Խաղը փակվել է. Նորը դեռ չի երեւում

0

   lragir.am — Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխական կոմիտեներ են ստեղծում։ Ինչպե՞ս եք գնահատում այս օրերի գործողությունները։

Ես կարծում եմ, որ արդեն այն հատվածը, որի վրա սևեռված էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած պայքարը, այդ պահն արդեն անցած է։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովում ընտրվեց վարչապետ և գոնե այդքանով խաղի այդ մասն ավարտվեց։ Իսկ դա, իհարկե, չի նշանակում, որ ընդհանրապես ամեն ինչ ավարտվեց։ Նախկինում էլ մենք ունեցել ենք հետընտրական պրոցեսներ նույնպես։ Այժմ շատ կարևոր է, թե Նիկոլ Փաշինյանն ինչ որոշումներ կընդունի այդ շարժումը տրանսֆորմացնելու նոր օրակարգի շուրջ։ Նա, իհարկե, հնչեցչել է թավշյա հեղափոխության մասին։ Դա գրեթե ինձ հիշեցնում է 2008-2009 թվականները, երբ ընդդիմության նպատակը Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելն էր։ Ուղղակի նա փորձեց տրանսֆորմացնել շարժումը՝ փորձելով իր համակիրներին պահել իշխանափոխության մեկ այլ տեսակի շրջանակներում։ Իհարկե, մի փոքր դժվար է Նիկոլ Փաշինյանի համար հետընտրական պրոցեսը երկար կառավարել, որովհետև անցյալի բոլոր քաղաքական գործիչների փորձը դա է ցույց տվել՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ստեփան Դեմիրճյան։ Համենայնդեպս, այս կտրվածքով Նիկոլ Փաշինյանն այլ բան չունի անելու, քան վերափոխել շարժումը և հարմարվել այսպես ասած նոր իրողություններին։ Իսկ նոր իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանն արդեն վարչապետ է և ձևավորելու է կառավարություն։ Թե որքանով Նիկոլ Փաշինյանին կհաջողվի պահել տեմպը և մոբիլիզացիայի այն մակարդակը, որ ապահովել էր հանուն առաջին նպատակի՝ թույլ չտալու Սերժ Սարգսյանի վարչապետացումը, սա կարծում եմ, բավական բարդ խնդիր է։

Այդուհանդերձ, նշվում է, որ հեղափոխությունն անխուսափելի է, եթե Սերժ Սարգսյանը չհասկանա, որ երկրին պետք են փոփոխություններ։ Սերժ Սարգսյանն իր իշխանության 10 տարիներն ամփոփելիս միայն ձեռքբերումներ էր փորձում ներկայացնել, և շատ քիչ անդրադարձ եղավ հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին։ Սերժ Սարգսյանi մոտ տեսնո՞ւմ եք փոխվելու ցանկություն։

Սերժ Սարգսյանն այն տարիքում է, որ ասենք փոխվելու կամ արմատապես փոխվելու մասին մտածելն անիմաստ է։ Նա կյանքին նայելու է այնպես, ինչպես նայել է նախկինում։ Այլ բան է, թե նա ամեն ինչից ինչպես է դասեր քաղում։ Օրինակ, եթե մենք այդ պրիզմայով դիտարկենք, Սերժ Սարգսյանն ամեն ինչից դասեր քաղում է։ Նա դասեր քաղել է 2008 և 2013 թվականների ընտրություններից, և այդ դասը գրեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում գրեթե հենց այդպես էլ մեկնաբանելով` նախագահի ուղիղ ընտրության վերացումը արյունահեղություն չունենալու շարժառիթով։ Այսօրվա նրա դասը որն է` մի փոքր կասկածում եմ, թե տեղի ունեցող զարգացումները շատ ազդել են նրա վրա, որովհետև մի նախադասություն կար, որը թերևս ամեն ինչ ասում է, որ ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի միայն իշխող մեծամասնությունը։ Այսինքն՝ ակնհայտ է, որ փոքրամասնության համար, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա հետ փողոցներում ընդվզող հազարավոր քաղաքացիների համար այդտեղ տեղ չկա, որովհետև ըստ այդ արխայիկ մտածողության՝ մեծամասնության իրավունք ունեցող քաղաքական ուժն է խոսում ժողովրդի անունից։ Հետևաբար, չեմ կարծում, որ այդպիսի մեծ դաս կա։

Արդեն քանի տարի է՝ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվում է, դրա քարոզարշավի ընթացքում, սահմանադրական հանրաքվեից հետո, անընդհատ ակնարկվում է, որ նորն է լինելու, նոր բան է գալիս, Արմեն Սարգսյանը խոսում էր նոր 4-րդ հանրապետությունից, բայց կարծեք թե ամեն ինչ շատ հին է։ Իսկապես, ինչպես նշեց Արամ Սարգսյանը, դեժավյուն շատ է, ամեն ինչ տեսել ենք։ Այս փողոցային պայքարն էլ ենք տեսել, այս ձևով իշխանության ռեակցիան էլ ենք տեսել և ավելի կոպիտ։ Ինչն է նոր, դեռ չենք տեսնում, հենց տեսնենք, կասենք, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իսկապես դասեր քաղել են։

Որքանո՞վ այս շարժումը հաջողելու հնարավորություն ունի՝ անկախ նրանից, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունեցել։ Ի վերջո, մենք տեսնում ենք արդեն շատ ավելի բազմամարդ ցույցեր։

Ես չգիտեմ երեկվա Հանրապետության հրապարակի ցույցի մասնակիցների թիվը, համենայնդեպս, քանակային առումով, եթե անգամ դա մի փոքր ավելին է, քան նախորդող օրերին, այդուհանդերձ խաղը փակվել է։ Նկատի ունեցեք, որ այս օրերին տարբեր տեխնոլոգիաներով ազդելու են, եթե չազդեն էլ, մարդկանց մի մասը գտնելու է, որ այս անգամ էլ ոչինչ չի ստացվում, ոչինչ չստացվեց և այլն։ Եվ եթե շատ հուսադրող արդյունքներ չլինեն Նիկոլ Փաշինյանի հայտարարած ընդվզման, թավշյա հեղափոխության գործողություններում, բնականաբար, կարելի է ասել, որ այն կմարի այնպես, ինչպես, ցավոք, մարել են բոլոր նախորդ շարժումները։Սա մի խնդրի համար ստեղծված շարժում էր՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը։ Այդ խնդիրը չլուծվեց, և դրանից հետո կարևոր է, թե ինչ խնդիր կդնի Նիկոլ Փաշինյանը։ Թավշյա հեղափոխություն ասելը դեռևս ամբողջը չի։ Ինչ-որ ակնարկ ինքը տալիս է հեռահար նպատակի մասին, բայց ասենք շատ ավելի կոնկրետ ինչ է դրա տակ հասկացվում, զուտ ուղղակի իշխանության նյարդերի հետ խաղալ ամեն օ՞ր, թե՞ իսկապես իշխանություն վերցնելու նպատակ, դա ժամանակը ցույց կտա, նաև Փաշինյանն ու թիմը պետք է ասեն։ Այս կտրվածքով դեռևս պարզ չի՝ նոր խնդրի շուրջ այսքան մարդ կլինի, թե չի լինի։ Կարող է՝ ավելի շատ մարդ լինի, կամ ավելի քիչ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache