Խոսնակը բացահայտում է Սերժ Սարգսյանի գաղտնիքը

128

Lragir.am   ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե փորձ է արվում ՀՀԿ-ն հանրությանը ներկայացնել որպես «բոբո», որը խանգարում է արտահերթ ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ն փոքրամասնություն է եւ Նիկոլ Փաշինյանն ունի 53 ձայն, որով կարող է շատ հանգիստ առաջ տանել արտահերթի իր օրակարգը:

Ինքնին հասկանալի է, որ խոսելով ՀՀԿ փոքրամասնություն լինելու մասին, խոսնակը փոքր ինչ հետին պլան է մղում հանգամանքը, որ ՀՀԿ-ն ամենամեծ խմբակցությունն է, իսկ որեւէ առարկայական եւ կոնկրետ մեծամասնություն խորհրդարանը չունի, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի 53 ձանը պայմանական մեծամասնություն է:

Բայց, ՀՀԿ խոսնակը թերեւս փորձում է ընդգծել հենց այդ հանգամանքը, ասելով, թե արտահերթ ընտրությանը խանգարողը միայն ՀՀԿ-ն չէ, կամ ամենեւին էլ ՀՀԿ-ն չէ, այլ հենց այն ուժերը, որոնք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին, բայց ներկայում նրան չեն աջակցում խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում: Հակառակ դեպքում այդ ընտրությունը հնարավոր կլիներ կազմակերպել անմիջապես՝ Փաշինյանը հրաժարական կտար, 53 ձայն ունեցող այդ մեծամասնությունը թույլ չէր տա ՀՀԿ-ին քվեարկել որեւէ այլ վարչապետի օգտին՝ երկու անգամ, եւ դրանից հետո խորհրդարանը կլուծարվեր:

Այլ կերպ ասած, խորքային իմաստով ՀՀԿ-ն բացահայտում է խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի խնդիրը: Այն ուժերի, որոնց Նիկոլ Փաշինյանն էլ բաց տեքստով մեղադրում էր Երեւանի Ավագանու ընտրությանը նախկին իշխանության հետ «խաղեր» տալու համար:

Արտահերթ ընտրության հարցը ներկայում ինդիկատոր է, եւ եթե քաղաքական ուժը հստակ եւ միարժեք չի արտահայտվում դրա կողմ, դա անուղղակի նշանակում է նիկոլ Փաշինյանի մեղադրանքի հաստատում: Մինչդեռ, ներկայում առնվազն երկու ուժ՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն առնվազն հստակ չեն հայտարարում խորհրդարանի արտահերթ ընտրությունը հնարավորինս արագ անցկացնելու օգտին, եւ ավելին՝ հնչում են դրա դեմ հայտարարություններ:

Այդպիսով, գործնական հարթության վրա հստակ է, որ խնդիրը միայն ՀՀԿ-ն չէ, եւ առաջնային խնդիրը նույնիսկ ՀՀԿ-ն չէ, այլ այն 53 ձայնը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության եւ կառավարության ծրագրի օգտին, բայց այժմ կարծես թե չկա: Ու՞ր է այդ 53 ձայնը:

Շարմազանովը դնում է այդ խնդիրը, ինչը բավական պարզ է իր շարժառիթի առումով: Անշուշտ, եթե ՀՀԿ-ն համաձայնի գնալ արտահերթ ընտրության, ապա դա կլինի հարցի լուծում: Մյուս կողմից, ՀՀԿ-ն իհարկե ինքն էլ արտահերթի չի գնա սիրահոժար եւ կփորձի հնարավորինս շատ շագանակ հանել այլոց ձեռքով: Տվյալ պարագայում 53-ի վրա պատասխանատվություն դնելը նաեւ պայմանավորված է այդ նկատառումով:

Մյուս կողմից, ՀՀԿ-ն թերեւս իր փորձառության բերումով լավ է հասկանում իրավիճակի անշրջելիությունը, իսկ չհասկանալու դեպքում էլ Սերժ Սարգսյանը թերեւս քայլ առ քայլ կբացատրի: Տվյալ պարագայում Հանրապետականի համար կա լուծելի այլ խնդիր: ՀՀԿ-ն պարտվել է Նիկոլ Փաշինյանին ու հասարակությանը, բայց չի ուզում պարտվել մնացյալ քաղաքական ուժերին: Իսկ դրա համար նրա խնդիրն է ցույց տալ, որ գործնականում ինքն ավելի վատը չէ մյուս ուժերից եւ էությամբ, մտածողությամբ ու բնույթով նրանք բոլորն էլ ՀՀԿ են, պարզապես կարողացել են ժամանակին թռչել գնացքից, մի շարք հանգամանքների բերումով:

Եվ առայժմ ՀՀԿ-ին հաջողվում է դա, այսինքն մի կողմից լուծել կարճաժամկետ խնդիր՝ շագանակ հանել կրակից մյուս ուժերի պատասխանատվությամբ, մյուս կողմից երկարաժամկետ խնդիր՝ ցույց տալ, որ բոլորն էլ ՀՀԿ են ըստ էության: Ավելին, 2017 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը գծագրել է խորհրդարան, որտեղ ֆորմալ մեծամասնություն ՀՀԿ-ից բացի, կար ոչ ֆորմալ, այսպես ասած առաձգական մի մեծամասնություն, որը լինելու էր նրա երաշխիքը Կարապետյանների դեմ, կամ խորքային առումով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների դեմ: 53-ի ներկայիս խնդիրը մատնացույց անելով, ՀՀԿ խոսնակը կամա թե ակամա բացում է Սերժ Սարգսյանի 2017-ի ապրիլյան գաղտնիքը:

Հավանաբար, երբ կհաջողվի հիմնավորապես ցույց տալ, որ մյուս բոլորն էլ ըստ էության ՀՀԿ են՝ իսկ դրա հավանականությունն իսկապես բարձր է, որովհետեւ մտածողության ու պատկերացումների առումով մյուս բոլորն էլ իսկապես ըստ էության ՀՀԿ են, Հանրապետականը թերեւս կգնա արտահերթ ընտրության օրակարգին ընդառաջ, այդպիսով վերջնականապես կորցնելով իշխանությունը, բայց մյուս կողմից թեկուզ փոքր հաղթանակ տանելով մյուս ուժերի նկատմամբ եւ դարձնելով դա իր ռեաբիլիտացիայի առաջին քարը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache