ԽՍՀՄ վերածնման հարցն ու «Լավրովի պլանը». Մոսկվան բացում է խաղաքարտերը

267
Աղբյուր՝

1in.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի վարչակազմը վերջին շրջանում, կարծես, սկսել է բաց խաղաթղթերով խաղալ՝ բացահայտելով հետխորհրդային տարածքում Մոսկվայի երբեմնի ազդեցության վերականգման իր վաղեմի ծրագրերն ու երազանքները: Առերևույթ նպատակը նախկին խորհրդային հանրապետություններին, հնարավորության դեպքում նաև այլ երկրների քաղաքական, տնտեսական, անվտանգության մեկ ընդհանուր գոտու կազմում ինտեգրելն է: Հարցն այն է, թե այդ պրոցեսին ի՞նչ անուն կտան՝ Խորհրդային Միության վերականգնո՞ւմ, թե՞ նոր մոդելի միության, կառույցի ձևավորում: Մյուս կարևոր հարցն այն է, թե որքանո՞վ է իրական Մոսկվայի այս ձգտումը և որքանո՞վ է իրագործելի այդ ծրագիրը: Հենց այս հարցերի շուրջ է օրեր առաջ խոսել Ռուսաստանի նախագահը՝ գոհունակությամբ հայտարարելով, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են ԽՍՀՄ վերածնման վախերը: Այս համատեքստում խիստ ուշագրավ են նաև Պուտինի թիմակցի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախորդ շաբաթվա հայտարարությունները, որոնք, ըստ էության, ուրվագծեցին Մոսկվայի մոտեցումներն ու շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում:

ԽՍՀՄ վերածնման հարցն ու Լավրովի ելույթը

Ապրիլի 19-ին «Ռոսիա-1» հեռուստալիքով հեռարձակվող «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի հերթական թողարկմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավորապես ասել է հետևյալը. «Հաղթահարելով անցյալի ինչ-որ ֆոբիաներ, հաղթահարելով վախերը՝ կապված Խորհրդային Միության և խորհրդային կայսրության վերածնման հետ, այնուամենայնիվ, ըմբռնումը, որ ջանքերի միավորումը օգտակար է բոլորին, անխուսափելիորեն ճանապարհ է հարթում իր համար»:

Կրեմլի ղեկավարը այս համատեքստում խոսել է հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ասելով, թե դրանում ոչ մի զարմանալի բան չկա, բացի նրանից, որ մասնակից երկրներն այնքան առաջ չեն գնացել նշված ուղիով, որքան կարող էին:

Թե ի՞նչ է ակնարկում Ռուսաստանի նախագահը, ո՞րն է նրա ուղերձը, ինչպե՞ս պիտի մեկնաբանենք իր այդ խոսքերը, արդյո՞ք դա նշանակում է, որ Մոսկվան իսկապես նպատակային շարժվում է խորհրդային կայսրության վերածնման կամ մի նոր՝ ավելի ժամանակակից միավորման ստեղծման ուղղությամբ` ԱՊՀ-ի (Անկախ պետությունների համագործակցություն), ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) հիման վրա, թե՞ սրանով փորձում է պարզապես հաճոյանալ ներքին լսարանին՝ սովետական կարոտախտով ապրող ու կերակրվող ռուսաստանցիներին, սրանք քննարկման մեկ այլ թեմայի վերաբերող հարցեր են:

Ամեն դեպքում, Պուտինի հարցազրույցի հեռարձակումից 2 օր անց՝ ապրիլի 21-ին, պաշտոնական Մոսկվայից հնչեց մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որը ամբողջությամբ, կարելի է ասել՝ իդեալական ձևով տեղավորվում է նշված համատեքստում: Խոսքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախորդ շաբաթվա հայտարարության մասին է, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կողմից կազմակերպված օնլայն քննարկման ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին, խոսել էր բանակցային գործընթացի մասին՝ մատնանշելով երկար տարիների բանակցությունների ընթացքում մշակված մի շարք փաստաթղթեր, որոնք, իր մեկնաբանությամբ, առաջարկում են առաջընթաց հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ փուլային մոտեցման հիման վրա: Ու որպես առաջին քայլերից մեկը, կրկին ըստ Լավրովի մեկնաբանության, նախատեսվում է նախկին ԼՂԻՄ-ին հարակից հայտնի շրջանների «ազատում» կամ «վերադարձ» Ադրբեջանին: Այդ փաստաթղթերի թվում Լավրովը հիշատակել է ինչ-որ նախագծեր, որոնք, իր խոսքերով, «տարածվել են» նախորդ տարվա՝ 2019 թ. ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը և որոնք «այժմ ակտիվորեն քննարկվում են»:

Հիշեցնենք՝ Մոսկվայի հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ հանդիպումը նախաձեռնել էր ռուսական կողմը՝ Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած Ալիև-Փաշինյան պաշտոնական հանդիպումից անմիջապես հետո: Մոսկվայի հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Մոսկվայում քննարկվել են 2016 թվականի ռուսական առաջարկները:

«Հայկական կողմերի համար ընդունելի չէ». Երևանը հերքում է

Լավրովի վերջին հայտարարությանը նույն օրը լրագրողների խնդրանքով անդրադարձավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հստակեցնելով, որ «նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»: Նախարարն ասել է, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ, և ընդգծել, որ «2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»:

Ավելի ուշ ռուսական «Կոմերսանտ» թերթի խնդրանքով հավելյալ մեկնաբանությամբ հանդես է եկել նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ 2018 թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

«Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018 թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018 թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա», – ասել է խոսնակը:

Հետո, ադրբեջանական «Թրենդ» գործակալության հարցմանն ի պատասխան, մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ-ը՝ նշելով, թե արտգործնախարար Լավրովը պարզապես թվարկել է հիմնախնրի կարգավորման այն փաստաթղթերն ու առաջարկները, որոնք քննարկվել և քննարկվում են:

«Լավրովի պլանն» ու Ադրբեջանի «եվրասիականացման գինը»

Ելնելով վերոնշյալից՝ առանձնացնենք երկու կարևոր դրույթներ, որոնք կօգնեն ճիշտ կառուցել մեր վերլուծությունը: Առաջինը, գրեթե բոլոր փորձագետներն էլ՝ հայ, ռուսաստանցի կամ այլ երկրների ներկայացուցիչներ, ասում են, որ նախագիծը, որի մասին խոսել է Լավրովը, այսպես կոչված՝ «Լավրովի ծրագիրն» է: Եվ դրա մասին գրել էինք մեր նախորդ վերլուծության մեջ:

Երկրորդը, «Լավրովի պլանն» էլ, մեր վերլուծաբաններից շատերի համոզմամբ, իր հերթին եվրասիական ինտեգրման ընդլայնմանը ուղղված մի ծրագիր է, որը շահավետ գործարք է առաջարկում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասի դիմաց անդամակցելու ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին: Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը այս կապակցությամբ ասում է, թե ռուսները երազում են, որ Ադրբեջանը լինի ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում, և Ղարաբաղն է այն գինը, որի դիմաց Ադրբեջանը կգնա եվրասիական կառույցներ:

Իսկ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը իր հերթին նշում է, որ լավրովյան ծրագրի առանցքում ընկած է Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարական առաջնահերթ խնդիրներից մեկը՝ Դաշնության սահմանների շուրջ բուֆերային գոտիներ ստեղծելը, տվյալ դեպքում՝ երկրի հարավային սահմանը բուֆերային գոտիով ամրապնդելը։ Այս տեսանկյունից՝ Ադրբեջանական Հանրապետությանը Մոսկվայի առաջնորդած ինտեգրացիոն կառույցների՝ ՀԱՊԿ-ի  ու ԵԱՏՄ-ի կազմում ընդգրկելը լիովին համապատասխանում է Ռուսաստանի այդ շահերին։

Պետք չէ մեծ կարևորություն տալ Լավրովի հայտարարությանը

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով թեմայի շուրջ խոսեց Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, նախկին բարձրաստիճան դիվանագետ Ջոն Հերբսթը (John E. Herbst)՝ ասելով, թե առաջին անգամը չէ, երբ Մոսկվան խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակի մասին, ուստի զարմանալի բան չկա նրանում, որ Լավրովը հիմա բարձրացնում է այդ հարցը:

«Պետք չէ մեծ կարևորություն տալ նման հայտարարություններին, քանի որ չկան նշաններ, որ Մոսկվան փորձում է կյանքի կոչել այդ մոտեցումը: Կարծում եմ՝ Լավրովը պարզապես մատնանշել է այդ տարբերակը իր խոսքի համատեքստում: Եվ, անշուշտ, նա հասկանում էր, որ Երևանը չի ողջունի այն», – մեկնաբանեց Հերբսթը:

«Ստատուս-քվոյի փոփոխությունը ռազմավարական առաջնահերթություն չէ Մոսկվայի համար». Stratfor

Իսկ ամերիկյան Սթրաթֆոր (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին, ով շատ լավ գիտի ղարաբաղյան կոնֆլիկտի պատմությունը, կարծում է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը կողմ է ներկայիս ստատուս-քվոյի պահպանմանը և ռազմավարական տեսանկյունից առաջնահերթություն չի տալիս որևէ լուրջ տեղաշարժի կարգավորման գործընթացում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Չաուսովսկին նշեց.  «Իր մեկնաբանություններով Լավրովը մատնացույց է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող նախկին փաստաթղթերը վկայակոչելու Ռուսաստանի հետևողական դիրքորոշմանը: Ըստ էության, Ռուսաստանը կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը և ռազմավարական տեսանկյունից առաջնահերթություն չի տալիս որևէ փոփոխության կամ տեղաշարժի՝ հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ներկայիս անկայուն ժամանակահատվածում»:

Հարցին, թե ինքն ո՞ւմ է ավելի շատ հավատում՝ Լավրովի՞ն, թե՞ Մնացականյանին, և արդյո՞ք Ռուսաստանի ԱԳ նախարարի նշած փաստաթուղթն այսօր դրված է սեղանին, Սթրաթֆորի փորձագետը պատասխանեց՝ բանակցային գործընթացի յուրաքանչյուր կողմի ռազմավարական հրամայականները շատ ավելի կարևոր են, քան որևէ մասնավոր փաստաթուղթ:

«Տվյալ պարագայում Ռուսաստանի համար ո՛չ քաղաքական, ո՛չ էլ անվտանգության տեսանկյունից հրամայական չէ հակամարտության կարգավորման գործընթացում խոշոր փոփոխությունների նպաստելը», – ասաց Չաուսովսկին:

Ռուս-ադրբեջանական երազախաբություն

Այսպիսով, ինչպես տեսանք ոչ միայն փորձագետների գնահատականներից, մեկնաբանություններից, այլև առաջին հերթին բանակցային գործընթացի անմիջական մասնակիցների՝ ԱԳ նախարարներ Լավրովի, Մամեդյարովի, Մնացականյանի հայտարարություններից, պայմանական «Լավրովի պլանի» հիմնական շահագրգիռ կողմերը Մոսկվան և Բաքուն են, իսկ Երևանը կտրականապես դեմ է դրան: Եթե նախկինում խոսելով այս նախագծի շուրջ՝ հղումներ էինք անում ոչ պաշտոնական տեղեկությունների վրա հիմնված տարբեր աղբյուրներին և փորձագիտական գնահատականներին, ապա այժմ ծրագրի կնքահայրը՝ փորձառու Սերգեյ Լավրովը, բաց տեքստով խոսեց դրա մասին, ինչին ի պատասխան Երևանը ստիպված եղավ բաց տեքստով արտահայտել իր դիրքորոշումը: Թե ինչո՞ւ հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը հետքայլ արեց Լավրովի խոսքերից՝ այլ հարց է: Գուցե սա կարելի է համարել Հայաստանի արտգործնախարարի կոշտ արձագանքի արդյունքը՝ դրական իմաստով: Ամեն դեպքում վաղուց պարզ էր և վերջին հայտարարություններից հետո էլ ավելի ակնհայտ դարձավ, որ տխրահռչակ «Լավրովի պլանը» ռուս-ադրբեջանական փոխշահավետ գործարքի նախագիծ է՝ հաշվարկված Արցախի անվտանգության և հայկական շահերի վրա: Այս նախագիծը ղարաբաղյան հիմնախնդրի ակունքներում՝ 1920-21 թթ., Մոսկվայի կողմից ռուս-թուրք-ադրբեջանական ձևաչափով Ադրբեջանի օգտին կայացված հայտնի որոշումների տրամաբանական շարունակությունն է: Հայ պատմաբաններն ու քաղաքագետները միաբերան մատնանշում են այս կարևոր զուգահեռը: Միակ տարբերությունը, սակայն, այն է, որ ի տարբերություն այն դժվարին ժամանակների, այսօր հայկական գործոնը ինքնուրույն ու ազդեցիկ գործոն է տարածաշրջանում ու հնարավոր չէ առանց հայկական կողմի, ինչպես նաև միջազգային այլ ազդեցիկ խաղացողների կարծիքը հաշվի առնելու՝ Արցախի հարցում որևէ լուծման հասնելու իրական հույսեր ունենալ: Կարելի է, իհարկե, փորձել ճնշում գործադրել ռազմական, դիվանագիտական, քաղաքական կամ այլ ճանապարհներով, և սա իրականում Արցախին և առհասարակ Հայաստանին սպառնացող հիմնական վտանգներից է:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...