good-banner
Լրահոս

Խորհրդավոր երեկոյի արդյունքը. Ով է խախտել պայմանավորվածությունը

 

arm148595690692

Հայաստանի ներիշխանական ներկայիս զարգացումների առանցքային հանգրվաններից մեկը 2015 թվականի փետրվարն էր, բայց փետրվարի ոչ թե 12-ը, երբ Սերժ Սարգսյանը ունեցավ հայտնի ելույթը, այլ փետրվարի 16-ը, երբ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակում հանդիպում եւ հաշտության պայմաններն էին քննարկում Սարգսյանն ու Ծառուկյանը:
Այդ հանդիպումը բավական ուշագրավ էր: Նախ նրանով, որ մամուլին այդ հանդիպումից տեղեկություն էր փոխանցել ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, այն դեպքում, երբ ՀՀԿ ներկայացուցիչները պնդում էին, թե տեղյակ չեն այդպիսի հանդիպումից, թե չկա այդպիսի բան:
ՀՅԴ-ն այդ հանդիպման վկաներից էր, ինչպես ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը:
Մյուս մասնակիցները եղել են Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը:
Այդ հանդիպումից հետո ներքաղաքական իրադարձությունները զարգացան ուշագրավ սցենարով եւ տրամաբանությամբ, եւ եթե դիտարկենք դրանց ընթացքը, ապա ստացվում է հետաքրքիր պատկեր՝ մասնակիցներից բոլորն ինչ որ բան ստացան, Հովիկ Աբրահամյանից բացի:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը ստացավ ազատ դաշտ եւ Սահմանադրությունը փոխելու հնարավորություն, Գագիկ Ծառուկյանը ստացավ ոչ միայն բիզնեսի անձեռնամխելիություն եւ անվտանգություն, այլ նաեւ նոր հնարավորություններ՝ նրան իրեն սնանկացնելու համար մեղադրում էր ՀՀԿ հնաբնակ Աշոտ Աղաբաբյանը, Դաշնակցությունը ստացավ իշխանության մաս, իշխանության մաս ստացավ նաեւ Սամվել Կարապետյանը՝ 2016 թվականի կառավարության փոփոխությամբ, ի դեմս վարչապետի պաշտոնում իր մտերիմ եւ գործընկեր Կարեն Կարապետյանի նշանակման:
Ձեռնունայն մնաց միայն Հովիկ Աբրահամյանը, համենայն դեպս առայժմ: Նա հեռացավ կառավարությունից, հետո ՀՀԿ-ից՝ չունենալով այլ տարբերակ, եւ կարծես թե ներկայում էլ կանգնած է քաղաքականության մեջ մնալու տարբերակի խնդրի առաջ:
Ինչու՞ Հովիկ Աբրահամյանը մնաց ձեռնունայն: Այդպե՞ս էին պայմանավորվել 2015 թվականի փետրվարի 16-ին, թե՞ պայմանավորվել էին այլ բան, սակայն պարզվել էր, որ Հովիկ Աբրահամյանը խախտել է պայմանավորվածությունը:
Չի բացառվում իհարկե, որ պայմանավորվածությունը խախտել է Սերժ Սարգսյանը, ինչի պատճառով էլ Գագիկ Ծառուկյանը կայացրեց վերադառնալու որոշում, զգալով անձեռնմխելիության եւ անվտանգության նոր ռիսկ: Ավելին, կարծես թե պայմանավորվածությունը խախտելու ակնարկ է արել նույնիսկ Սամվել Կարապետյանը, որը հայտարարություն արեց կառավարության փոփոխությունից կարճ ժամանակ անց: Նա հայտարարեց, որ իր խոշոր ներդրումների վերաբերյալ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը եւ ունեն արհեստական սպասում առաջացնելու նպատակ: Կարապետյանն ակնարկում էր, որ ներդրումներ չեն լինի, քանի դեռ պայմանավորվածությունները չեն կատարվել ամբողջապես: Այսինքն, Կարապետյանը արձանագրում էր, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը դեռեւս պայմանավորվածությունների լիարժեք կատարում չէ:
Կառավարության ձեւավորման գործընթացում դժգոհություն էր հայտնում նաեւ Դաշնակցությունը, երբ նոր վարչապետը գրոհում էր ՀՅԴ դիրքերը, ինչին ի պատասխան Դաշնակցության արձագանքը հուշում էր, թե այդպես չէին պայմանավորվել:
Այդպիսով, ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանի դղյակում խորհրդավոր երեկոյի պայմանավորվածությունները խախտել է Սերժ Սարգսյանը, իսկ դրան ամենաանպատրաստը գտնվել է Հովիկ Աբրահամյանը, քանի որ հաշտության մյուս մասնակիցները գործնականում ձեռնարկել են որոշակի հակաքայլեր, իսկ Հովիկ Աբրահամյանին մնացել է միայն Սերժ Սարգսյանից նեղանալը:
Ի դեպ, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ գետերի ու վտակների մասին ագրարա-հիդրոլոգիական բանավեճից հետո Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը հանդիպել են եւ եկել այդ ամենը դադարեցնելու մասին պայմանավորվածության:
Համենայն դեպս, նրանց բանավեճն իսկապես դադարել է, եւ հետաքրքիր է, թե ում համար է Սերժ Սարգսյանը խնայում Հովիկ Աբրահամյանի ուժերը:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...