Լրահոս

Վճռորոշ հուլիս. Ինչ գիտե Կոմանդոսը

 

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Lragir.am-ի հետ զրույցում ասում է, որ Արցախի հակամարտության զարգացման հեռանկարի մասով հուլիսը ցույց կտա շատ բան՝ պատերա՞զմ, թե որեւէ այլ հեռանկար: Կոմանդոսն ասում է, թե իր զգացողությամբ պատերազմ չի լինի, բայց իհարկե վտանգը միշտ պահպանվում է:
Ի՞նչ է սպասում Կոմանդոսը հուլիսին, ի՞նչ է տեղի ունենալու, որ հուլիսը պետք է ցույց տա շատ բան՝ հետագա զարգացումների իմաստով: Հուլիսի երկրորդ կեսին կարծես թե նախանշված չէ արցախյան գործընթացի որեւէ «բանակցային» հանգրվան: Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որից թերեւս միակ հստակ տեղեկատվությունն այն էր, որ Մինսկի խմբի համանախագահները նախարարներին առաջարկել են իրենց նախագահներին փոխանցել տարեվերջին հանդիպելու առաջարկը:
Ընդ որում, դա էլ նոր առաջարկ չէ, եւ մի քանի ամիս առաջ համանախագահները այդ առաջարկը անձամբ էին ներկայացրել նախագահներին եւ կարծես թե չէին հայտարարել, թե նրանցից որեւէ մեկը մերժել է այն:
Միեւնույն ժամանակ, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո հայտարարվեց, որ նախարարները պայմանավորվել են սեպտեմբերին հանդիպել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում: Համանախագահները հայտարարել են նաեւ այդ ժամանակ կրկին տարածաշրջան այցելելու մտադրության մասին: Բացառված չէ, որ նրանք գալու են նախագահների պատասխանի հետեւից:
Դա հիմք է տալիս ենթադրելու կամ եզրակացնելու, որ մինչեւ սեպտեմբեր ղարաբաղյան խնդրում լինելու է «դիվանագիտական արձակուրդ»:
Ի՞նչ է դա նշանակում շփման գծում իրավիճակի իմաստով: Արդյոք դա նշանակում է, որ «դիվանագիտական արձակուրդը» այսպես ասած «ռազմական դիվանագիտության» աշխուժացման «պատուհան» կբացի Ադրբեջանի համար: Թե՞ դա նշանակում է, որ համանախագահները Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ամրագրել են որոշակի երաշխիքներ, որոնք տալիս են մինչեւ սեպտեմբեր «արձակուրդ» հայտարարելու հնարավորություն, համոզված լինելով, որ շփման գծում չեն լինի լայնամասշտաբ էսկալացիայի տանող գործողություններ:
Այդ համատեքստում ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե Բաքուն չի ընդունել հայկական կողմի նախապայմանը եւ բանակցությունը վերսկսվել է առանց դրա: Բազմիմաստ հայտարարություն է, որում նշմարվում է, որ Ալիեւը կարծես թե փորձում է ձեւավորել ռազմական ակտիվ գործողությունների չդիմելու «բացատրության» հիմք, եւ այդ հիմքն այն է, որ Բաքուն մերժել է հայկական կողմի նախապայմանն ու «ստիպել», որ Հայաստանն առանց նախապայմանի վերադառնա բանակցության սեղան:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մի քանի ամսի առաջ հայտարարեց, որ միշտ պատրաստ է հանդիպել եւ բանակցել, բայց եթե դա ունի իմաստ, եթե Բաքուն մի ձեռքով հանդիպելով, մյուսով չի շարունակում կրակել սահմանի վրա: Ըստ այդմ, Հայաստանը հանդես է գալիս շփման գծում հրադադարի միջազգային մեխանիզմներ ներդնելու առաջարկով, որը նաեւ ապրիլի պատերազմից հետո մայիսին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման օրակարգային առաջնահերթությունն էր: Բաքուն մերժում է այդ օրակարգը, հայտարարելով, որ եթե մեխանիզմը ներդրվում է առանց հայկական զինուժի հետքաշման, դա ամրապնդում է ստատուս-քվոն:
Բաքուն իրապե՞ս մերժում է նախայմանն ու առանց դրա սկսել է բանակցությունը, թե՞ Ալիեւը փորձում է այդպիսով ներքին սպառման հայտարարություն անել, հիմնավորելու համար, թե ինչու չի դիմում լայնամասշտաբ ռազմական քայլերի:
Նկատելի է, որ Բաքվին այդպիսի քայլից զերծ մնալու բավական հստակ մեսիջներ են հղում գործնականում բոլոր տերությունները՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Եվրամիությունը, Ռուսաստանն ու Իրանը: Չի բացառվում, որ անգամ Թուրքիան: Մյուս կողմից, սակայն, քանի դեռ չկա հրադադարի մեխանիզմի ներդրում, ամենեւին բացառված չէ, որ կարող են լինել Ադրբեջանի հետ «սեպարատ» համաձայնություններ եւ աջակցություն, առավել եւս, երբ Ռուսաստանը բացահայտ շարունակում է ռազմա-տեխնիկական մատակարարումը, որքան էլ ասվի, թե դա նախկին պայմանագրերի կատարումն է:
Ի վերջո, որեւէ տերություն չի հայտնելու Բաքվին պատերազմելու բացահայտ աջակցություն, դա լինելու է կուլիսային գործընթաց: Ներկայում իհարկե չի նշմարվում այդպիսի մոտալուտ գործընթացի նախանշան եւ մթնոլորտ, բայց շարունակվող անորոշ մթնոլորտը, երբ լուծվում են իրավիճակային հարցեր, կարող է փոխվել աննշան առիթից անգամ: Հետեւաբար, անհրաժեշտ է մթնոլորտի ամրացում եւ առավել «երկարաժամկետ» քաղաքական խնդիրների առաջքաշում, որոնք պատերազմի «պահանջարկի» բացակայությունը կդարձնեն հնարավորինս երկարաժամկետ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing