Լրահոս

Վովա Գասպարյանի թատրոնն ավարտվեց. մենք նոր ոստիկանապետ ենք ունենալու

 

87361

armtimes.com — Ինչպես տեղեկացրել ենք՝  այս գիշեր 04:00-ի սահմաններում ոստիկանները ցրել են Խորենացի փողոցում եւ հարակից տարածքներում տեղի ունեցող բողոքի ցույցը՝ բերման ենթարկելով հարյուրից ավելի ցուցարարների:

Բերման ենթարկվածների թվում են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում մանրամասներ է պատմել տեղի ունեցածից:

— Պարոն Հարությունյան, կարո՞ղ եք ասել, թե ինչու ոստիկանությունը որոշեց ցրել ցույցը, ինչպես դա տեղի ունեցավ:

— Ժամը 04:00-ի սահմաններում արդեն այնքան էլ շատ մարդ չկար բողոքի ակցիայի վայրում: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, ինչպես հայտարարել էին, փորձում էին ամեն ինչ անել՝ կանխելու բռնությունները: Մինչ այդ ժամը վարչության անդամները, կուսակցականները այնտեղ էին՝ հենց այդ խնդիրը լուծելու նպատակով: Կային նաեւ Հիմնադիր խորհրդարանի ու այլ շարժումների ակտիվիստներ: Ժամը 04-ի սահմաններում շատ անսպասելիորեն, ոստիկանական պատնեշը բացվեց եւ սկզբում կարմիր բերետավորները, հետո ոստիկանական հագուստով այլ ոստիկաններ մահակներով հարձակվեցին մեզ վրա: Ընդ որում, մենք «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներով կանգնած էինք Խորենացի-Քրիստափոր խաչմերուկում՝ պատնեշի մոտ: Այսինքն՝ առաջինը մեզ վրա եղավ հարձակումը: Որեւէ դիմադրություն չի եղել: Ընդհակառակը, մենք խմբով կանգնած էինք եւ նրանք բավականին դաժան, բիրտ ուժ կիրառելով հարձակվեցին մեզ վրա, խմբի անդամներին խլելով ու տեղափոխելով ոստիկանական մեքենաներ: Ընդ որում, ինչպես հետո տեղեկացանք, բռնությունները որոշ դեպքերում շարունակվել են նաեւ ոստիկանական մեքենաներում եւ բաժանմունքներում: Չնայած այս ամենին՝ այդ զարգացումներում ամենահատկանշանականն այն է (եւ կարծում եմ ապագայում քաղաքական զարգացում էլ կունենա), որ կուսակցության որոշ անդամների թե’ երեկ եւ թե’առաջին օրը կարմիր բերետավորներն ու այլ ոստիկաններ ասել են, որ Վովայի թատրոնն ավարտվեց: Սա նշանակում է, որ Վովա Գասպարյանը էդ իր պսեւդոբարեփոխումներով այլեւս անցյալում է, եւ մենք ապագայում նոր ոստիկանապետ ենք ունենալու, որովհետեւ էդ արտահայտությունը շարքային ոստիկանների կամ կարմիրբերետավորների կողմից պետք է որ ինչ-որ բան նշանակի:

— Ձեզ Խորենացի փողոցից ո՞ւր էին տեղափոխել:

— Ինձ անձամբ բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանական բաժանմունք, այնտեղ բավականին կոպիտ վերաբերմունք էր, հետո էդ վերաբերմունքը համեմատաբար փոխվեց: Տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի հատկանիշներով եւ բերման ենթարկվողները կասկածվում են իրավապահներին դիմադրություն ցուցաբերելու մեջ: Գրեթե բոլորը այս հոդվածով են բերման ենթարկվել: Ես մեր կողմից կարող եմ նշել, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն որեւէ բռնություն չեն գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, որովհետեւ թե՛ երեկ երեկոյան, թե՛ դրանից առաջ ՔՊ անդամները եղել են խաղաղ ցուցարարների շրջանում, եւ իրենց գործողություններով փորձել են ամեն ինչի անել՝ կանխելու սադրանքները:

— Նշում եք, որ անսպասելի եղավ ոստիկանության հարձակումը: Զգուշացում չեղա՞վ:

— Մենք զգուշացման պահին հեռու էինք գտնվում, եւ ես անձամբ չեմ լսել: Բայց գործընկերներիցս երկուսն ասացին, որ եղել է նման զգուշացում:

— ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչեւ բռնությունները շարունակ խաղաղության, հանդարտության կոչեր էր անում: Հարձակման պահին նա այնտեղ չէ՞ր:

— Չէ, Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջ այնտեղ է գտնվել: Նա մեզ հետ կանգնած էր, երբ որ հարձակում եղավ, եւ այդ հարձակումը նաեւ նրա դեմ  էր: Նա նշում էր, որ պատգամավոր է, սակայն նաեւ նրան էին հրում, փորձում հրմշտել: Ինքը մնացել է մինչեւ վերջ: Կեսգիշերից հետո տեղի ունեցած զարգացումներին կփորձենք անդրադառնալ, երբ հասկանանք, թե որն էր պատճառը: Դրա հետ կապված առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից:

— Ուղղակի մինչ այդ Փաշինյանը կոչ էր անում քարեր չնետել: Ուզում եմ հասկանալ՝ այդ պահին ակտիվիստներն որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ էին, որը կարող էր ոստիկաններին թեկուզ ձեւական հիմք տալ ցույցը ցրելու գործողություն անելու:

— Ես այդ պահին սադրանքներ չեմ տեսել:

— Պարոն Հարությունյան, ի՞նչ եք պատրաստվում անել: Իրավական առումով որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք ձեր նկատմամբ բռնությունների, բերման ենթարկելու փաստի առնչությամբ:

— Իրավաբանների հետ կխորհրդակցենք, ըստ դրա որոշումներ կկայացնենք: Իմ մոտ տպավորություն է, որ այդ գործը հարուցվել է երեկ երեկոյան տեղի ունեցած հայտնի սադրանքից հետո ոստիկանների հարձակման փաստով: Այնտեղ քարեր են նետվել ոստիկանների վրա, այլ ծանր իրեր, մետաղներ են նետվել, եւ վիրավորներ կան ոստիկանների մեջ: Եվ, կարծես թե, այդ մասով է հարուցվել քրգործ: Եվ բոլոր նրանք, ովքեր գտնվել են հրապարակում եւ գիշերը բերման են ենթարկվել՝ նրանց նկատմամբ այդ հոդվածով են գործ հարուցվել: Կնայեն, կգտնեն ովքեր են եղել քարեր նետողները, մյուսները ազատ կարձակվեն: Սա ողջամիտ տրամաբանությունն է: Բայց իշխանություններից դժվար է ողջամիտ տրամաբանություն սպասել, այնպես որ սպասենք՝ տեսենք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing