Ով վերջին պահին սադրեց ճգնաժամը. ՀՀԿ-ն ոչնչացրեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին

54

Հոկտեմբերի 2-ին իրադարձությունները զարգացան գլխապտույտ արագությամբ: Մինչ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ էր վարում խորհրդարանական ուժերի հետ արտահերթ ընտրության շուրջ, ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակը խորհրդարանում, չնայած պայմանավորվածություններին, անցկացրեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունների նախագիծը, որով փաստացի վերացրեց արտահերթ ընտրության իրավական միակ ճանապարհը:

Նիկոլ Փաշինյանի կոչով տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին Բաղրամյան պողոտայում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին: Նա քաղաքացիների հետ մտավ Ազգային ժողովի տարածք եւ բանակցություններ վարեց ԱԺ ուժերի հետ:

Հոկտեմբերի 2-ի առավոտից ՀՀԿ-ի պատգամավորները ակնարկում էին Սահմանադրության նորմերով արտահերթ ընտրությունը տապալելու մասին: Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 3 պայման դրեց Նիկոլ Փաշինյանի առջեւ՝ արտահերթ ընտրության համաձայնության դիմաց: Մասնավորապես, ուշագրավ էր ոստիկանության կարգավիճակը փոխելու պայմանը, ըստ որի՝ ոստիկանությունը պետք է ենթարկվի Ազգային ժողովին:

Հետաքրքիր էին Ազգային ժողովում աղմկահարույց օրենքի ընդունման պատճառաբանությունները, որ բերում էին եռյակի ներկայացուցիչները: Դրանք հանգում էին ընդհուպ անձնական վիրավորվածությանը, իսկ «քաղաքական» բացատրությունն այն էր, թե ցանկանում են Ազգային ժողովի աշխատանքներն ապահովագրել արտաքին ճնշումներից: Այս զավեշտալի ու անհեթեթ պատճառաբանությունները ցույց են տալիս, որ կամ «հակահեղափոխության» ճամբարում լիակատար խուճապ ու անհամարժեքություն է, կամ էլ պատվեր են կատարել:

Թե որ տարբերակն է տեղի ունեցել, եւ ով է հրահրել այս իրավիճակը, դժվար է ասել, փաստն այն է, որ իրադարձությունները Հայաստանում արագացվեցին, եւ անորոշ ու նյարդային իրավիճակը մոտենում է հանգուցալուծման:

Հաջորդ հանգամանքը ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կատարյալ հեղինակազրկումն էր, եւ եթե օրինակ ՀՀԿ-ն չուներ նման խնդիր, այս երկու կուսակցությունները, միանալով հեղափոխությանը, փորձում էին պահպանել իրենց դիրքերը քաղաքական նոր իրավիճակում: Չի բացառվում նույնիսկ, որ այստեղ գործ ունենք ոչ միայն կառավարության, այլ նաեւ այս երկու ուժերի դեմ «դավադրության» հետ: Խոսքը մասնավորապես ԲՀԿ-ի մասին է, եւ ՀՀԿ-ն լուրջ պատճառներ ուներ ոչնչացնել այս կուսակցությունը թե ընթացիկ խնդիրների, թե հեռանկարի առումով:

Արտահերթ ընտրություններն, այսպիսով, արձանագրելու են Հայաստանում քրեա-օլիգարխիայի համակարգի եւ դրա սպասարկուների լիարժեք հեռացումը պետական իշխանությունից: Այսօրվա իրադարձություններն արագացրին այդ գործընթացը եւ մաքրեցին ճանապարհը հեղափոխական ուժերի համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache