good-banner
Լրահոս

Վտանգը դեռ չի անցել

 

arm146581483112

lragir.am-ը գրում է. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան չի ասել, թե կառավարությունն ինչ հաջողություններ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: «Կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ», ասել է նա:
Այս պատասխանը դեռ երկար է հնչելու, մինչեւ այն պահը, երբ լրագրողները դադարեն տալ այդ հարցը: Բանն այն է, որ կառավարության խնդիրը լիովին այլ է, այն է՝ կյանքը վերադարձնել «բնականոն հուն», ինչպես հայտարարում էին իշխող կուսակցության ներկայացուցիչները ապրիլյան ռազմական գործողություններից հետո:
Այդ օրերին Հայաստանում իշխանություն չկար, իսկ այն, ինչ կոչվում էր իշխանություն, շփոթվածության ու տեղ-տեղ խուճապի մեջ էր: Ավելին, կան տեղեկություններ, որ շատերը պարզապես փախել էին Հայաստանից: Նրանց անհանգստությունը տեղին էր՝ նրանք հասկացել էին, որ պատերազմական ալիքը կարող է քշել-տանել ամեն ինչ:
Ընդ որում, ոչ միայն ադրբեջանական բանակի հաջողության, այլեւ հայկական բանակի հակահարձակման պարագայում: Զինադադար կոչվածը նաեւ ուղղված էր իշխանության դիրքերը փրկելուն:
Իշխանությունը ստիպված էր մի քանի հայտարարություններ անել, այս ալիքը մեղմելու ու վտանգը չեզոքացնելու համար: Դրանցից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն էր, քանի որ պատերազմը բացել էր պետական հրեշավոր հանցագործության մասշտաբները:
Իսկ այս ամենի նպատակը «կյանքը բնականոն հուն վերադարձնելն էր», այսինքն՝ իշխանության դիրքերի վերականգնումը: Այդ նպատակով համախմբվեցին երեք նախագահներն իրենց կողմնակիցներով, քաղաքական դասը, ռազմական ղեկավարությունը, բերեցին նույնիսկ Սամվել Բաբայանին: Այդ համախմբման նպատակը պատերազմը կրկին հանրության դեմ շրջելն էր:
Ահա այս հարցում հաջողություններ կան. Կառավարությունը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կոչված են օպտիմալացնել ոչ թե հանրային-պետական կառավարումը, այլ համակարգի ներքին հարաբերությունները, ազատվել բալաստից ու դնել իշխանության վերարտադրության մեխանիզմի հիմքերը:
Այդ նախաձեռնությունների շնորհիվ համակարգը հույս ունի շտկել բոլոր այն համակարգային «բացթողումները», որոնք ի հայտ եկան քառօրյա պատերազմի արդյունքում: Որպեսզի հետագայում բացառվեն անակնկալները թե ներքին, թե արտաքին ոլորտներում:
Միեւնույն ժամանակ, ինչպես երեւում է իշխող համակարգի պահվածքից, կյանքը նրա համար դեռ լիովին չի մտել «բնականոն հուն»: Դա երեւում է նաեւ Դավիթ Հարությունյանի պատասխանից՝ «կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ»: Այսինքն, դեռ վտանգներ կան:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am