Լրահոս

Խնդիրը փոխվել է. 2018-ի անակնկալը

 

«Ցանկանում եմ վստահեցնել Սահմանադրության և իրավունքի գերակայության ապահովման մեր վճռականության մասին», Սահմանադրության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Սահմանադրության կարեւորության մասին հուլիսի 5-ին խոսում են բոլորը, նույնիսկ ալարկոտները: Այլ օրերին Սահմանադրությունը կարեւոր են համարում քաղաքացիական, փորձագիտական հանրության որոշակի շերտեր, իսկ որոշակի օրերին՝ քաղաքական ուժեր, եթե չի ստացվել իշխող համակարգի հետ որեւէ պլանավորված կամ ակնկալվող գործարք:
Իսկ պրակտիկ նշանակություն Հայաստանի Սահմանադրությունն ունի միայն իշխող համակարգի համար՝ ներհամակարգային հարաբերությունները կանոնակարգելու, կարգավորելու եւ դրանց իրականացումը, դրանց պահպանումը երաշխավորելու իմաստով:
Հայաստանում Սահմանադրություն կա եւ գործում է, որքան էլ տարօրինակ կամ անսովոր հնչի: Պարզապես այդ գործունեության շրջանակը հանրային չէ, այլ փակ իշխանական՝ իշխող համակարգի ներսում, որտեղ հարաբերությունների համար Սահմանադրությունը սրբության սրբոց է: Իշխանությունը ներքին հարաբերություններում երբեք չի խախտի այն, դրա իրավունքի, սեփականության անձեռնմխելիության առանցքային սկզբունքները, եթե համակարգի սուբյեկտներից որեւէ մեկը չխախտի խաղի ներքին կանոնները:
Ահա այդ իմաստով ուշագրավ է, թե ում է Կարեն Կարապետյանը ցանկանում վստահեցնել Սահմանադրության եւ իրավունքի գերակայության ապահովման վճռականության մասին: Տեսական, ֆորմալ իմաստով իհարկե հանրությանը, բայց այդ խնդիրները տեսական կամ ֆորմալ իմաստներով չէ, որ լուծվում են, այլ գործնական մեխանիզմներով: Իսկ գործնական մեխանիզմների հանրային դաշտում Կարեն Կարապետյանը չի տիրապետում, հետեւաբար նա չի կարող համոզիչ կամ գործնականում վստահելի լինել հանրության համար, թե կապահովի Սահմանադրության եւ իրավունքի գերակայությունը, վճռական կլինի այդ հարցում:
Կարապետյանը տիրապետում է այդ մեխանիզմներին իշխող համակարգի ներսում, ոչ ամբողջությամբ, սակայն որոշակի մասի, ինչը նրան թույլ է տվել ներգրավվել իշխանության նոր ստատուս-քվոյի համար պայքարում, իր այսպես ասած մերձավոր թիմով: Այդ պայքարում Սահմանադրության եւ իրավունքի գերակայության երաշխիքը իհարկե կարեւոր է համակարգի ներքին սուբյեկտների վստահելիությունն ունենալու համար: Նրանք պետք է հստակ պատկերացնեն, որ Կարեն Կարապետյանը պահելու է կանոնն ու սրբության սրբոցը չի կիրառելու «հանիրավի»՝ անձնական քաղաքական կամ տնտեսական նպատակահարմարության շարժառիթով:
Այլ կերպ ասած, խոսքն այն մասին է, թե Կարեն Կարապետյանը որքանով կկարողանա ներկայանալ Սերժ Սարգսյանից ավելի համոզիչ եւ վստահելի «արբիտր» Հայաստանի իշխող համակարգի համար: Օրինակ, Սերժ Սարգսյանն այդ իմաստով համակարգի համար այդպես էլ չկարողացավ լինել ավելի վստահելի «արբիտր», քան Ռոբերտ Քոչարյանը:
Բայց, փոխարենը Սերժ Սարգսյանն արեց այլ բան՝ Սահմանադրությունը դարձրեց իշխող համակարգի ներքին բնույթին եւ պատկերին առավել համահունչ: Նա Սահմանադրությամբ բաժանեց իշխանության մեջ վաղուց առկա բաժանարար գծերն ու ձեւավորված գոտիները, այդպիսով «ինստիտուցիոնալ» մակարդակ հաղորդելով ներիշխանական երաշխիքներին, այսպես ասած հաղթահարելով համակարգի աղիներում առաջացած «սպազմը», երբ դե ֆակտո բազմաբեւեռ համակարգի պայմաններում առկա էր դե յուրե միաբեւեռ կամ առավելագույնը երկբեւեռ Սահմանադրություն:
Այդ իմաստով, նոր «արբիտրի» վիճակը մի կողմից ավելի դյուրին է՝ հակակաշիռները լինելու են ավելի շատ, հետեւաբար «արբիտրի» պահանջարկն է ավելի մեծանում, մյուս կողմից «արբիտր» դառնալն է ավելի բարդացել, քանի որ ներիշխանական բեւեռները ստացել են դե յուրե իշխանության ավելի շատ հնարավորություն եւ ստիպված չեն «կոնսենսուսի» գալ որեւէ մեկի հարցում եւ կատարել պարզ ընտրություն:
Այդ տեսանկյունից, «արբիտրի» առավել մեծ հնարավորությունը դե յուրե իշխանության դաշտից տեղափոխվում է դե ֆակտո իշխանության՝ ՀՀԿ դաշտ, ՀՀԿ նախագահի դաշտ: Եվ գործնականում 2018-ի խնդիրը, իր առնվազն միջնաժամկետ տողատակում ոչ այնքան այն է, թե ով կլինի վարչապետ, այլ այն, թե 2022-ին ընդառաջ ով կլինի ՀՀԿ նախագահ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing