Խոսքը ոչ թե պաշտոնակռվի, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու մասին է. Նիկոլ Փաշինյան

0

azatutyun.am — Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին՝ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8։00-ից կրկին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»։

«Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Հայաստանի փողոցներում։ Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովի հարկից փողոցները և հրապարակները», — հայտարարեց նա այսօր ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Սակայն այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ բանակցություններին մասնակցելը Կարեն Կարապետյանը համարում է «անհեռանկարային»։

«Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային», — ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե «Կարեն Կարապետյանը հայտարարությունում նշում է, որ Դուք պայմաններ եք առաջ քաշում, վարչապետի պատոնակատարը նաև ուղիղ եթերին էր դեմ», և հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծում Կարեն Կարապետյանը չգալով, Փաշինյանը պատասխանեց. — «Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, և եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է նա պատրաստվում ընդհանրապես բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ»։

Նշենք, որ մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստ կգումարվի:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ ԲՀԿ-ն և Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, «միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը»։

Ապրիլի 25-ին ՀՅ Դաշնակցությունը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: Երեկ Դաշնակցության նախարարներն ու մարզպետները հրաժարական տվեցին։

Հարցին, թե Ազգային ժողովում ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՀՅ Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի որոշումները, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. — «Հույս ունեմ, որ մինչև մայիսի 1-ը ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և այսօր-վաղը կհայտարարեն, թե ինչպես են իրենք պատրաստվում քվեարկել»։

Փաշինյանը վստահեցրեց՝ խոսքը ոչ թե վարչապետի ընտրության կամ պաշտոնակռվի մասին է, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache