Լրահոս

Խոշոր սադրանք սահմանին. Որն է նպատակը

 

Մինսկի խմբի համանախագահները երկրորդ հայտարարությունն են տարածել հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Համանախագահները հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարել են սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:
«Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին», ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը:
Ըստ ամենայնի, համանախագահներին հայտնի է ինչ որ կողմերի համառ փորձը՝ խափանելու բանակցային գործընթացը: Ո՞ւմ են համանախագահները մեղադրում սադրանքի մեջ, ավելի ճիշտ՝ ո՞վ է փորձում խափանել բանակցությունները:
Դատելով հրապարակային հայտարարություններից, գալիք բանակցությունների օրակարգում հետաքննության մեխանիզմների տեղակայման վերաբերյալ Վիեննայի համաձայնության կատարման հարցն է: Այս օրակարգն ընդունում են Հայաստանը եւ համանախագահները:
Ադրբեջանը չի ընդունում եւ փորձում է իր խնդիրները մտցնել օրակարգ: Մասնավորապես, միջադեպից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է Հայաստանից պահանջեն հանել զորքը Ղարաբաղից:
Այս հարցը չկա գալիք բանակցության օրակարգում, Ադրբեջանը ցանկանում է այն դարձնել քննարկման միակ թեմա, որին պատրաստ է մասնակցել: Սակայն սա ըստ ամենայնի չի ընդունվում:
Հնարավոր է հենց դա է ստիպել Բաքվին դիմել սադրանքի՝ բնակավայրում տեղակայված կրակակետից հրետակոծելով հայկական հրամանատարական կետը: Այսինքն, Ադրբեջանը կրակ է բացել այնտեղից, որտեղ քաղաքացիական բնակչություն կա:
Հնարավոր է հենց սա նկատի ունեն համանախագահները, հրադադարի խախտումը սադրանք անվանելով, որն ուղղված է բանակցության տապալմանը: Փաստացի, համանախագահները տողատակում մեղադրում են Ադրբեջանին, որ հանուն բանակցության տապալման Բաքուն սադրել է զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է տապալել բանակցությունները, քանի որ դրանց օրակարգը չի համապատասխանում իր շահերին:
Հնարավոր է՝ առաջին անգամ Ադրբեջանն «իր խաղն» է խաղում, հասկանալով, որ մենակ է մնացել իր խնդիրների հետ: Դա կարելի է նկատել ինչպես ՌԴ ԱԳՆ-ի արձագանքից, որը Բաքվին մեղադրել է հայերի հետ խաղաղ գոյակցությանը պատրաստ չլինելու մեջ, այնպես էլ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունից, որտեղ չի նշվում, թե ով է մեղավոր խաղաղ բնակիչների մահվան մեջ: Նման մեղադրանքներ չկան այլ կառույցների հայտարարություններում:
Ադրբեջանում հուլիսի 4-ին բարձրացված հիստերիան «մարեց» միջազգային կառույցների հայտարարությունների երկրորդ ալիքից հետո, որոնցում սադրանքի մեղադրանքն անուղղակի դրվում է Ադրբեջանի վրա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing