good-banner
Լրահոս

Վտանգավոր իրավիճակ. Պատմությունը կրկնվո՞ւմ է

 

arm146333951776

lragir.am-ը գրում է. Մայիսի սկզբներին hամացանցում մի հոզիչ լուսանկար էր հայտնվել: Ժամկետային զինծառայողը իր հոր և պապի հետ` երկուսն էլ արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ, առաջնագծում` նույն խրամատում կանգնած պաշտպանում են մեր դիրքերը: Ինչ խոսք, իրոք որ չափազանց հուզիչ է: Եվ չափազանց խորհրդանշական: Քանզի ակնառու ապացույցներից մեկն է այն փաստի, որ տվյալ պահին մեր ժողովրդի հիմնական մասը, մեծից փոքր, ոտքի են ելել, որպեսզի պաշտպանեն իրենց հայրենիքն ու պետությունը օտարի ոտնձգություններից: Անցած ապրիլյան օրերը այդ առումով քանիցս ապացուցեցին թե հայ զինվորի անհատական մակարդակով, թե հայկական բանակի զանգվածային գործողությունների մակարդակով, որ այդ վճռականությունը այսօր իրոք կա, և դա անժխտելի է:

Եթե կենտրոնանում ենք այսօրվա իրավիճակի զուտ ռազմական իրադրության վրա, ապա ակնհայտ է, որ հետապրիլյան այս օրերին հասարակության մոտ (իսկ առաջին հերթին և հատկապես` բանակի շարքերում) առկա է, որքան էլ ոմանց համար տարօրինակ թվա` խիստ անբավարարվածություն հրադադարի մասին պայմանավորվածության վերաբերյալ…

… Երևանի տարբեր փողոցներում բուքմեյքերների, շաուրմաների և չգիտես էլ ինչը գովազդող ցուցանակների հարևանությամբ այսօր կարելի է տեսնել նաև հետևյալ գրառումներով պաստառներ. սահմանն իմ սրտում է, լինենք թշնամու մշտական նշանառության տակ գտնվող մեր սահմանամերձ բնակավայրերի կողքին: Ինչպիսի խորիմաստ բացատրություններ և արդարացումներ բերեն ռազմաքաղաքական այրերը 1994 թվի զինադադարի կնքման պայմանների վերաբերյալ, միևնույն է, հնարավոր չէ և ոչ մի կերպ համոզել հաղթանակ տարած ժողովրդին, որ հաղթանակից 20 տարի անց հաղթանակած այդ պետության փողոցներում նման պաստառների հայտնվելը միանգամայն օրինաչափ է և անխուսափելի: Ազատագրական պայքարի այն փուլում զոհասեղանին 7 հազար կյանքեր դրած ժողովուրդը պատրաստ էր շարունակել պայքարը, միայն թե այն հասցվեր ցանկալի հանգրվանի:

Մինչ ապրիլյան մարտական գործողությունները շատ-շատերի կողմից հնչեցվում էր այն միտքը, որ այդքան զոհեր տալուց հետո կարելի էր կողմերի բաժանարար գիծն անցկացնել լրիվ այլ տարածքներով, և Հայաստանի ու Արցախի բնակավայրերի անվտանգության համար համար ավելի մեծ երաշխիքներ ապահովել: Իրոք, քանի զոհեր տվեցինք մենք սահմանագծում1994-ից այս կողմ: Թե հակառակորդն ինչ քանակի զոհեր է տվել, դա իր գործն է և մեզ բացարձակ չի մխիթարում: Եվ վերջապես, ինչ է նշանակում, որ քո թշնամին ակնհայտորեն թույլ է քեզանից ու անընդունակ է քեզ լուրջ դիմադրելու, քո զորքը առաջ է շարժվում, դու դեռ ունես թշնամու ձեռքում գտնվող  տարածքներ (Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն, հատվածներ Մարտակերտից և Մարտունուց) և համաձայնվում ես զինադադար կնքել: Ի դեպ, մինչ օրս հայ հասարակությունը երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն չի ստացել, թե որոնք էին Արծվաշենի և Շահումյանի անկման, իսկ հետագայում էլ` նրանց վերադարձնելու համար որևիցե քայլեր չձեռնարկելու իրական պատճառները:

Մարդիկ հասկանում և պնդում են, որ եթե այսօր իրավիճակն այսպիսին է, ապա դրա միակ պատճառն այն է, որ ժամանակին գործը կիսատ է թողնվել, որ 1994-ի զինադադար կնքողները կամ չեն հասկացել, թե ինչ են կնքում և ինչ պայմաններով, կամ էլ դա արել են մեկ այլ ուժի թելադրանքով, ինչն ավելի վատ է ու վտանգավոր, քան նույնիսկ իրավիճակին չտիրապետելը:

Ինչու 1994-ին կասեցվեց հայկական զորքի առաջխաղացումը մինչև այնպիսի տարածքներ, որտեղ հաստատվելով հայկական կողմը կունենար իրական և երաշխավորված լծակներ Ադրբեջանի վրա մշտապես իրական ճնշում գործադրելու համար, այլ ոչ թե կհայտնվեր մշտապես գնդակոծվողի դրության մեջ:

Այսօր պատմությունը կրկնվում է: Ընդ որում՝ ավելի ցավոտ տարբերակով: Բանակին չի թույլատրվում ոչ միայն շտկել-վերացնել հայկական ռազմաքաղաքական վերնախավի 1994-ի սխալներն ու դրանց հետևանքները, այլ դրանց գումարվում են նորերը` ավելի վտանգավորները:

Ապրիլի առաջին օրերին հայկական բանակն իր զինվորների ու սպաների աներևակայելի խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցրեց թշնամու լայնածավալ հարձակումը, շփման գծի որոշ հատվածներում զիջելով ընդամենը որոշ քանակության դիրքեր: Սակայն շատ արագ վերախմբավորվեց, հետ բերեց կորցրած դիրքերի մի մասը և պատրաստվում էր արդեն շարժվել առաջ, բայց… կրկին կանգնեցվեց: Այս անգամ` հրադադար: Հայկական զորքի առաջխաղացումը կրկին կասեցվեց, իսկ թշնամու ձեռքում մնացին նախկինում մեզ պատկանող մի քանի բարձունքներ:

Այսինքն, փաստն ու իրականությունը հետևյալն է. 2016-ի ապրիլի առաջին օրերին Ադրբեջանը հարձակվեց, գրավեց և կարողացավ իր ձեռքում պահել հայկական կողմից որոշ տարածքներ: Դրանք մի քանի մետր են, թե կիլոմետր` բացարձակապես էական չէ: Ինչու այս անգամ էլ կասեցվեց հայկական բանակի հակահարձակումը: Այն էլ այն պարագայում, որ խախտվել էին ոչ միայն 1994-ի զինադադարի պայմանները, այլև Արցախի պետական սահմանը:

Ինչու և ում կողմից թույլ չտրվեց, որպեսզի հայկական բանակը գոնե վերականգնի Արցախի Հանրապետության խախտված պետական սահմանը, նրա Սահմանադրությամբ հաստատված ու ամրագրված տարածքային ամբողջականությունը: Թե այդ ամենը մեր` հայերիս պարագայում հնչում է անլուրջ և դեկլարատիվ: Դա իրոք կարող էր ընկալվել անլուրջ, եթե ունենար զուտ դեկլարատիվ բնույթ: Բայց հայկական կողմը կռվել է, արյուն է թափել և, ըստ էության, չի պարտվել: Ավելին` անցել էր հակահարձակման: Այդ որ ուժն է, որ նման վճռական պահերին կապում է մեր բանակի ձեռքն ու ոտքը և թույլ չի տալիս նրան իրականացնել անհրաժեշտ գործողություններ:

Այս անգամ կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնության եկավ միայն Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական ղեկավարությունը՝ արդեն առանց արցախյան կողմի ներկայության:

Այսինքն, տվյալ դեպքում էլ իրականությունն այն է, որ հայաստանյան ռազմաքաղաքական վերնախավի համաձայնության շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց ոչ միայն խուսափել ռազմական խոշոր պարտությունից, տարածքային նոր մեծ կորուստներից, այլ նաև իր ձեռքում պահել Արցախի պետության տարածքից գրաված որոշ հատվածներ և պահպանել սեփական բանակն ու ռազմատեխնիկական պոտենցիալը: Չմոռանալով, իհարկե, մշտական կրակի տակ պահել մեր դիրքերը և կանոնավոր շարքից հանել մեր զինվորներին:

Բանակն այն օրգանիզմն է, որի հաջող և արդյունավետ գուծունեության համար որքան որ կարևոր են զենք ու զինամթերքը, կապն ու սպասարկումը և այլ զուտ բանակային պարագաները, նույնքան էլ կարևոր է այդ բանակում և առհասարակ հասարակության մեջ տիրող մթնոլորտը: Բանակն այն մարմինն է, որը դիմադրելուց ու պաշտպանվելուց զատ, պետք է անցնի հարձակման և ի վերջո հաղթի: Եթե հաղթանակի ընդունակ և հաղթելու պատրաստ բանակին չի թույլատրվում իրականացնել իր բնական այդ ֆունկցիան, նա կորցնում է իր այդ որակն ու ընդունակությունները:

Հայկական վերնախավի նշված` խիստ բարիդրացիական քայլի շնորհիվ Ադրբեջանը որոշ ժամանակ անց ուշքի կգա, կվերադասավորի ուժերը և, անկասկած, կիրականացնի նոր ագրեսիա, անկասկած օգտագործելով նաև նույն հայկական վերնախավի կողմից որպես <բարի կամքի դրսևորում> իրեն թողած դիրքերն ու բարձունքները: Նորից մի քիչ առաջ կգա, երբ այլևս չկարողացավ առաջ գալ, հայկական վերնախավը նորից զինադադար կկնքի և թույլ չի տա, որ մեր բանակը առաջ գնա: Հետո` տարբեր խոսնակների և <փորձագետների> միջոցով հասարակությանը կսկսեն համոզել, որ կորցրած տարածքները կազմում են  ընդամենը հաշված մետրեր և իրենցից որևիցե ռազմական նշանակություն չեն ներկայացնում:

1994-ի զինադադարին հաջորդած տարիները և այդ զինադադարի բացերի ուղղակի հետևանք հանդիսացող այսօրվա իրադրությունը ուղղակիորեն և ակնհայտ ձևով ցուցադրում և ապացուցում են միայն մի բան. Ադրբեջանը մեզ կոչնչացնի, եթե մենք ինքներս նրան չոչնչացնենք: Իսկ դրա հնարավորությունն այսօր մենք դեռևս ունենք: Չի կարելի անվերջ ձգձգել պատերազմը, առավելևս, եթե նրա հաղթական ավարտը միանգամայն տեսանելի է և շոշափելի: Նման դեպքերում քո փոխարեն պատերազմն ավարտում է հակառակորդը:

Ադրբեջանը մեզ համար Կարթագենն է: Իսկ Կարթագենը, ինչպես հայտնի է, պետք է կործանվի:

Այնպես որ, հայկական պետության, նրա զինված ուժերի օրվա կարևորագույն և առաջնային խնդիրն է տարածքներում հասնել այնպիսի դիրքերի, որ մի կողմից հայկական բնակչության և պետականության համար ստեղծվեն անվտանգության և խաղաղության իրական երաշխիքներ, իսկ մյուս կողմից՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այս անգամ արդեն Ադրբեջանի խնդրանքով համաշխարհային հանրություն կոչվածը պայմանավորվի հայկական կողմի հետ, որպեսզի նա չխոչընդոտի Ադրբեջան պետության հետագա գոյությանն ու կենսագործունեությանը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am