Վտանգավոր նախադեպ. Բանդանե՞ր են ձեւավորվում ցուցարարների դեմ

0

lragir.am — Այսօր առավոտից ցուցարարներն արգելափակում էին Երեւանի փողոցները: Բոլոր դեպքերում տեղի էին ունենում վեճեր ու նաեւ բախումներ: Վարորդները դժգոհում էին իրենց ճանապարհը փակելու համար: Ակցիայի մտահղացումն այն էր, որ ոստիկանությունը ցրի իր ուժերը քաղաքի տարբեր մասերում, որպեսզի ավելի հեշտ լինի Ազգային ժողովի շենքի մոտ գնալն ու շենքը արգելափակելը:

Սակայն ինչպես նախորդ օրերին, այդպես էլ այսօր ոստիկանությունը գրեթե ներկա չէր: Փոխարենը, ոստիկանությունը մեծ ուժեր էր կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում:

Այս օրերին երթերի ու այլ ակցիաների ժամանակ ոստիկանության բացակայությունը բավական հարցեր է հարուցել, չի բացառվում, որ նպատակներից մեկն էլ քաղաքացիներին իրար հակադրելն է: Ի վերջո, նախկինում, երբ ոստիկաններն ուղեկցում էին ցույցերն ու պիկետները, քաղաքացիների միջեւ բախում չէր լինում:

Սակայն այսօր տեղի ունեցավ մի միջադեպ, որը հնարավոր է նաեւ փորձարկում էր: Հերացի փողոցում «յաշիկ» սեւ Մերսեդեսից իջան բավական ագրեսիվ երիտասարդներ ու ամենավերջին հայհոյանքներով հարձակվեցին փողոցը փակած երիտասարդների վրա, հարվածներ հասցնելով նրանց: Դժվար է ասել՝ դա «ինքնաբուխ» էր, թե կազմակերպված, բայց այսօր տեղեկություններ տարածվեցին, որ նախապատրաստվում են ինչ որ խմբեր, որոնք կամ քրեական շրջանակներից են, կամ օլիգարխների թիկնազորներից:

Չի բացառվում, որ այս խմբերն օգտագործվեն հենց փողոցներ փակելու գործողությունների ժամանակ: Այսօր ընդդիմությունը հայտարարել է, որ վաղվանից, կամ նույնիսկ գիշերվանից պետք է փորձեն փակել Ազգային ժողով բերող փողոցները, վաղը նախատեսված վարչապետի քվեարկությունը տապալելու համար:

Ցուցարարների շրջանում էլ տեղեկություններ են տարածվում, թե այդ խմբերը կարող են գիշերն ինչ որ գործողություններ կատարել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache