«Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել». Հունան Պողոսյանը հրաժարական է տվել

2

news.am — ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հրաժարական է տվել:

Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետեւողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի եւ քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր եւ որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք:

Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես` Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել եւ համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը եւ շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ:

Եղել են, անշուշտ, նաեւ վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների եւ մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, եւ կյանքն ու գործը շարունակվի:

Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ:

Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, եւ հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է:

Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, եւ ես համոզված լինեմ, որ կարող  եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին:

Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:

Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով:

Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ:

Աստված մեզ պահապան»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache