Լրահոս

Խուսափել երկրորդ խայտառակությունից

 

a6aa901510add078a99fa88f5dfee660

hayeli.am —  Հայաստանն ու Եվրամիությունը հաջորդ տարի կավարտեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները և պատրաստ կլինեն այն ստորագրել․ երեկ Երևանում հայտարարեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
Երևանում ընթանում էր Եվրամիության Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպումը: «Հույս ունեմ, որ մենք կարող ենք ավարտել բանակցությունները շատ շուտով՝ հաջորդ տարի, որից հետո, անշուշտ, մենք պետք է անցենք անհրաժեշտ ընթացակարգով», նշել է Յոհաննես Հանը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Երևանի ու Բրյուսելի միջև անցած տարվա դեկտեմբերին մեկնարկած բանակցությունները զգալի առաջընթաց են գրանցել. «Երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, և հուսով ենք, որոշ իմաստով էլ նաև վստահ ենք, որ ներքին համաձայնեցման այդ գործընթացը արագ կլինի, և ԵՄ-ն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը»:
Ըստ Նալբանդյանի, նոր շրջանակային համաձայնագրում Հայաստանն ու ԵՄ-ն ցանկանում են ընդգրկել այն առավելագույնը, ինչի շուրջ կկարողանան պայմանավորվել․ «Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Հայաստանի արտգործնախարարը և հանձնակատար Էշթոնը փոխանակեցին նամակներ, որտեղ հստակ նշվում էր թե՛ մեր կողմից, թե՛ նաև ԵՄ-ի կողմից, որ, այո, մենք պատրաստ ենք գնալ բոլոր ուղղություններով՝ ինչքան հնարավոր է խորը և հեռու մեր համագործակցության, փոխգործակցության շրջանակները ընդլայնելով՝ նկատի ունենալով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»:
Գրեթե չորս տարի՝ 2009-2013թթ. ընթացքում Հայաստանն ու ԵՄ-ն բանակցեցին շրջանակային համաձայնագրի շուրջ, սակայն բանակցությունների ավարտից հետո՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անակնակալ հայտարարեց, որ Երևանը ստորագրելու է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր հետ կանգնել Բրյուսելի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից և չստորագրել տարիների ընթացքում համաձայնեցված փաստաթուղթը:
Փաստացի նման շրջադարձից հետո պահանջվեց ավելի քան երկու տարի մինչև Հայաստանն ու Եվրամիությունը բանակցություններ սկսեցին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ:
Լրագրողների կոնկրետ հարցին` Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը ե՞րբ է կնքվելու, Էդվարդ Նալբանդյանը երեկ պարզաբանել է, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերին, այս ընթացքում ունեցել ենք բանակցությունների վեց փուլ: «Դրանք բավական հաջող բանակցություններ են եղել: Բանակցային թիմերն առաջընթաց են արձանագրել: Հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբեր ամսին: Կարծում եմ, որ ևս երկու-երեք փուլ, չեմ կարծում, որ ավել մենք կարիք կունենանք, մենք կավարտենք բանակցությունները: Եվ երբ որ մենք ավարտենք բանակցությունները, Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա, հուսով ենք, նաև վստահ, որ ներքին համաձայնեցման գործընթացն արագ կլինի, և Եվրոպական միությունն էլ պատրաստ կլինի ստորագրելու, և մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը: Բայց ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ՝ թե Հայաստանը, թե ԵՄ-ն, ցանկանում են, որ այդ շրջանակային նոր համաձայնագիրը Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավորինս լիակատար արտացոլի հարաբերությունների այն որակը, խորությունը և ծավալը, որ մենք ունենք ԵՄ հետ: Հարցն այն է, որ դա որոշակի գործընթաց է, որը պետք է ավարտին հասցնենք, բայց ինչպես պարոն Հանն ասաց՝ շատ շուտով է դա լինելու»:
Ըստ էության արձանագրվել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն ցանկանում են ընդգրկել նոր շրջանակային համաձայնագրի մեջ այն առավելագույնը, ինչի շուրջ կողմերը կարող են պայմանավորվածության գալ, այսինքն` հարաբերությունների այն «բարձր մակարդակը», որն այսօր արդեն առկա է։
Իհարկե, մեր իշխանությունների կողմից ասվում է, թե տարիներ շարունակ Հայաստանն այդ հարաբերությունները խորացնում, ընդլայնում և զարգացնում է ԵՄ-ի հետ: Սակայն խնդիրն իրականում մեր մեջ է: Նախ` կա շատ կարևոր հարց, որն, իսկապես, կարող է խանգարել նոր համաձայնագրի ստորագրմանը: Դա ռուսական գործոնն է: Արևմուտք-Ռուսաստան, իսկ ավելի կոնկրետ ԵՄ-ՌԴ հարաբերությունների էլ ավելի սրման պարագայում բոլորովին էլ չի բացառվում, որ Հայաստանին կրկին ստիպել չստորագրել այդ համաձայնագիրը, ինչը կլինի, ինչպես ասում են, երկրորդ խայտառակությունը:
Հաջորդ գործոնը` ներհայաստանյան է: Ինչպիսի՞ Հայաստան ենք մենք ցանկանում ունենալ… Տարիներ շարունակ չարչրկված «բարեփոխումներ» բառը գործնականում պետք է կյանքի կոչվեն: Ոչ ոք, մեզ մեր «գեղեցիկ աչքերի» համար Հայաստանի հետ ստորագրվելիք, կամ արդեն ստորագրված համաձայնագրով ֆինանսական աջակցություն չի տրամադրելու: Գործնականում ամեն ինչ պետք է ակնհայտ լինի, թափանցիկ ու վստահություն ներշնչող:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing