«Խունտա» բառը կպատշաճեր Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը․ Աշոտյանը պատմական գիտելիքի խնդիր ունի

69

Արմեն Աշոտյանը պատմական գիտելիքի խնդիր ունի՝ «խունտա» բառի մեկնաբանման, այդ բառի նշանակության հետ կապված։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը՝ մեկնաբանելով հանրապետական պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը։

Նշենք, որ Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «թավշյա խունտա» էր անվանել։

«Ազատ ժամանակ չունեմ, թե չէ սիրով մանկավարժական ձիրքս ի նպաստ դնելով պարոն Աշոտյանի մոտ այդ բացը կլրացնեի»,- նշել է Վահրամ Թոքմաջյանն ու պարզաբանել «խունտա» բառի իմաստը․ «Խունտան իսպանական ծագման բառ է, որն իր սկզբնական փուլում ուներ ժողովրդական ժողովի կամ խորհրդակցական մարմնի նշանակություն, և կիրառվում էր Իսպանիայում՝ կորտեսների իշխանության հետ։

Սակայն բառը հետո փոխեց իր իմաստը և սկսվեց կիրառվել այլ կերպ։ Նշանակում է՝ մի խումբ մարդիկ, որոնք իշխանության են եկել պետական հեղաշրջման ճանապարհով և զավթել են իշխանությունը, իսկ դրանից հետո երկրում տիրել է տեռոր և քաղաքական հետապնդումներ։

Խունտա բառով հիմա բնորոշում են կլեպտոկրատիկ, ավազակապետական համակարգերին, որտեղ մեծ տեղ ունեն կոռուպցիան, հովանավորչությունը, հետապնդումները քաղաքական հայացքների համար, բռնությունները»։

Ըստ պատմաբանի, «խունտա» բառն այդ իմաստով, ինչ հիմա է օգտագործվում, կպատշաճեր Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։ «Քանի որ Քոչարյանն իշխանության է եկել ներքին հեղաշրջման ճանապարհով, և, դասական իմաստն էլ կա, զինվորական վերնախավի աջակցությամբ։

Պատահական չէ, որ քաղաքական շրջանակներում Քոչարյանին անվանում էին «ղարաբաղյան կլանքի» կնքահայր։ և երկրորդ դեպքում կպատշաճեր Սերժ Սարգսյանի իշխանությանը, որովհետև Սարգսյանը եկել է իշխանության՝ մարտի 1-ի արյան վրա։ Իսկ նույն Քոչարյանը սահմանադրական կարգի տապալման հոդվածով և բանակը Մարտի 1-ի դեպքերին ներքաշելու համար կալանավորված է»,- նշել է Թոքմաջյանը։

Այս առումով, բառի քաղաքագիտական իմաստը դասական կերպով բնորոշում է սարգսյանական և քոչարյանական ռեժիմներին՝ զինվորականությանը ներքաշելով քաղաքական գործընթացների մեջ, կազմակերպել զինված հեղաշրջում և գալ իշխանության, նշել է պատմաբանը և նկատել, թե այս հանգամանքը բացարձակապես որևէ կապ ունենալ չի կարող Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ։ «Բացարձակ։ Փաշինյանը եկել է իշխանության համաժողովրդական շարժման շնորհիվ, անգամ ապստամբություն բառն այստեղ կարելի է չօգտագործել, գոնե անցած երեք ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի դատվել մեկ մարդու ցուցմունքներով, որևէ մեկը չի ենթարկվել քաղաքական հետապնդումների, բռնության կամ ճնշումների, կամ որևէ կոռուպցիոն դեպք, սկանդալ, իրողություն՝ կապված նոր իշխանության հետ, չունենք»,- արձանագրել է Վահրամ Թոքմաջյանը։

Դիտարկմանը, թե նման քարոզչությամբ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են վարկաբեկել նոր իշխանությանը, պատմաբանը պատասխանեց․«Ժամանակին իրենց բնութագրել են այս տերմիններով մարդիկ, որոնք հասկացել են այդ տերմինների բացատրությունը։ Իրենք լսել են երևի, գեղեցիկ բառ է, չեն էլ հասկացել, թե իրենց ինչ են ասել, չեն հասկացել, որ այն քաղաքական վատ դոկտրինի կրողն են, որը իրենց վերագրել են, հիմա փորձում են նույն մեթոդով պայքարել նոր իշխանության դեմ։ Բայց պետք է նոր բան հորինեն պայքարելու համար, քանի որ իրենց սազող բնութագրումները տիպական չեն նոր իշխանությանը։ Իրենց վարքը պայմանավորված է նեղացվածությամբ, իշխանությունը կորցնելով, հիմա փորձելու են ամեն ինչ անելու են նոր իշխանություններին սևացնելու համար, արևի տակ իրենց տեղը գտնելու համար»,- ասել է Թոքմաջյանը։

Նրա խոսքով, մեզ դեռ բազմաթիվ քրեական ու կոռուպցիոն սկանդալներ են սպասվում, ու հին իշխանության ներկայացուցիչները, անկախ նրանից՝ կապ ունեն, թե չունեն այդ սկանդալների հետ, ապահովագրել նախկին ռեժիմներին, որոնց մասնիկն են եղել։ «Այս փուլում նախկին իշխանության ներկայացուցիչների մոտ ջղաձգումներ են։ Մեր հասարակությունը բավական խոհեմ հասարակություն է, ինքն է եղել փողոցում, տենչացել իշխանափոխությունը, քաղաքացին ինքն է գնացել փոփոխության։ ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի, ովքեր են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նրանց սպասարկողները, նրանց քաղաքակա թիմերի անդամները։ ՀՀ քաղաքացու հիշողությունը բավական թարմ է, լավ հիշում է, թե այդ մարդիկ ինչով են զբաղված եղել վերջին քսան տարիներին։ Կլինեն մարդիկ, որոնք ակնկալում էին արագ արդյունքներ, հեղափոխությունից հետո դրախտում ապրելու միտում, և կարող են հիասթափված լինել։ Դա տիպական է բոլոր հեղափոխություններին։ Բայց քաղաքացիների մեծամասնությունը, որը կատարել է հեղափոխությունը, գիտակից և հասուն է՝ սադրանքների չտրվելու համար։ Ուստի թե Աշոտյանի, թե նրա թիմակիցների, թե երրորդ կողմի պաշտպանների ջղակծկումները կմնան իրենց դաշտում։ Իրենք ավելի լուրջ խնդիրներ ունեն՝ մտորելու, քան այսկերպ փորձել պիտակել, անվանարկել գործող իշխանություններին»,- նշել է պատմաբանը։

Վահրամ Թոքմաջյանը հիշեցրեց կարճ ժամանակում կատարված բացահայտումները՝ կարծիք հայտնելով, թե այդ բացահայտումները շարունակվելու են, և նախկին իշխանությունների ներկայացուցիչները պիտի ավելի շատ մտածեն դրանց մասին։ «Նախկին իշխանությունների համար քաղաքական էջը փակված է,որքան էլ ուզում է ՀՀԿ-ն ազատվի իր օդիոզ պատգամավորներից։ Ինտելեկտուալ մասի մեջ քիչ չեն մարդիկ, որոնք հասարակական լայն ընկալումներում ասոցացվում են հակադրության, վատ վերաբերմունքի հետ»,- ամփոփել է Վահրամ Թոքմաջյանը։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache