Լրահոս

Վրեժխնդրությո՞ւն է եղել

 

2016 թ. հուլիսի 22-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
«Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:
… Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ:
Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:
… Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում», մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը:
Ներկայում ընթանում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը, որը սակայն դժվար է դատավարություն անվանելը. Մի քանի օր շարունակ այն հետաձգվում է դատարանում պարբերաբար առաջացող սկանդալների ու աղմուկի պատճառով:
Ավելին, դատավարության ընթացքում, վերջին օրերին փաստաբաններն ահազանգում են Սասնա ծռերի հանդեպ կատարվող բռնությունների մասին: Ծռերին դաժան ծեծի են ենթարկել հենց դատարանի նկուղում, ընդ որում՝ ծեծել են տասնյակ ոստիկաններ, արձանագրվել են հասցված վնասվածքները:
Ոստիկանությունն ուշացումով է արձագանքել փաստաբանների ահազանգին, հայտարարելով, թե ամբաստանյալները ցուցաբերել են անհնազանդություն, նրանց հանդեպ կիրառվել է համաչափ ուժ:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի իրադարձությունների ժամանակ զոհվել էին երեք ոստիկաններ:
Այդ իրադարձությունների ժամանակ ինքը ոստիկանապետն անձնական զսպվածություն էր ցուցաբերում եւ գրեթե ստվերում էր, ի տարբերություն հանրային այլ զանգվածային ելույթների: Փոխարենը, ոստիկանության ստորաբաժանումները մասնավորապես Սարի թաղում աննախադեպ բռնություններ կիրառեցին ցուցարարների ու ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ:
Արդյոք դատավարության ժամանակ տեղի ունեցածն «անձնական վրեժխնդրություն» էր:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing