Վովա Գասպարյանի անսպասելի դաշինքը. Վերջի սկիզբը

1

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը Հայաստանի ոստիկանության հիմնադրման 100-ամյակին իր ելույթում շոշափել է մի քանի առանցքային հարց եւ հղել ուշագրավ հաղորդագրություններ, որոնց մի մասը կարող է անակնկալ լինել ՀՀԿ համար:

Մասնավորապես, Գասպարյանը հայտարարել է ազգային ոստիկանության 100-րդ տարեդարձի մասին, նաեւ այն մասին, որ անգամ Խորհրդային ոստիկանություն լինելով, այն եղել է խիստ ազգային եւ դրա վկայությունն է այն, որ 88-ի շարժումից հետո «խորհրդային Հայաստանի միլիցիան» առաջինն է գնացել Հայաստանի սահմանը պաշտպանելու:Ոստիկանապետի այդ հայտարարությունը, որ հնչում է Հայաստանում կառավարման մոդելի փոփոխության եւ իշխող համակարգի տրանսֆորմացիայի կարեւոր ու վճռորոշ փուլում, ոստիկանությունը Հայաստանի ինքնիշխան պետականության պահապանի դիրքում դնելու ազդակ է:

Ինչքանով է այդ ազդակը հռետորաբանությունից դուրս դրսեւորվելու ոստիկանության գործունեության շրջանակում, գուցե քննարկումների եւ տարբեր գնահատականների հարց է, բայց հնչող ազդակներն ինքնին, առավել եւս ներկայիս փուլում, խիստ խորհրդանշական են եւ միեւնույն ժամանակ նաեւ քաղաքական:Բանն այն է, որ ներկայիս փուլում ոստիկանությունը, ինչպես եւ ուժային գործնականում բոլոր կառույցները, բայց ոստիկանությունն իհարկե առաջին հերթին՝ քանի որ այն հասարակական-քաղաքական կարգի «առաջնագծում» է անմիջապես, անշուշտ կարեւոր «վերմակներից» մեկն է, որ փորձում են իրենց վրա քաշել այս անցումային փուլի առանցքային հավակնորդ դերակատարները, ընդհուպ գուցե արտաքին շրջանակներ, որոնք Հայաստանում մասնակցում են խաղին միջնորդավորված սուբյեկտությամբ:Մեծ հաշվով, վճռորոշ փուլին ընդառաջ Գասպարյանը հայտարարում է ոստիկանության «գինը»՝ Հայաստանի ինքնիշխանության եւ պետականության պահպանություն: Հայտարարությունը հնչում է հրապարակավ, ընդ որում ուշագրավ հավելագրումով, մասնավորապես այն մասին, որ ժողովուրդը միշտ էլ ոստիկանության մեջ փնտրում է պաշտպանի:

Դա անշուշտ ժողովրդի, հասարակության մեջ պաշտպանություն փնտրելու տողատակ է, որ շոշափում է Վովա Գասպարյանը՝ ոստիկանության նշաձողը եւ դիրքը արձանագրելուց հետո: Այդպիսով, ոստիկանապետը ոստիկանության ստեղծման 100-ամյակի միջոցառման ելույթում գործնականում պատասխանում է քաղաքական հավակնություն ունեցող ուժերին, թե որն է ոստիկանության աջակցությունն ունենալու գինը՝ հայկական ազգային պետականության ինքնիշխանություն, եւ հանրությանն էլ առաջարկում է համատեղ պաշտպանել ինքնիշխանությունը:Իհարկե, այդ հարցի վերաբերյալ հանրության տարբեր շերտեր ունեն եւ կարտահայտեն խիստ տարբեր, հաճախ իրարամերժ եւ ծայրահեղ գնահատականներ: Սակայն տվյալ պարագայում արձանագրման է արժանի այն կարեւոր ազդակը, որ հղում է Վովա Գասպարյանը ներքին զարգացումների վճռորոշ փուլի մեկնարկի շեմին:Միեւնույն ժամանակ, այդ մեկնարկից առաջ ոստիկանապետն անակնկալ է մատուցում ՀՀԿ-ին, հայտարարելով, որ տեսել են թե երրորդ հանրապետության կայացումը, թե ականատես են լինում չորրորդի ձեւավորմանը:Ոստիկանապետը կիրառում է առանցքային նշանակություն ունեցող Չորրորդ հանրապետություն «տերմինը», ինչն առավել ուշագրավ է ավելի վաղ դրա այլ կիրառման ֆոնին: Ընտրված նախագահ, ապրիլի 9-ին պաշտոնը ստանձնող Արմեն Սարգսյանն էր հայտարարել, թե կլինի ոչ թե երրորդ հանրապետության չորչորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը:

Նրա այդ հայտարարությունը բավական դժկամությամբ էր ընդունել իշխող մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, որը անհապաղ փորձեց պաշտպանել «երրորդ հանրապետության» իր իրավունքը, թերեւս բնազդաբար զգալով, որ չորրորդ հանրապետությունը լինելու է ՀՀԿ երկու տասնամյակի իշխող մեծամասնության կարգավիճակի վերջի սկիզբը: Արմեն Սարգսյանը, գործնականում նաեւ Վովա Գասպարյանը խոշոր հաշվով հայտարարում են այդ մասին: Ընդ որում, տվյալ պարագայում ՀՀԿ-ն դիտարկվում է ավելի շատ ոչ թե կուսակցություն բուն իմաստով, այլ համակարգ՝ իր վտանգավոր արատների ամբողջ պերճանքով ու թշվառությամբ:Փաստացի, կրկնելով Չորրորդ հանրապետության միտքը, Վովա Գասպարյանը իր դաշնակցությունն է առաջարկում Արմեն Սարգսյանին, որն առաջինն էր շոշափել այդ հարցը հրապարակավ եւ փաստացի իշխանության մեջ մենակ էր, մինչեւ Գասպարյանի միանալը: Սարգսյանի նախագահության մասով քննարկումներում պարբերաբար շեշտվում էր նրա իրական իշխանության լծակ չունենալու հանգամանքը, բայց ոստիկանապետի հայտարարությունը փաստացի վկայում է, որ Արմեն Սարգսյանն արդեն ունի «ազգային ոստիկանություն», միջազգային կապերից բացի, հայտնվելով այդպիսով ազգայինի եւ միջազգայինի յուրօրինակ բալանսի ներքո:

Կմնա՞ Վովա Գասպարյանը ապրիլի նոր կառավարության ձեւավորումից հետո իր պաշտոնին, որը լինելու է վարչապետի ենթակայության ներքո, թե՞ կլինեն անսպասելի փոփոխություններ: Բոլոր դեպքերում, Գասպարյանը ոստիկանության 100-ամյակի մեսիջով սահմանում է բավական բարձր նշաձող եւ տալիս ներքին վերադասավորումների նոր ու հետաքրքիր ուրվագիծ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache