Լրահոս

Խորամանկ «ազատականացում»

 

Տաշիրն ու Գազպրոմը կպահպանե՞ն մենաշնորհը
Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ժամանակացույցը: Ներկայում ՀԷՑ-ը էներգիան մոնոպոլ գնում է կայաններից եւ վաճառում սպառողներին: Ազատականացումից հետո էլեկտրամատակարարմամբ կարող են զբաղվել մասնավոր ընկերությունները:
Շուկայի ազատականացումը նախ եւ առաջ անհրաժեշտ է մրցակցության միջոցով ինքնարժեքի ու սակագների նվազումը խթանելու համար: Հայաստանի էներգիայի ազատականացումը կբերի՞ սակագների նվազման, եթե Էլցանցները պահպանում է էլեկտրաէներգիայի գնման մենաշնորհը, հետեւաբար նաեւ սահմանում է գինը:
Այս տարվա փետրվարից Հայաստանի սպառողները 44.98 դրամ են վճարում 1կՎտ/ժ էլէներգիայի դիմաց (46.2 դրամի փոխարեն): Այս սակագինը ձեւավորվում է էլետրաէներգիայի միջին ինքնարժեքի ստացման միջոցով: Հայաստանի ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիան 2016 թվականի դրությամբ արժեցել է 5.7 դրամ, Երեւանի ՋԷԿ-ինը՝ 18.1 դրամ, Սեւան-Հրազդան հիդրոկասկադինը՝ 2.1 դրամ, Որոտանի ՀԷԿ-ինը՝ 8 դրամ, փոքր ՀԷԿ-երինը՝ 21.8 դրամ, Հրազդանի ՋԷԿ-ինը՝ 36.9 դրամ, Հրազդանի ՋԷԿ 5-րդ բլոկինը՝ 40.1 դրամ: Ընդ որում, ԱԷԿ-ն արտադրում է էներգիայի 40%-ը, Որոտանի կասկադը՝ 14%, Սեւան-Հրազդանը՝ 7%, ՋԷԿ-երը՝ 25%, փոքր ՀԷԿ-երը՝ 13%:
Ստացվում է, որ հիմնականում ռուսական գազով աշխատող ՋԷԿ-երի արտադրած էներգիայի բարձր ինքնարժեքի պատճառով դրա միջին ինքնարժեքը մի քանի անգամ աճում է: Ընդ որում, Հայաստանի կառավարութունը շահագրգռված չէ, որ կրճատի գազով էլեկտրաէներգիայի արտադրությունը, քանի որ 2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Հայաստանը պարտավորվել է տարեկան մինչեւ 2.2 միլիարդ խ/մ գազ գնել:
Անցյալ տարի ամերիկյան Կոնտուր գլոբալ ընկերությունը գնեց Որոտանի հիդրոկասկադը, որտեղ ԱԷԿ-ից հետո ամենաէժան էլեկտրաէներգիան է արտադրվում: Ընկերությունը, սակայն, չի կարողանում հասնել շուկայի ազատականացման եւ գնի նվազման, որ մրցակցային դառնա: ՀԷՑ-ը, ի դեպ, Իրանի սահմանին մոտ է եւ կարող է էլեկտրաէներգիա արտահանել, սակայն քանի որ Հայաստանում սակագներն ընդհանուր են եւ սահմանվում են ՀԷՑ հայտով, էլեկտրաէներգիայի արտահանումը շարունակում է մնալ մեկ ընկերության մենաշնորհ:
Բանը միայն ՋԷԿ-ի էներգիայի բարձր ինքնարժեքը չէ, այլ նաեւ այն, որ սակագնում ներառված են ՀԷՑ-ի վարկերն ու այլ պարտավորությունները, մասնավորապես, Իրան-Վրաստան նոր բարձրավոլտ գծերի կառուցումը: Այսինքն, սպառողը վճարում է, որ ՀԷՑ-ը գիծ կառուցի, էներգիա վաճառի եւ գերշահույթ ստանա:
Հայաստանի կառավարությունը դեռ չի պատասխանել ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի՝ էներգետիկ ոլորտում ներդրումներ անելու առաջարկներին: ԱՄՆ նշել է 8 միլիարդ դոլար թիվը, սակայն, որպեսզի այդ ներդրումներն օգուտ բերեն (հայերին՝ սակագնի նվազում, իսկ ներդրողներին՝ շահույթ), պետք է իրական ապամենաշնորհում, այլ ոչ թե էներգետիկ շուկայի «խորամանկ» ազատականացում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Գազպրոմի նախկին թոփ-մենեջերը եւ Սամվել Կարապետյանի՝ «Տաշիր» խմբի եւ ՀԷՑ-ի սեփականատիրոջ պրոտեժեն, հազիվ թե շահագրգռված լինի Հայաստանի էներգետիկ շուկայի իրական ազատականացմամբ եւ ռուսական ընկերություններից ու Տաշիրի մենաշնորհից կախվածության թուլացմամբ:
Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, ով, ի դեպ, Կարեն Կարապետյանի փեսան է, «մեր շուկայի մոդելը մեկ գնորդի մոդել է»:
Փոխնախարարը խոստովանել է, որ Հայաստանն էներգետիկ անկախության խնդիր ունի, քանի որ էներգակիրների 90 %-ը ներմուծվում է: Հայկ Հարությունյանը հայտնել է, որ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 15%-ն է արտադրվում ռուսական կապիտալով, իսկ մնացածը հիմնականում արտադրում են տեղական եւ անգամ արեւմտյան ընկերությունները: Այդուհանդերձ, վառելիքի շուկայում գերիշխում են ռուսական կապիտալով ընկերությունները:
Ազատականացումը կբերի՞ Հայաստանի էներգետիկ կախվածության թուլացման եւ սակագների նվազման, թե՞ կուժեղացնի Տաշիրի եւ Գազպրոմի դիրքերը, Հայաստանն ավելի հեռացնելով էներգետիկ անկախությունից եւ մրցակցայնությունից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing