Լրահոս

Խաղը փոխվում է. Նոր պատերազմից առաջ Ադրբեջանը պետք է իմանա հետեւյալը

 

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ասել է, որ ապրիլյան պատերազմում հակահարված ստանալով ու ծանր կորուստներ կրելով՝ Ադրբեջանը դիմել է Մոսկվային, զինադադարի համար:Սա իհարկե նորություն չէ, սակայն հրամանատարի խոսքում կան խորքային շերտեր: Ապրիլի պատերազմի արդեն երկրորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայերը առաջ չշարժվեն:

Այնուհետեւ տեղեկություն եղավ, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը Մոսկվայում պայմանավորվել են կրակը դադարեցնելու մասին:Այդպես էլ հայտնի չդարձավ՝ իսկապես եղել է նման հանդիպում, նույնիսկ Սերժ Սարգսյանը հետագայում հայտարարեց, թե տեղյակ չէ մանրամասն՝ ինչ է եղել Մոսկվայում: Սակայն սա չէ էականը:Խնդիրն այն է, որ պատերազմը հեշտ է սկսել, դժվարն այն «մարսելն է»: Պատերազմ սկսողը պետք է վստահ լինի, որ հետեւանքներն իր համար ծանր չեն լինելու ինչ որ մակարդակից սկսած: Այսինքն, պետք է ունենա երաշխիքներ:

Ապրիլին Ադրբեջանն ուներ այդ երաշխիքները, եւ դա երեւաց թե ռազմական գործողությունների օրերին, թե դրանից հետո: Հայկական կողմի գրոհը կասեցվեց այն պահին, երբ արդեն ռազմի դաշտում փոխվում էր իրավիճակը: Այսինքն, Ադրբեջանն ուներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ փաստացի հայկական կողմի երաշխիքները՝ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ կորցրած տարածքները չի պատրաստվում հետ բերել:Ընդհանրապես, ապրիլյան պատերազմին Ադրբեջանը մոտեցավ «պատերազմի իրավունքով», եւ այդ իրավունքը հասունացրել էր նաեւ հայկական կողմը թե բանակաշինության գործում իր անգործությամբ, թե արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանությունն ու որոշումների կայացման իրավունքը զիջելով:Ապրիլից հետո իրավիճակը փոխվեց:

Հայկական կողմը, չնայած տարածքային կորուստներին, առավելության հասավ ռազմա-քաղաքական դիրքերի առումով, եւ հայկական պահանջներն ու իրավունքներն ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, շփման գծում հետաքննության մեխանիզմի տեղակայման ու Արցախի կարգավիճակի մասով, այսինքն՝ ներկայիս ստատուս քվոյի միջազգային ճանաչումը:Հայաստանն այդ երկու նախապայմանն է դրել բանակցությունը շարունակելու համար: Ադրբեջանը չի ընդունում այս պահանջները եւ փորձում է չեզոքացնել այդ օրակարգը, ակնկալելով Մոսկվայի աջակցությունը: Բաքվի համառ փորձերից հետո, երրորդ անգամ հայկական կողմը զիջեց ու մասնակցեց եռակողմ հանդիպմանը: Եռակողմ ձեւաչափը Բաքվի հույսն է՝ ապրիլից հետո ստեղծված ռազմաքաղաքական ու դիվանագիտական փակուղին ճեղքելու, «պատերազմի» իրավունքը վերականգնելու համար:

Մինչ այդ, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց այդ իրավունքը վերականգնել ինքնուրույն, սակայն ծանր հակահարված ստացավ հայկական զինուժի կողմից, եւ նրա համար հասկանալի դարձավ, որ «հետաքննության մեխանիզմը» հայկական կողմից արդեն տեղադրված է՝ գերժամանակակից հետախուզական համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս խորքային բացահայտման միջոցով կանխել հարձակումները:Ի՞նչ է անելու Ադրբեջանը եւ ինչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը, որն առայժմ հստակ չի արտահայտվել ապրիլից հետո միջազգային օրակարգի վերաբերյալ: Ներկայում Ռուսաստանի քաղաքականությունը կրկին փոխվում է, կրկին ջերմանում են Թուրքիայի հետ հարաբերությունները:

Ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը Ռուսաստանի համար գործիք է, եւ կախված այդ հարաբերությունների բնույթից՝ կամ ուժեղացնում է այդ գործիքը, կամ թուլացնում, հայկական շահերը վաճառելով թուրքերին ու ադրբեջանցիներին: Ապրիլից հետո Ռուսաստանը մի շարք քայլեր կատարեց Հայաստանի ուղղությամբ, մասնավորապես զենքի մատակարարման գծով: Ներկայում նրա քաղաքականության «ֆազը» կարծես թե կրկին փոխվում է, եւ հենց այս իրավիճակում Ադրբեջանը կարող է փորձել վերականգնել ռազմական շանտաժի ու պատերազմի իր «իրավունքը», միջազգային աննպաստ օրակարգից խուսափելու համար:Հայաստանն արդեն ունի ապրիլյան փորձը, եւ պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է իմանա հետեւյալը. որքան էլ նա ունենա արտաքին երաշխիքներ, չի ունենալու հայկական երաշխիքը, որ հայկական զինուժը կանգնելու է իրենց համար անհրաժեշտ պահին: Այդպես եղավ 1994-ին, 2016-ին: Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ օրինակ իր «աքիլեսյան գարշապարը»՝ Թերթեր քաղաքը, որի մատույցներում երկու անգամ կանգնեցվեց հայկական զինուժը, այս անգամ խոցվելու է: Դա Ադրբեջանի՝ որպես պետության, վերջի սկիզբն է լինելու:

Միայն այս՝ «հայկական երաշխիքների» բացակայության դեպքում Ադրբեջանը չի սկսի պատերազմը, որքան էլ ունենա արտաքին որոշակի աջակցություն: Եվ այս դեպքում Ռուսաստանն էլ չի կարող օգնել նրան:Այդ դեպքում արդեն «զինադադարի» համար Բաքուն դիմելու է ոչ թե Մոսկվային, այլ Հայաստանին: Սա լիովին այլ իրավիճակ է, եւ կարող է իսկապես հաստատվել կայուն խաղաղություն: Ինչպես ասվում է հայտնի մարտաֆիլմում՝ պատերազմն ավարտվում է միայն փոխադարձ համաձայնությամբ, այսինքն՝ առանց երրորդ կողմերի:Հայաստանի իշխանությունը կարո՞ղ է իր մեջ կամք գտնել՝ պահելու այս իրավիճակը: Դրա համար կան միջազգային նպաստավոր պայմաններ, Արեւմուտքը եւ Իրանը տվել են իրենց երաշխիքները, եւ արդարանալու տեղ չի մնացել:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara