Խախտվեց գլխավորը. Արփինե Հովհաննիսյանի միակ ճանապարհը

192

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել ԵԽԽՎ ընդունած բանաձեւի կապակցությամբ, որը վերաբերում է չճանաչված երկրներում կամ այսպես ասած «գորշ գոտիներում» մարդու իրավունքի մոնիտորինգի խնդրին: ԵԽԽՎ այդ բանաձեւին դեմ է քվեարկել Ադրբեջանը:

Արփինե Հովհաննիսյանը բանաձեւը ներկայացրել է գրեթե իբրեւ իր դիվանագիտական հաղթանակ, այդ հանգամանքը փորձելով տեղավորել իր վերջին շրջանի քաղաքական դերակատարության մեղմ ասած «գորշ» մթնոլորտի համատեքստում: Բանն այն է, որ Հովհաննիսյանը վերջին օրերին կամ շաբաթներին վերածվել է գրեթե «Միսս հակահեղափոխության»:

Հարցն այն չէ՝ կա՞ հակահեղափոխություն իրականում, թե ոչ: Այդ առումով ունեցել եմ արտահայտվելու մի շարք առիթներ, արձանագրելով, որ գործնականում հակահեղափոխություն չկա եւ չի կարող լինել, մի շարք պատճառներով: Բայց, այդ չլինելու «գրավական» են կամա թե ակամա դառնում նաեւ «հակահեղափոխության» սիմվոլները, որոնց միջոցով «հակահեղափոխությունը» զրկվում է գործնական հնարավորությունից ու դառնում հենց  սիմվոլիկ:

Արփինե Հովհաննիսյանը դարձավ այդ սիմվոլներից մեկը, այդ թվում նաեւ ԵԽԽՎ ուղղությամբ իր աշխուժությամբ, փորձելով ԵԽԽՎ-ում բարձրացնել Հայաստանում մարդու իրավունքի, ժողովրդավարության ոտնահարման հարցը: Իսկ այդ փորձը իր «բռնատիրություն» բնորոշմամբ համեմեցին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ադրբեջանի ցմահ նախագահ Իլհամ Ալիեւը:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ԵԽԽՎ պատվիրակությունը չի ներկայացնում Հայաստանի շահը: Դա շատ պարզ է: Ինչպես կարող է Հայաստանի շահը ներկայացնողը  դատարկ տեղից Հայաստանում մարդու իրավունքի ու ժողովրդավարության ոտնահարման, իսկ այլ կերպ կամ Ալիեւի կերպ ասած՝ «բռնատիրության» հարցը հասցնել ԵԽԽՎ: Դա այն դեպքում, երբ Հայաստանում թավշյա հեղափոխությունը անգամ ՄԱԿ գլխավոր քարտուղարի մակարդակում դիտարկվում է սահուն փոփոխության ֆանտաստիկ մոդել, երբ Հայաստանն այդպիսով աշխարհի ուշադրության կենտրոնում է եւ կուտակել է միջազգային ահռելի վարկ՝ որպես ոչ բռնի ժողովրդական փոփոխության աներեւակայելի օրինակ մատուցած պետություն:

Արփինե Հովհաննիսյանն այժմ փորձում է ԵԽԽՎ բանաձեւը ներկայացնել իբրեւ հակափաստարկ, ազդարարելով, թե ծառայում է Հայաստանի Հանրապետությանը: Ընդ որում, որպես օրինակ էլ ներկայացվում է այն, որ Ադրբեջանը քվեարկել է դեմ՝ միակ դեմը:

Հասկանալի է, որ Հովհաննիսյանը փորձում է այդպիսով ցույց տալ, որ ոչ միայն արել է Ալիեւի խավիարային դիվանագիտությանը նպաստող քայլ, այլ նաեւ Ադրբեջանի դեմ է քայլեր արել:

Բայց դա թերեւս արդարացման բավական թույլ փորձ է: Որովհետեւ բանն ամենեւին այն չէ՝ Հովհաննիսյանը, կամ որեւէ մեկը Ադրբեջանի դեմ է քայլ արել, թե արել է քայլ, որից օգտվում է Ադրբեջանը: Եվ որեւէ քայլին Ադրբեջանի կողմ կամ դեմ լինելը իհարկե փաստարկ չէ, կամ խիստ սահմանափակ փաստարկ է:

Խնդիրը քաղաքական քայլերի հարաբերակցությունն է եւ հնարավոր է հասնել անգամ հարյուր բանաձեւի, որը հնարավոր է ներկայացնել հօգուտ Հայաստանի եւ Արցախի, բայց թույլ տալ գեթ մեկ հնարավորություն Հայաստանին հարվածելու համար, ինչը իր բացասական էֆեկտով լինի մյուս հարյուր դրականից ավելին:

Քաղաքականությունն այդ շատ պարզ իրողությունների հանրագումարը եւ հաշվեկշիռն է, որն Արփինե Հովհաննիսյանը խախտել է անդառնալի: Իհարկե միայն նա չի խախտել, այլ նրա ներկայացրած քաղաքական ուժից կամ համակարգից շատերը;

Հարցն այն է, որ այդ հավասարակշռությունն այլեւս հնարավոր չէ վերականգնել ԵԽԽՎ թղթաբանության վիճակագրությամբ: Կա հավասարակշռությունը վերականգնելու մի տարբերակ՝ հեռանալ քաղաքականությունից: Հավասարակշռությունն այդ կերպ վերականգնելուց հետո կյանքը գուցե էլի մոտեցնի, հնարավոր է հակառակ կողմից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache