Լրահոս

Վովա Գասպարյանի գերիշխանությունն ու «ստրախովկան»

 

hayeli.am – Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը, որը առաջինն էր Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մեկնարկած քառօրյա բողոքի ցույցերի ընթացքում, թերեւս անխուսափելի էր: Չնայած Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաները  առաջին իսկ օրից աչքի էին ընկել ոստիկանության ցիվիլ պահվածքով, որը երբեմն անգործության էր նմանվում: Ապրիլի 13-ից մեկնարկած շուրջօրյա հանրահավքների ու երթերի ժամանակ  ոստիկանների նույնիսկ ֆիզիկական ներկայություն չէր նկատվում, ինչը ըստ ամենայնի բացատրվում էր Հայաստանում ստեղծված անիշխանություն իրավիճակով: Ինչպես հայտնի է ապրիլի 9-ին լրացավ Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը , երբ վերջինս  հայտնվեց շարքային գործազուրկի կարգավիճակում:

Թեպետ իշխանության թիվ մեկ պատասխանատուն համարվում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, սակայն հասկանալի է, որ նա որեւէ շահագրգռվածություն չունի զսպելու Երեւանում տիրող հեղափոխական իրավիճակը: Այս պարագայում ոստիկանական զորքերի ցանկացած միջամտության իրավական պատասխանատվությունն ընկնելու է Վովա Գասպարյանի ուսերին, ով անցած երեք օրերի ընթացքում իր ղեկավարած կառույցի անգործությամբ ցույց տվեց, որ ինքն էլ ինքնակամ չի պատրաստվում մտնել այդ ծանր բեռի տակ:

Անգամ պետական պահպանության ներքո գտնվող կառույցի՝  Հանրային ռադիոյի նվաճումը ցուցարարների կողմից համարժեք դիմադրության չարժանացավ, չնայած ոստիկանական գործողություններն այս պարագայում արդարացված կլինեին: Մյուս կողմից էլ հասկանաի է, որ ոստիկանությունը չէր կարող ձեռքերը ծալած նստել ու չկատարել մի մարդու հրահանգը, որը մի քանի օրից կրկին դառնալու է երկրի փաստացի ղեկավար:

Հետեւաբար անցած երեք օրերի համընդհանուր անգործությունը կամ լոյալությունն ունի մեկ բացատրություն՝ իշխանությունը չէր պատկերացնում, որ իրավիճակը կդառնար այսքան վտանգավոր, որքան ապրիլի 16-ին, երբ Երեւանում ստեղծվեց մի իրավիճակ, որը նախադեպ չունի: Քաղաքացիական անհնազանդության մասին բազմաթիվ անգամներ լսած հանրությունը տեսավ  կոնկրետ դրսեւորում Նիկոլ Փաշինյանի եւ կողմնակիցների կատարմամբ, որը փակում է փողոցներ, կամուրջներ, արգելակում հանրային տրանսպորտի աշխատանքը՝ առժամանակ  կաթվածահար անելով կառավարումը, ինչի պատասխանը եղավ Բաղրամյանում ոստիկանության եւ ցուցարարների բախումը: Իսկ բախումն այլեւս անխուսափելի էր, քանզի անխուսափելի է նաեւ վտանգի մեծացումը:

Սերժ Սարգսյանը քանի դեռ չի կրում իրավական պատասխանատվություն, ուրեմն իրավիճակը լիցքաթափելու քայլեր պետք է ձեռնարկեր, որպեսզի հետագայում  չմեղադրեն նոր Մարտի 1 իրականացնելու հարցում: Փաստացի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը ոստիկանապետի ուսերին  է, որին Սերժ Սարգսյանը հարկ եղած դեպքում կզոհաբերի առանց երկար մտածելու:

Կա նաեւ մեկ այլ բացատրություն, որ իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր մեթոդները կիրառում է այսօրվա շարժումն առավել հզորացնելու եւ ընդդիմադիր հարթակում Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ընդգծելու համար, դա են պահանջում արտաքին քաղաքական զարգացումներ: Ադրբեջանում, Ռուսաստանում եւ հաշված ժամեր հետո նաեւ Հայաստանում իշխանության նոր վերահաստատումից հետո կրկին սեղանին է դրվելու Ղարաբաղի հարցը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է ուժեղ ընդդիմություն՝ հետագա անցանկալի զարգացումների պարագայում խաղարկելու նպատակով: Իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Հայաստանում համատարած հուսալքության ու վախի մթնոլորտում  ընդդիմության նոր պայքար ու ընդվզման անհավանական ալիք բարձրացնել: Անկախ ամեն ինչից, թե շարժումն ինչ ելք կունենա, Փաշինյանը նվաճեց ընդդիմության առաջնորդողի դերը:

Անի Սահակյան



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am