Լրահոս

Վովա Գասպարյանը կայացրել է առաջին ճիշտ որոշումը

 

arm146883628373

lragir.am – Ծանր եւ բարդ իրավիճակ. հաղթելն անհնար է, բայց կա չպարտվելու հնարավորություն

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է, որ Երեւանի ՊՊԾ գունդը զինված գրոհով վերցրած ՀԽ անդամների հետ բանակցությանը ոստիկանապետ Վովա Գասպարյանը չի մասնակցում: Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանապետը դեպքի ամենասկզբից մինչ այժմ «համապատասխան վայրում է եւ ղեկավարում է գործողությունները»:
Վովա Գասպարյանը դուրս է մնացել Երեւանում արդեն ավելի քան 24 ժամ ծավալվող դրամատիկ գործողությունների տեսադաշտից: Դա հատուկ չէ նրան: Վովա Գասպարյանը գրեթե մշտապես եղել է վերջին տարիներին Երեւանում ծավալվող կամ նախանշվող հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների կենտրոնում, իրեն հատուկ արտիստիզմով: Այդ արտիստիզմը արժանացել է տարաբնույթ գնահատականների, բայց Գասպարյանը ոչ միայն չի խուսափել ուշադրության կենտրոնում լինելուց, այլ կարծես թե ձգտել է դրան, իր վրա վերցնելով բավական մեծ պատասխանատվություն:
Այդ իմաստով, նա փաստացի հանդես է եկել իշխանությանն ուղղված հանրային ճնշումների շանթարգելի կարգավիճակում:
Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նաեւ, որ երեւանյան դրամատիկ զարգացումներում հասարակությունը միանգամից նկատեց ոստիկանապետի բացակայությունը եւ սկսեց «փնտրել» նրան:
Իսկ ոստիկանապետը հայտնվել է իսկապես ծանրագույն վիճակում: Բոլոր առումներով: Եթե նախկինում Վովա Գասպարյանն իր վրա էր վերցնում եւ մարում իշխանության այլ կառույցներին ուղղված հանրային քայլերը, ցասումը, պահանջը, ապա այս դեպքում քայլն անմիջապես ուղղվել է հենց ոստիկանության դեմ, այն էլ կարեւորագույն մի օբյեկտի:
Իշխանության այլ կառույցների, այլ թեւերի ուղղված հանրային պահանջները կամ ճնշումները իր վրա ընդունած եւ բարեհաջող չեզոքացրած Վովա Գասպարյանը փաստորեն բաց է թողել իր ուղղությամբ եկած հարվածը, ինչն անկասկած հոգեբանական եւ ներիշխանական սուբյեկտային խնդիր է նրա համար:
Եվ այդ ամենով հանդերձ, տեղի է ունեցել հարված, որի հետեւանքով եղել է նաեւ զոհ՝ բարձրաստիճան ոստիկան, նաեւ մարտական ընկեր, ինչի հանգամանքը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում ատամների արանքից ցասումը մի կերպ զսպելով էր նշում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Եվ այդ հանգամանքից ելնելով, թերեւս հնարավոր է պատկերացնել, թե ինչ վիճակ է հենց ոստիկանապետի մոտ:
Հավանաբար դա է պատճառը, որ Վովա Գասպարյանը համենայն դեպս առայժմ խուսափում է հայտնվել տեսադաշտում: Չի բացառվում նաեւ, որ դրա պատճառը անելանելիությունն է, քանի որ ներկայում նա չի կարող հայտնվել որպես հաղթող կամ որպես իրավիճակը կառավարող, թելադրող: Այդ պատճառով էլ նախընտրում է մնալ տեսադաշտից հեռու:
Ավելին, իսկ հնարավո՞ր է, որ ոստիկանապետը դեմ է բանակցությանը եւ այդ պատճառով էլ չի մասնակցում դրան, սպասելով, մինչեւ այն տապալվի կամ մտնի փակուղի, որպեսզի իրականացնի այն, ինչ ինքն է պատկերացնում՝ «գրոհով վերադարձնի իր կորցրած դիրքը»:
Հետեւաբար, արդյոք այդ հարցում ոստիկանապետը իշխող համակարգում մնացել է «մենակ»: Փաստորեն, սխալը թույլ է տրվել նրա դիրքում՝ այդ «դիրքն» է եղել անպաշտպան, բայց այժմ նրան արդեն թույլ չեն տալիս ուժով հետ բերել այն: Դրանից բացի, Վովա Գասպարյանն ըստ երեւույթին դեռ չունի հարցի պատասխան, որը նրա համար իհարկե ամենակարեւորներից է: Արդյոք «զինված ապստամբություն» գործած քաղաքացիներն ունեցել են աջակցություն համակարգի ներսից, արդյոք տեղի է ունեցել «դավաճանություն»:
Հայաստանի իշխող համակարգն իհարկե ներքին հարաբերությունների բավական բարդ հանգույցներով համակարգ է: Այդ հանգույցներն առավել զգայուն են դառնում իշխանության ձեւավորման փուլերում: Դրան ներկայում գումարվում է կառավարման մոդելի փոփոխությամբ, նաեւ Արցախի հարցում արտաքին ֆոնային ճնշման առկայությամբ պայմանավորված առանձնահատկությունը:
Վլադիմիր Գասպարյանը, որ այդ համակարգում դիտվող ամենաուժեղ օղակներից մեկն էր, մի քանի ժամում հայտնվել է ամենաթույլ օղակի վիճակում, կամ դրանից հինգ րոպե պակաս:
Կասկած չկա, որ անկախ իրադարձությունների ելքից, համակարգի ներսում Գասպարյանի մրցակիցները տեղի ունեցածը փորձելու են առավելագույնս օգտագործել նրա դեմ, եթե արդեն իսկ այդ ուղղությամբ չեն արձանագրել որոշակի հաջողություններ:
Այստեղ է ոստիկանապետի անկեղծության պահը: Իրավիճակը նրա համար բարդ է իսկապես բոլոր առումներով՝ ներիշխանական, քաղաքական, մարդկային, պետական:
Այդ տեսանկյունից նա արդեն իսկ կայացրել է թերեւս առաջին ճիշտ որոշումը՝ զերծ է մնացել «տաք հետքով» հրապարակային գործողություններից, որոնցում կարող էր գերակշռել ավելի շատ զգայականությունը եւ ավելի լարել իշխանությունը:
Երկրորդ ճիշտ որոշումը կլինի զգայականությունը զրոյացնելը, որքան էլ բարդ է, որեւէ կերպ վրեժխնդրության զգացում թույլ չտալը եւ ուժային կտրուկ գործողությունից խուսափելը:
Միայն թվացյալ կարող է լինել այն, որ այդպիսով Գասպարյանը կարող է ամրացնել իր սասանված դիրքը համակարգում: Ընդհանրապես, թվացյալ է, որ Հայաստանի իշխող համակարգում կա ուժեղ դիրք: Հայաստանի իշխող համակարգում ներկայում ուժեղ դիրք չկա: Եվ այդ իմաստով Գասպարյանը ոչինչ չի կորցրել:
Կորցնողը լինելու է նա, ում վրա կմնա պատասխանատվությունը հնարավոր արյունահեղության համար: Այստեղ իհարկե մարդասիրական «մրցակցության» տրամաբանությունը չէ, որ թելադրելու է իշխանության սուբյեկտների գործողությունը: Հայաստանի իշխող համակարգն այլեւս անկարող է «մրցակցել» ստեղծարարության տրամաբանությամբ, հանրությանն ուղղված առաջարկների տրամաբանությամբ: Առավելագույնը, որ իրեն կարող է թույլ տալ այդ համակարգը, «չարյաց փոքրագույնի» ընտրության համար մրցակցելն է: Հետեւաբար իշխանությունը չի գնալու, այլ «մղելու» է կոշտ լուծումների, նրան, ում առաջինը կհաջողացնի:
Հետեւաբար «չեղած տեղից» գոնե համեմատաբար ուժեղ կարող է դուրս գալ նա, ում չեն կարողանա մղել այդպիսի լուծման:
Պատահական չէ, որ առայժմ ծվարել են ոչ միայն ոստիկանապետը, այլ գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք բոլորն են գիտակցել, որ ստեղծված իրավիճակում առանձին-առանձին որեւէ մեկը չունի հաղթանակի շանս, նրանց խնդիրը առավելագույնը չպարտվելն է: Դա հնարավոր է անել գոնե այս անգամ չսպանելով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing