Լրահոս

Խոսրովը հրդեհողը բացահայտված է. Հայ-ամերիկյան հատուկ օպերացիա

 

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խորհրդարանում արած հայտարարությունը՝ Խոսրովի արգելոցի հրդեհի եւ այդ կապակցությամբ ամերիկյան տիեզերական լուսանկարների մասին, մնաց Հայաստանի հանրության ուշադրությունից դուրս, թերեւս նաեւ այն պատճառով, որ խորհրդարանում տեղի ունեցավ ավելի կարեւոր մի բան՝ Արտաշես Գեղամյանի ու Նիկոլ Փաշինյանի բախումը:Մինասյանի հայտարարությունը խլացավ այդ աղմուկի մեջ, մինչդեռ հայտարարությունն ունի մի քանի առանցքային ասպեկտ, ընդ որում Խոսրովի արգելոցի հրդեհի շրջանակում եւ նաեւ դրանից շատ ավելի դուրս:

Բնապահպանության նախարարն ըստ էության հայտարարել է հրդեհի բացահայտման մասին: Իհարկե, նա ուղիղ իմաստով չի ասել այդպիսի բան, այլ ընդամենն ասել է, որ ԱՄՆ տրամադրած տիեզերական լուսանկարներում երեւում է, որ Խոսրովի արգելոցի հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից, որոնք գտնվել են միմյանցից բավական մեծ հեռավորության վրա, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող լինել բնածին:Ավելին, նույնիսկ մարդածին առումով դժվար է պատկերացնել այդպիսի պատահականություն կամ թյուրիմացություն, երբ որեւէ մեկը մոռացած է լինում հանգցնել որեւէ օջախ: Եթե արձանագրվում է հրդեհի միմյանցից բավական հեռու երեք օջախ միաժամանակ, ապա դա նշանակում է պարզապես դիտավորություն:

Այդպիսով, բնապահպանության նախարարի հայտարարության տողատակում ակնհայտ է ազդակը, որ Խոսրովի արգելոցի հրդեհը դիտավորություն է, ընդ որում հեռու նպատակներ հետապնդող:Այդ նպատակների «հեռավորության» մասին վկայում է եւ այն, որ ԱՄՆ տրամադրել է տիեզերական լուսանկարներ, որոնք գործնականում «բացահայտում» են Խոսրովի հրդեհը: Բանն այն է, որ եթե կան միաժամանակ երեք օջախների լուսանկարներ, ապա կասկած չկա, որ տեխնոլոգիական ներկայիս հնարավորությունների պայմաններում կարող են լինել նաեւ տիեզերական տվյալներ այդ օջախների առաջացման վերաբերյալ: Խնդիրն ընդամենը անհրաժեշտության դեպքում այդ տվյալները հանելն ու հայկական կողմին տրամադրելն է: Եվ այն, որ արդեն իսկ «նախնական» պատկերը տրամադրված է, հուշում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաեւ «ամբողջական» պատկերը:

Այդպիսով, համատեքստում ակնհայտ է, որ Արծվիկ Մինասյանը հայտարարում է Խոսրովի հրդեհի բացահայտման մասին: Կամ, ավելի շուտ, ԱՄՆ-ն է Հայաստանին հայտնել, որ դրա բացահայտումը Նահանգների համար «ուչաստկովիի մակարդակի» գործ է:Այլ հարց է, որ այդպիսի գործերը կարող են եւ իրավականորեն չբացահայտվել, համենայն դեպս ամբողջությամբ, կազմակերպիչների մասով: Ինչպես Գալուստ Սահակյանն էր մի առիթով միտք արտահայտել բոլորովին այլ գործի՝ հոկտեմբերի 27-ի համար, դրա լիարժեք բացահայտումը տեղի կունենա, երբ Հայաստանը դառնա լիարժեք անկախ պետություն:

Խոսրովի արգելոցի հրդեհն ու հոկտեմբերի 27-ն իհարկե անհամեմատելի ոճրագործություններ են: Սակայն պետությանը հասցված աղետի կամ սպառնալիքի մասով դրանք կարող են լինել համարժեք հարթության վրա, քանի որ Խոսրովի արգելոցի հրդեհը իսկապես ծանրագույն մարտահրավեր էր Հայաստանին եւ դեռեւս դժվար է ասել, թե ինչպիսին են դրա ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական հետեւանքները:

Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ Հայաստանի համար հենց քաղաքական հետեւանքների ծանրությունը չեզոքացնելու կամ ընդհանրապես այդ հետեւանքը կանխելու նպատակով է նաեւ Հայաստանին տրամադրվել տիեզերական լուսանկարը: Այլ կերպ ասած, Հայաստանին տրվել է քաղաքական հնարավոր հետեւանքների դեմ պաշտպանության «տիեզերական» միջոցը: Ընդ որում, այդ տեսանկյունից խիստ հետաքրքրական է, որ այդ միջոցը տվել է Միացյալ Նահանգները, եւ ոչ թե ասենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը ենթադրաբար նույնպես պետք է ունենա տիեզերական տեխնոլոգիաներ, համենայն դեպս, եթե ունի օդա-տիեզերական զորքեր:Հայաստանին կարծես թե առաջին անգամ չէ, որ տրամադրվում են «տիեզերական գործիքներ», պետական նշանակության կարեւոր խնդիրներ լուծելու համար:

Համենայն դեպս, այդ իմաստով ուշագրավ իրավիճակ էր 2014 թվականի նոյեմբերին, երբ ադրբեջանցիները խոցեցին ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը եւ մոտ երկու շաբաթ շարունակ թույլ չէին տալիս հայկական կողմին տեղափոխել զոհերի աճյունները:Ի վերջո, հայկական զինուժը իրականացրեց հատուկ օպերացիա, գրեթե Ադրբեջանի տարածքում, եւ դուրս բերեց զոհերի աճյունները խոցված ուղղաթիռի անկման վայրից: Դա գործնականում քաղաքական լուրջ նշանակություն ունեցող օպերացիա էր, քանի որ բնորոշ էր համաշխարհային զինված ուժերի էլիտային պատկանող բանակներին:

Այդ ժամանակ գրեթե անթաքույց հիացմունք արտահայտեցին Միացյալ Նահանգների դիվանագետները՝ թե Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը, որը հայտարարել էր, որ հիացած էր խնդիրը լուծելու նախարար Սեյրան Օհանյանի հաստատակամությամբ, եւ թե պետքարտուղարության ներկայացուցիչները, որոնք հայտարարել էին, որ ուշադիր հետեւել են հայկական կողմի գործողություններին:Դա գործնականում այլ բան չէր, քան ակնարկ հայկական կողմի գործողություններին օժանդակելու մասին, ինչը հնարավոր էր տիեզերական տեխնոլոգիաների միջոցով հակառակորդի դիրքային հստակ տվյալներ տրամադրելու տեսքով, առանց որի անկասկած բավական դժվար կլիներ հայկական հատուկ ստորաբաժանումների աշխատանքը, հատկապես որ դա տեղի էր ունենալու գործնականում բաց տեղանքում: Այլ կերպ ասած, ինչ որ իմաստով դա հայ-ամերիկյան հատուկ օպերացիա էր՝ ԱՄՆ բարձր տեխնոլոգիաների եւ հայկական զինուժի մարտական պատրաստության համադրությամբ:

Փաստացի, Խոսրովի հրդեհի մասով հայտարարվում է հայ-ամերիկյան երկրորդ հատուկ օպերացիայի մասին, ինչը տվյալ պարագայում Հայաստանի համար գուցե առավել կարեւոր թե բնապահպանության, թե ընդհանրապես պետական անվտանգության տեսանկյունից:

Աղբյուր` lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am