվածությունն անվանում է «պատերազմի նախապատրաստման գործնական քայլեր հակառակորդի կողմից»: «Ինչպես բռնցքամարտիկներն են մարտի նախնական փուլում ուսումնասիրում իրար թույլ ու ուժեղ կողմերը, այնպես էլ հակամարտ ուժերը: Դա է պատճառը, որ Ադրբեջանը հաճախակի է դարձրել իր ռազմական գործողությունները, որպեսզի հայտնաբերի հայկական կողմի թույլ կողմերը՝ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար»,- ասում է Օհանջանյանը:

Վերջինս «սահմանին տիրող լարվածությունը համարում է ռուսական կողմից հրահրվող գործընթաց, որի նպատակն է պատերազմական թատերականացված սցենարով ազատագրված երեք շրջանները նվիրել Ադրբեջանին` վերջինիս Եվրասիական միություն մտնելու փոխարեն»:

Այսինքն, առնվազն 2010 թվականից Հայաստանում բոլոր մակարդակներում ահազանգում էին, որ պատերազմ է սպասվում: Վերջին երկու տարվա ընթացքում այդ ահազանգը հնչում էր գրեթե ամենօրյա ռեժիմով: Իսկ ինչ էր կատարվում այդ ընթացքում բանակում՝ բոլորին հայտնի դարձավ ապրիլի առաջին օրերին: Օրեր առաջ էլ պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը վերջին 6-7 տարիների ընթացքում մի քանի տասնյակ միլիարդ դրամով թերակատարել է Հայաստանի զինված ուժերի ռազմավարական զարգացման պլանը: Այս մասին խորհրդարանում խոսեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է:

Հարց է առաջանում, եթե Սերժ Սարգսյանից սկսած՝ վերլուծաբանով վերջացրած, խոսվում էր Ադրբեջանի նոր մոտալուտ ագրեսիայի մասին, ինչու առաջնագիծը չէր բերվում իդեալական վիճակի: Ինչու էր բանակի փողը այլ տեղ ուղղվում: Ահա այս հարցն է, որ դեռեւս պատասխան չի ստացել ու բազմաթիվ ենթադրությունների հիմք է տալիս:

Մյուս կողմից, եթե իսկապես ապրիլին տեղի ունեցավ պայմանավորված պատերազմ, որի նպատակը տարածքների վերադարձն էր, ինչու ընդամենը «երկու բլուր» վերադարձվեց: Այսինքն, եթե Սարգսյանը համաձայնել էր երկու շրջան «կորցնել», ինչո՞ւ Ալիեւը մարդ ուղարկեց Մոսկվա զինադադարի խնդրանքով, երբ դեռ ընդամենը 800 հեկտար էր հետ ստացել: Կամ եթե Սարգսյանը միտումնավոր չէր զինում բանակը, որպեսզի Ադրբեջանի հաղթանակը հեշտանա, ինչու էր բանակը այդ նույն ընթացքում 18-ամյա տղաներին «վերածում» բահով ու քարով, ինքնազոհության գնով հայրենիքի պաշտպանների:

Չի բացառվում, իհարկե, որ պայմանավորվածությունն իսկապես եղել է, պարզապես մեկն ու մեկը վերջին պահին խախտել է այն (պայմանավորվածություն ասելով նկատի չունենք, որ երեք երկրների նախագահները նստել են կլոր սեղանի շուրջ, հարձակման օր ու ժամ որոշել, իրար ձեռք սեղմել եւ հեռացել: Խոսքը գործընթացների տրամաբանությունը գիտակցելու եւ դրա մեջ տեղավորվելու մասին է): Դա չէր կարող Ադրբեջանը լինել, որովհետեւ Ալիեւին օդուջրի պես պետք են այդ տարածքները, եւ եթե կարողանար եւս չորս օր կպատերազմեր: Ռուսաստանը նույնպես  պատճառներ չուներ կեսից ամեն ինչ դադարեցնելու: Մնում է Հայաստանը: Ինչ խնդիր լուծեց սրանով Հայաստանը, ինչի հասավ: Ինչու ամեն ինչ արեց, որպեսզի ադրբեջանական հարձակումը տեղի ունենա: Այս հարցերի պատասխանները այս պահին  չկան այն պարզ պատճառով, որ ամեն ինչ կիսատ է մնացել, շարունակությունը դեռ առջեւում է:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing