Լրահոս

Խոշոր հողատերերի «պրիմիտիվ գողությունները»

 

59b462ef-bdae-44a8-83ec-6e1b06ddd537

1in.am — Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել է գյուղատնտեսության ոլորտում գյուղացիական տնտեսություններին հատկացվող էժան կամ դոտացիոն պարարտանյութերի և դիզվառելիքի չարաշահումների մասին, երբ դրանից օգտվել են նաև խոշոր հողատերեր, որոշ մարդիկ պարզապես ձեռք են բերել, չեն օգտագործել և վաճառել են:

Նախարարը հայտարարել է, որ այդ չարաշահումները հիմնականում խոշոր հողատերերի շրջանակում են: Նա անորոշ է պատասխանել, օրինակ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարազատներին վերաբերող հարցին, որոնք նույնպես խոշոր հողատերեր են: Իգնատի Առաքելյանն ասել է, որ նախկինում ինքը չի հետևել այդ իրադարձություններին:

Դժվար է ասել՝ անկե՞ղծ է նախարարը, թե՞ ոչ, որովհետև նախկինում այդ իրադարձությունները հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում:

2013 թվականին ֆինանսների նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրությունը պարզել էր, որ, օրինակ, դոտացիոն, էժան դիզվառելիքի մեծ խմբաքանակ ստացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Աբրահամյանները նույնիսկ չհերքեցին դա, այլ հայտարարեցին, թե իրենք խոշոր հողատեր են և դրա համար էլ մեծ խմբաքանակ են ստացել: Մինչդեռ իրականում պարզ էր, որ խնդիրը ոչ թե հողի ծավալի համամասնությունն է, այլ սոցիալական կարիքը: Իսկ Աբրահամյաններին համարել կարիքավոր հողատեր, մեղմ ասած՝ ծիծաղելի կհնչի:

Սակայն այս իրավիճակի համար ոչ ոք որևէ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին՝ այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարճ ժամանակ անց նույնիսկ վարչապետ դարձավ:

Ներկայումս լրագրողները հարցնում են, իհարկե, գյուղնախարարին, թե ինչ կհետևի չարաշահումներին: Բայց այդ հարցն, իհարկե, ոչ թե գյուղնախարարին, այլ իրավապահ կառույցներին պետք է ուղղել, որովհետև նման հայտարարությունների պարագայում նախանձախնդիր պետք է լինեն հենց այդ կառույցները, որոնց գործը ընդամենը այս կամ այն ակտիվիստին այս կամ այն պատրվակով ձերբակալելն ու կալանավորելը չէ, այլ պետական մասշտաբի մսխումներն ու թալանը կամ, այսպես ասած, «պրիմիտիվ գողությունները» բացահայտելը: Թե՞ Հայաստանի իրավապահ համակարգն ի վիճակի է բացահայտել միայն կաշառակերության «պրիմիտիվ» դեպքերը կամ ավելի շուտ՝ բեմադրել կաշառակերության «պրիմիտիվ» դեպքեր, ինչպես օրերս ձերբակալված դատավորի դեպքում: Կամ էլ նույն տրամաբանությամբ՝ միգուցե արժեր բեմադրել նաև պարարտանյութի կամ դիզվառելիքի որևէ դեպք՝ բացահայտելով, թե այդ որ խոշոր հողատերերն են, որ Հայաստանում հարստանում են սոցիալապես անապահով գյուղացիների հաշվին, նրանց համար նախատեսված ռեսուրսների հաշվին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing